25.11.2024
Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը
prev Նախորդ նորություն

Դատավորին հետապնդած Ռոբերտ Քոչարյանի աջակիցը ձերբակալվել է (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։


Հաղորդագրության մեջ նշված է, որ սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել եւ ենթարկվել է ճնշումների։


Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել եւ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։


Կատարվում է հետաքննություն։



Հիշեցնենք, երեկ երեկոյան, ժամը 23։00-ի սահմաններում համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ հետապնդում եւ հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին: Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»: Նրանք Աննա Դանիբեկյանին հետանդեցին մինչեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:


Աննա Դանիբեկյանին արդեն թիկնապահ է տրամադրվել: