Մանվել Գրիգորյանը խնդրում է կալանքից ազատել յոթ անուն անշարժ գույք
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Գրիգորյանը դատական նիստին ներկա չէր, ինչի մասին պաշտպանները ներկայացրել են համապատասխան գրություն նրա առողջական վիճակի վերաբերյալ:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանում յոթ անուն անշարժ գույք ներկայացրեց, որոնք խնդրեց ազատել կալանքից:
Դատավորն ասաց՝ ներկայացված յոթ գույքից հինգը Մանվել Գրիգորյանի անունով է, երկուսը՝ կազմակերպության: Դատավորը նշեց, որ պետք է ներկայացնել նաև վարձակալության պայմանագրերը, որպեսզի ինքը կարողանա թույլատրել գույքն օգտագործել:
«Վարձակալության համար վճարվող գումարները պետք է ուղղվեն դատարանի հաշվին, որով հետագայում կամ կվճարվի պետությանը ենթադրաբար պատճառված վնասը, կամ կվերադարձվի սեփականատիրոջը»,- նշեց Մարտիրոսյանը:
Մանվել Գրիգորյանի պաշտպանն առարկեց, որ նախ պետք է գույքը կալանքից ազատել, որպեսզի հետո իրենք կարողանան գտնել վարձակալի:
Դատարանն այս հարցի շուրջ վերջնական որոշում չունի:
Հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթությամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: