25.11.2024
Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությամբ
prev Նախորդ նորություն

Արցախի ճակատագիրը չի կարող վճռվել առանց նրա մասնակցության. Բակո Սահակյան

Արցախի ճակատագիրը չի կարող վճռվել առանց նրա մասնակցության: Այս մասին Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովում այսօր հայտարարեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:


Նրա խոսքով, առաջին անգամ է տեղի ունենում Արցախի բարեկամների համաժողով, որը միավորել է քաղաքական եւ հասարակական գործիչների, իրավապաշտպանների եւ բոլոր նրանց, ովքեր ճանաչել են Արցախը կամ համագործակցում են նրա հետ։


«Մենք երախտապարտ ենք ձեզ եւ բարձր ենք գնահատում ձեր առաքելությունը, հպարտանում ձեզ հետ բարեկամությամբ»,- ասել է Բակո Սահակյանը։


Բակո Սահակյանը շեշտեց՝ ամենակարեւորը Արցախի անվտանգության ապահովումն է բոլոր մակարդակներում։ «Անգամ անվտանգության աննշան թուլացումը հակառակորդին գայթակղում է դիմել նոր ագրեսիայի, ինչն ինքնին հղի է անկանխատեսելի հետեւանքներով։ Ուստի, անվտանգության հարցերն առաջնահերթ են այդ թվում բանակցային գործընթացում։ Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, բանակցային սեղանի շուրջ։ Բայց դա անհնար է՝ առանց լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ Արցախի մասնակցության։ Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող վճռվել առանց նրա մասնակցության, եւ մեզ համար անհնար է վերադարձն անցյալին՝ լինի կարգավիճակի, թե սահմանների հարցը»,- ասաց Արցախի նախագահը։


Նա հիշեցրեց, որ Արցախի արտաքին քաղաքականության հիմքում մնում են հավասարակշռվածության եւ բազմավեկտորության սկզբունքները։


«Մեզ համար կարեւոր են հավասար բարյացակամ հարաբերություններն ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ: Պաշտոնական Ստեփանակերտը կշարունակի հատուկ տեղ հատկացնել առանձին երկրների եւ կազմակերպությունների հետ հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը։ Առաջնահերթ է Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը։ Համոզված եմ, որ մեզ կհաջողվի արդյունավետորեն լուծել առաջադրված խնդիրները»,- հավելեց Բակո Սահակյանը։