25.11.2024
Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հունաստանի և Չեխիայի վարչապետերի հետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Քոչարյանից հետո կանցնեն Ծառուկյանին. Վանեցյանն անկեղծացել է, դա հասել է Նիկոլին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի պատվին տրված ճաշի ընթացքում 1998-ի ստատուս քվոյին վերադառնալու իր պլանների մասին խոսելիս Փաշինյանն անդրադարձել է նաեւ Գագիկ Ծառուկյանին եւ ասել, որ նրա ստատուս քվոն եւս կվերադարձվի` «մինչեւ Վալերիկ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակահատված»: «Քոչարյանից հետո կանցնեն Ծառուկյանին։ Պատճառն այն է, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, եւ պառլամենտում կարող է վճռորոշ լինեն նրանց ձայները, մանավանդ՝ եթե վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվի»,- ասաց Ծառուկյանի մերձավորներից մեկը։ Դրանով է պետք բացատրել քրեական գործերը նրա շրջապատի նկատմամբ։ Հնարավոր է նրան էլ առաջիկայում մեղադրեն Մարտի 1-ին Արցախից բերված զորքի ծախսերը «հոգալու» մասով։ Հարց․ ասում են՝ Ծառուկյանի դստեր հարսանիքի օրերին մի քանիսի շրջապատում Վանեցյանն անկեղծացել է Փաշինյանի «տարերայնության, հախուռնության» առնչությամբ, ներկաներից մեկը շատ արագ «խաբարը» հասցրել է Նիկոլին, ինչն էլ դարձել է Վանեցյան-Նիկոլ վերջնական ապահարզանի պատճառը, թեեւ նրան եւս վարչապետն առաջարկել է խորհրդականի պաշտոն, ինչպես Օսիպյանին, սակայն վերջինս հրաժարվել է․ ճի՞շտ են այս տեղեկությունները։ «Դուք ասացիք»: 


«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լոսանջելեսյան հանդիպումը համայնքի հետ համարում է տապալված, քանի որ ի սկզբանե պլանավորված էր, որ մասնակցելու է 30-35 հազար մարդ՝ «Գրանդ փարկը» կարող է տեղավորել մինչեւ 30 հազար, բայց կազմակերպիչներին քաղաքապետարանը հնարավորություն էր տվել կողքի փողոցները փակելու հաշվին լրացուցիչ 5-6 հազար մարդու տեղ էլ ապահովել: Դրանից զատ, Լոս Անջելես քաղաքի 14 տարբեր վայրերից ավտոբուսներ էին տրամադրվել` մարդկանց «Գրանդ փարկ» տեղափոխելու համար, զեղչեր էին արվել մոտակա բոլոր կայանատեղիներում մեքենաների կայանման համար։ Սակայն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, մասնակցել է ընդամենը 10 հազար մարդ: Առավել խայտառակ իրավիճակ է եղել կոնգրեսականների մասնակցության հարցում․ հրավիրված են եղել 53 կոնգրեսական եւ սենատոր, սակայն միջոցառմանը մասնակցել է միայն մեկ կոնգրեսական՝ Ադամ Շիֆը, ով համարվում է Թրամփի ամենաոխերիմ թշնամիներից մեկը: Համայնքում շշուկներ կան, որ այցի արդյունքներից դժգոհության պատճառով մոտ ժամանակներս պաշտոնին կարող են հրաժեշտ տալ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշված օրեր են մնացել հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացվելիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացմանը: Սակայն թե՛ նիստի, թե՛ բարձրաստիճան հյուրերի ժամանման հետ կապված՝ խորը խառնաշփոթ է. հայաստանյան իսթեբլիշմենթում անակնկալի են եկել հատկապես Վլադիմիր Պուտինի սպասվելիք այցի մասով։ «Նախկինում երբեք չի եղել, որ Վ. Պուտինը կես վայրկյան իսկ ուշանա Հայաստանում նշանակված միջոցառումից, այս անգամ մենք նախատեսել էինք նիստը սկսել առավոտյան, սակայն գոնե այս պահի դրությամբ նախատեսված է, որ Պուտինը կժամանի կեսօրին, եւ նիստը, ըստ ամենայնի, կսկսենք կեսօրին»,- ասաց ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը: Մեր տեղեկություններով` հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի Վ. Պուտինը Հայաստան գա մեկ օր շուտ` գիշերակացով, սակայն համաձայնության չեն եկել անգամ առավոտյան անցկացվելիք նիստի մասով. նա կմասնակցի ԵԱՏՄ պլենար նիստին ու կվերադառնա: Նախատեսվա՞ծ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ «Այս պահին դեռ պարզ չէ։ Խնդիրը հետեւյալն է` ամսի 1-ին մի կողմից պետք է բոլոր հյուրերը մասնակցեն Եվրասիական ֆորումին, մյուս կողմից պետք է լինի առանձին նիստ, ու առայսօր վերջնականացված չէ, թե որը որից հետո կլինի։ Ավելին` չի բացառվում, որ միջոցառումներն սկսվեն սեպտեմբերի 30-ին։ Այս պահին վերջնական ոչինչ հայտնի չէ»,- ասացին մեզ: Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ի՞նչ ռեժիմով է գալու` գիշերակացո՞վ։ «Մասնակցություն անպայման լինելու է, ինչ ձեւաչափով՝ դեռ պարզ չէ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 3-ին Սոչիում սպասվում է ՌԴ նախագահ Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը երկկողմ հանդիպումը: Ըստ ՌԴ մամուլի քարտուղար Պեսկովի, այն տեղի կունենա «Վալդայ» ակումբի շրջանակում, որի հերթական նիստին է մասնակցելու Պուտինը, իսկ Ալիեւը լինելու է ակումբի նախագահ մի քանի հյուրերից մեկը: Ըստ Պեսկովի՝ նախատեսված է երկկողմ հանդիպում հյուր նախագահներից յուրաքանչյուրի հետ: Սոչիում հոկտեմբերի 3-ին այդ հանդիպումից առաջ՝ հոկտեմբերի 1-ին, ՌԴ նախագահը լինելու է Հայաստանում եւ մասնակցելու է ԵԱՏՄ Վեհաժողովին, ու նաեւ տնտեսական համաժողովին, որին մասնակցելու են նաեւ Իրանի նախագահը, Սինգապուրի վարչապետը: Հայկական մամուլի տեղեկությամբ՝ Պուտինը Հայաստանում կմնա մի քանի ժամ: Որքանով է դա հավաստի, դեռեւս պարզ չէ՝ պաշտոնական ժամանակացույց չկա: Իհարկե, Հայաստանում չգիշերելը քաղաքական ժեստ է, դիվանագիտական պրակտիկայում արարողակարգային նուրբ ժեստերից մեկը: Պուտինն, ըստ երեւույթին, չի ուզում գիշերել Հայաստանում, որտեղ բանտում է գիշերում Ռոբերտ Քոչարյանը:


Միեւնույն ժամանակ, ըստ երեւույթին, այդօրինակ ժեստերով ՌԴ նախագահը Հայաստանում հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի անխուսափելի գործընթացում դիրքային հարցեր է լուծում, միաժամանակ «ընկերական ալիբի» ստեղծում Ռոբերտ Քոչարյանի առաջ: ՌԴ նախագահը չի կարողանում կամ չի ուզում հասնել նրա ազատության, միաժամանակ փորձում է ցույց տալ, որ անում է ամենը, ինչ հնարավոր է, այդ թվում՝ բարոյական դաշտում: Ի՞նչ կտանի ՌԴ նախագահը Հայաստանից Սոչի՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւին: Բանն այն է, որ այստեղ հարցը լոկ Հայաստանի տիրույթում չէ, այլ նաեւ Իրանի: Օգոստոսին պետք է Սոչիում տեղի ունենար ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափի Վեհաժողովը, սակայն հետաձգվեց անորոշ ժամանակով՝ տեխնիկական պատճառներով: Դրա փոխարեն Պուտինն ու Ռոհանին կլինեն Երեւանում: Երեւան-Մոսկվա-Թեհրան եռակողմ ձեւաչափի մասին խոսելը, իհարկե, միամտություն է, սակայն այդուհանդերձ, Հայաստանի մայրաքաղաքում այդ իմաստով տեղի կունենա հետաքրքիր ձեւաչափով հավաք, որում կարող են ուրվագծվել ռեգիոնալ վերափոխման ուրվագծեր: Հատկապես այն պարագայում, որ հավաքից առաջ Նիկոլ Փաշինյանը եղել է Միացյալ Նահանգներում՝ որտեղ տեղի ունեցավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, իսկ Հայաստանի կառավարությունը հայտարարել է Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին: Զուգահեռ, Հայաստանում ու Արցախում սկսվել է բանակային խոշոր զորավարժություն, իսկ Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպմանը Բաքվին կարծես թե չի հաջողվել ստանալ Արցախում ազատազրկված երկու դիվերսանտներին, որոնցից մեկը՝ Բաքվի հատուկ ծատայության ՌԴ քաղաքացի աշխատակից, գնդապետ Ասքերովը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից խորհրդարանական խումբ կստեղծվի՝ ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այս մասին պայմանավորվել են նախօրեին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը նախաձեռնել էր Արմեն Գրիգորյանը՝ հյուրընկալելով Լիլիթ Մակունցին, Գագիկ Ծառուկյանին, Էդմոն Մարուքյանին եւ Գեւորգ Գորգիսյանին: Հանդիպման առիթը եղել են ընդդիմադիրների քննադատությունները՝ ԱԽ-ին ուղղված, թե խմբակցությունները ներառված չեն աշխատանքներին։ Ի դեպ, հանդիպումը տեւել է 5-10 րոպե, ԱԽ քարտուղարն առաջարկել է խումբ ստեղծել, նրանք համաձայնել են, լուսանկարվել ու հեռացել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը եւ Վահե Ղալումյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրաքվեի մասին» օրենքում: Նրանք առաջարկում են, որ Հայաստանի վարչատարածքային փոփոխությունները եւս ընդունվեն հանրաքվեի միջոցով: Սա արվում է համայնքների խոշորացման հարցում հանրության տեսակետը լսելի դարձնելու նպատակով: Գաղտնիք չէ, որ Հայաստանի համայնքների բնակիչների մի մասը դեմ է համայնքների խոշորացմանը, եւ ամենալավ միջոցը պարզելու, թե ինչպիսին են հանրային տրամադրությունները այս հարցում՝ հանրաքվեն է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է արմատական լուծման գնալ չօգտագործվող հողատարածքների սեփականատերերի փոփոխության հարցում: Կառավարությունը «Հողային օրենսգրքում» համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել, որն առաջիկայում կընդունվի: Հայաստանի մշակովի հողատարածքների մոտ 45 տոկոսը կամ 200 հազար հա հողատարածք չի մշակվում: Դրա մի մասը չի մշակվում օբյեկտիվ պատճառներով՝ ոռոգման ջրի անհասանելիություն կամ ցածր բերքատվություն, բայց հողերի մի զգալի մասը չի մշակվում, քանի որ դրանց սեփականատերերը տասնյակ տարիներ բացակայում են Հայաստանից ու գուցե երբեք էլ չվերադառնան: Տարբեր ժամանակահատվածներում փորձ է արվել նման հողատարածքները պետականացնել եւ վաճառել նոր սեփականատերերի, ինչի շնորհիվ դրանք կդառնային մշակովի, բայց դա չի արվել տարբեր պատճառներով: Այժմ կառավարությունը որոշել է ռիսկի դիմել, ինչը պետք է միանշանակ ողջունել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպե՞ս ՀՀ հաշվեքննիչ պալատի յուրային ղեկավար ունենալ: Հարցը վաղուց է իշխանական թիմի քննարկման սեղանին: Եվ այն վճռելու համար, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ վաղ առավոտյան «Իմ քայլ»-ի պատգամավորները նախ հավաքվել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակում, ապա ժամեր անց` ՔՊ կենտրոնական գրասենյակում: 2015-ին Վերահսկիչից Հաշվեքննիչ պալատ անցումով, ըստ էության, որևէ իրավական ակտով չսահմանվեց, որ Վերահսկիչի նախագահը դառնում է Հաշվեքննիչ պալատի նախագահ: Այս առիթով, պարզվում է, Յոլյանը նամակ է ուղարկել ԱԺ նախագահին, բայց դեռ որևէ քայլ չի ձեռնարկվել: «Իմ քայլում» հակված են ոչ թե նորից Յոլյանին ընտրել ՀՊ նախագահ, այլ միանգամից փոխել յուրայինով, սակայն հարմար թեկնածու չունեն: Բացի այդ, ՀՊ խորհրդի անդամներից պաշտոնավարման ժամկետը ևս լրանում է, և թերևս օրենքի բացից օգտվելով էլ` փորձում են խորհրդարանում Պալատի նոր նախագահի ընտրություն կազմակերպել»»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Միայն այս տարի մեր հայրենակիցները մի քանի անգամ հայտնվել են տհաճ իրավիճակում, երբ ավիափոխադրող ընկերության ինքնաթիռը այդպես էլ չի ժամանել ուղևորներին Հայաստան փոխադրելու համար։ Խնդրի կարգավորումը նախևառաջ օրենսդրական դաշտում է․ չկա օրենք, որը կկարգավորի ավիափոխադրողների և ուղևորների հարաբերությունները։ Այդ բացը լրացնելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ։ Դրա շրջանակներում կարգավորում է ստանալու նաև ուշացած չվերթների դեպքում պատասխանատու ավիաընկերությունների պարտավորությունների հարցը։ «Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա օրենք և ցանկացած ավիափոխադրող, որը կգա Հայաստան, պետք է գործի հաշվի առնելով այդ օրենքը։ Այն նոր օրենք է լինելու, որով ցանկացած ավիափոխադրող ուշացման դեպքում կպարտավորվի ապահովել ուղևորների համար ամենաանհրաժեշտ տարրական պայմանները։ Սա ՀՀ քաղաքացուն հարգելու շատ կարևոր ինստիտուտներից մեկն է»,- ասել է պատգամավորը։ Նախատեսվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ունենալ օրենքի նախագիծը»:


«Փաստ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում աշխատակիցներին տրվել են հերթական պարգեւավճարները: Սակայն այս օրերին «Փաստ» թերթը մի քանի ահազանգ է ստացել, որ դրանց բաշխումը չի ընթացել օրենքով սահմանված կարգով, այն է՝ աշխատակիցների կատարողական ցուցանիշների հիմա վրա, այլ, ինչպես մեզ դիմողներ էին ասում, տրվել է կամայականորեն, «ըստ ճաշակի»: Նախարարության առանձին ստորաբաժանումներ, այդ թվում՝ մի շարք ՊՈԱԿ-ներ ընդհանրապես չեն ստացել, ինչը հարուցել է բարեխիղճ աշխատակիցների զայրույթն ու վրդովմունքը: Նախարարության ղեկավարությունը նույնիսկ չի բարեհաճել պարզաբանում կամ բացատրություն տալ` ինչ սկզբունքներով եւ մոտեցումներով են բաշխվել պարգեւավճարները: Ի դեպ, մեր զրուցակիցները նշում էին, որ «կատարողական» պահանջել են բոլորից: Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու համար դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, որտեղից ստացել ենք հետեւյալ պատասխանը.


«Տեղեկատվությունը, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում եւ դրա ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում պարգեւավճարները տրամադրվում են կամայականորեն եւ կարգի խախտմամբ, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով պարգեւատրման ֆոնդից պարգեւավճարները տրամադրվում են բացառապես ՀՀ կառավարության՝ 20.10.2011թ. ընդունված 1510-Ն որոշմամբ սահմանված կարգով: Իսկ «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով պարգեւատրումն իրականացվում է տվյալ պաշտոնում նշանակման իրավասություն ունեցող անձի կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանում տվյալ աշխատողի կատարած աշխատանքի ծավալը, բարդությունը եւ արդյունավետությունը: Ինչ վերաբերում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին, ապա, համաձայն «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, գործադիր մարմինը (ՊՈԱԿ-ի տնօրենը) կանոնադրությամբ սահմանված կարգով ինքնուրույն է տնօրինում կազմակերպության գույքն ու միջոցները, այդ թվում՝ ֆինանսական: ՊՈԱԿ-ներում պարգեւավճարները տրամադրվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշնան բերքահավաքի այս պիկ շրջանում բավականին ծանր է վիճակը Արարատյան դաշտում, մասնավորաբար բանջարեղենի իրացման առումով։ Գյուղացիները մեծ դժվարություններ ունեն իրենց մշակած բերքն իրացնելու գործում։ Խոսքը վերաբերում է հատկապես սմբուկին, որը գործարանների մի մասն արդեն չի ընդունում կամ ընդունում է բավական էժան գներով, ինչը գյուղացիներին չի բավարարում, քանի որ չեն կարողանում գոնե սպասարկել իրենց վարկերը, որոնք վերցրել են դեռեւս գարնանը։ «Փաստ» թերթի լրագրողը Արմավիրի մարզում ականատես է եղել, թե ինչպես է հսկայական քանակությամբ սմբուկն ուղղակի թափվում, քանի որ գյուղացիների զայրույթը հասել է գագաթնակետին։ Վատ է վիճակը նաեւ ձմերուկի բերքի հետ կապված, քանի որ այն նույնպես ոչ մի կերպ հնարավոր չէ մթերել։ Տեղացիները նշում էին, որ համապատասխան գերատեսչությունը ոչ մի քայլ չի անում մթերման հարցը կարգավորելու, գյուղացիների հետ աշխատելու ուղղությամբ, ինչի արդյունքում իրենք հայտնվել են անելանելի վիճակում։ Ի դեպ, գյուղացիները նաեւ ասում էին, որ վիճակն ավելի է բարդացել գյուղնախարարության լուծարումից հետո»: