25.11.2024
Մամուլ. Քոչարյանից հետո կանցնեն Ծառուկյանին. Վանեցյանն անկեղծացել է, դա հասել է Նիկոլին
prev Նախորդ նորություն

Երևանում կայացավ բողոքի երթ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման

Երևանում կայացավ բողոքի երթ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, որը կազմակերպել էր «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը:


Երթի մասնակիցները անցան Երևանի փողոցներով, բարձրախոսի միջոցով իրազեկելով քաղաքացիներին, թե ինչ վտանգներ է իր մեջ պարունակում այդ փաստաթուղթը Հայաստանի համար: Մասնավորապես, կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը հայտարարեց, որ թեև կոնվենցիայի վավերացումը դեռ քննարկման փուլ չի մտել, բայց այն քաղաքական օրակարգում է և դրա վերաբերյալ իշխանության տարբեր ներկայացուցիչներ դրական վերաբերմունք են արտահայտել, ինչն արդեն իսկ վտանգավոր ու մտահոգիչ է.


«Մեր երթը իրազեկման և զգոնության երթ է. այն ուղղված է թե՛ մեր հասարակությանը, որպիսի այն զգոն լինի, թե՛ կառավարությանը, թե՛միջազգային կազմակերպություններին: Մենք տեսնում ենք, որ կոնվենցիան, առաջին հերթին, հակասում է ՀՀ Սահմանադրությանը և մի շարք երկրներ այն արդեն հակասահմանադրական են ճանաչել»,- հայտարարեց Ղուկասյանը:


Կուսակցության նախագահը նաև նշեց, որ շատ խնդրահարույց կետեր է փաստաթուղթը պարունակում, որի մասին մշտապես հայտարարվել է, այդ թվում և իրենց կուսակցության կողմից, սակայն իշխանությունները միևնույնն է չեն շտապում հրաժարվել դրա վավերացման մտադրությունից և սա ևս շատ մտահոգիչ է, քանի որ հարցեր է առաջացնում՝ գուցե սա պարտադրա՞նք է այդ պատճառով:


ՀԱՍԱԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նույնպես խոսեց այդ խնդրի մասին՝ նշելով, որ  Ստամբուլյան կոնվենցիան ամբողջովին դրսից պարտադրվող փաստաթուղթ է և չպետք է վավերացվի Հայաստանի կողմից, քանի որ  իր մեջ մեծ վտանգներ է պարունակում մեր ինքնության և արժեքների վերանայման/աղավաղման տեսանկյունից: 


«Հանրությանը ներկայացվում է, որ այս փաստաթուղթը կանանց իրավունքների պաշտպանությանն է ուղղված, սակայն իրականում, երբ ընթերցում ես այն, տեսնում ես, որ հստակ նշվում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները: Այսինքն, կանանց իրավունքների քողի ներքո փորձում են հրամցնել նաև այս կատեգորիաները և ներդնել դրանք հայկական հասարակություն»,- ասաց նա:


Կոստանյանը շեշտեց՝ Ստամբուլյան կոնվենցիան ամբողջովին դրսից ներմուծվող փաստաթուղթ է, որը պարտադրվում է մեզ և դրա վավերացման դեպքում Հայաստանը, փաստացի, ընդունում է բոլոր կետերը, քանի որ մենք չենք կարող մի մասը վավերացնել, մի մասը՝ ոչ: Այսինքն այն խոսակցությունները, թե կվավերացնենք, բայց վերապահումներով, ընդամենը հանրությանը այս փուլում հանդարտեցնելու և մոլորեցնելու համար են:


«Մենք պահանջում ենք, որպեսզի հանրային օրակարգից Ստամբուլյան կոնվենցիան ընդհանրապես դուրս բերվի: Եվ առհասարակ՝ դրսից պարտադրվող փաստաթղթերը չպետք է վավերացվեն Հայաստանում, եթե դրանք որևէ աղերս չունեն հայաստանյան իրականության հետ»,- շեշտեց Ծովինար Կոստանյանը:


Նշենք, որ երթի մասնակիցները պահանջագիր ներկայացրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը և Հայաստանում Եվրոպական խորհրդի գրասենյակի ղեկավարին, որպեսզի չճնշեն Հայաստանին և չպարտադրեն մեզ համար անընդունելի կոնվենցիայի վավերացում: Իսկ այն, որ Հայաստանը ճնշումների է ենթարկվում, երթի կազմակերպիչները որևէ կասկած չունեն: