VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից տպավորություն է ստեղծվում, որ որոշել է չմեծացնել «աբիժնիկների» բանակը և բոլոր հեռացվածներին ինչ-որ գործ է տալիս։ Այդ սկզբունքով Վալերի Օսիպյանին, որի ազատումը կառավարության աշխատակազմի ղեկավարը բացատրում էր նրա վատ աշխատանքով, նշանակեց գլխավոր խորհրդական, երեկ էլ իր օգնական նշանակեց աղմկոտ պատմություններից հետո 3 շաբաթ առաջ վարչապետի որոշմամբ պաշտոնանկ արված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցապծառայության նախկին պետ Սուրեն Ղամբարյանին։ Դրան նախորդել էին Ղամբարյանի և մյուս աշխատակիցների միջև անառողջ մթնոլորտի մասին մամուլի հրապարակումները, իսկ Ղամբարյանի և իր նախկին տեղակալ Արսեն Օհանյանի միջև հրապարակային կոնֆլիկտ կար։ Ղամբարյանը հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմ ընկերն է»:
«Փաստ» թերթը գրում է. «Կալիֆոռնիայում ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական սպառնալիքները հնչեցրեց նրանց հասցեին (խոստացավ բառիս բուն ու փոխաբերական իմաստով ծնկի բերել), ովքեր փորձում են այս կառավարության «ողնաշարը կոտրել» կամ «ոտքի տակը փորել»: Սպառնալիքներից բաժին հասավ մամուլին, դատավորներին (նրանցը, կարծես, «մշտական» է) և Հայ Առաքելական եկեղեցուն: Վերջինիս նկատմամբ իշխանությունների ու իշխանությանը կից որոշ անձանց կողմից սա առաջին հարձակումը չէ: Բայց ամենակարևորն այն է, որ փաստացի վարչապետը հաշվի չի առնում կամ չի ուզում հաշվի առնել մի քանի հանգամանք: Նախ՝ այնպիսի տպավորություն է, կարծես Փաշինյանը բացառում է, որ մեր երկրում կան բազմաթիվ մարդիկ, որոնք, մեղմ ասած, ոչ պակաս են սիրում Հայաստանը, ոչ պակաս են անհանգիստ երկրի ու ժողովրդի ապագայով ու դրա համար էլ քննադատում են իրենց, բարձրաձայնում են խնդիրների մասին, ունեն տեսակետներ, որոնք էապես տարբերվում են այս իշխանության մոտեցումներից: Փաստորեն դա գնահատվում է որպես «ողնաշարը կոտրել» կամ «ոտքի տակը փորել»: Մյուս կողմից, որևէ կառավարություն ապահովագրված չէ «ողնաշարը կոտրելուց», ու դրանից, որպես կանոն, ո՛չ երկրի, ո՛չ ժողովրդի համար մեծ ողբերգություն չի լինում: Բոլոր կառավարություններն ու իշխանություններն անցողիկ են: Այնպես որ, կարևորը ոչ թե որևէ իշխանության կամ կառավարության ողնաշարն է, այլ պետության: Պետք է մտահոգվել պետության ողնաշարի մասին, ոչ թե սեփական իշխանության: Իսկ կառավարության ողնաշարի ու ոտքի տակի հողի ամրության միակ երաշխիքը սեփական գործունեությունն է, այլ ճանապարհ չկա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախության օրը Գյումրու Սեւ բերդի միջոցառումը բավականին վատ է կազմակերպված եղել. հրավիրատոմսերը բաժանվել են ավելի շատ, քան Սեւ բերդը կարող էր տեղավորել։ Արդյունքում մի շարք փոխնախարարներ, պատգամավորներ մնացել են դրսում, չեն կարողացել ներս մտնել։Երբ անվտանգության աշխատակիցները տեսել են, որ այլեւս տեղ չկա նստելու, ներս չեն թողել փոխարտգործնախարարներ Արտակ Ապիտոնյանին, Ավետ Ադոնցին, կրթության փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին, մի շարք պատգամավորների, սպաների, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, Ռաֆայել Քոթանջյանին։ Վերջիններս դրսում սպասել են, մինչեւ միջոցառումն ավարտվել է, մասնակցել են ֆուրշեթին: Փոխարենը ամենապատվավոր տեղերում նստած են եղել «Սասնա ծռերի» Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, պատգամավորների օգնականներ ու օգնականուհիներ, կառավարության քարտուղարուհիներ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ Քաղաքագետ Կարեն Քոչարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին` ասել է, որ դատելով հրաժարականի տեքստից` նա մտնում է քաղաքականություն: «Իհարկե, Վանեցյանն ու Փաշինյանը 1,5 տարի հեռուստատեսությամբ կամ ֆեյսբուքով չեն շփվել, այսինքն՝ ինչ-որ պայմանավորվածություններ են եղել նրանց միջեւ: Իսկ հիմա ինչ-որ բաներ են կատարվում, եւ Վանեցյանն ասում է՝ պայմանավորվածություն է խախտվել: Չի բացառվում, որ այս պայմաններում, հնարավոր է, գործ հարուցեն կամ կալանավորեն Վանեցյանին: Չի բացառվում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից իշխանության դեմ բացահայտ ըմբոստանալուց հետո ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։ Մասնավորապես, որ նա փաստացի խոչընդոտել է նախկին իշխանության ներկայացուցիչների, նրանց հետ փոխկապակցված անձանց դեմ քրեական գործերի հարուցմանը։ Որոշ դեպքերում ակնհայտ հանցագործության փաստի առկայության պարագայում ԱԱԾ-ում քրեական գործեր չեն հարուցվել։ Մեզ հայտնի է դարձել նման 3-4 դեպքի մասին։ Ընդ որում՝ դրանցից մեկը վերաբերում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին։ Առողջապահության նախարարությունից բավական ուշագրավ փաստաթղթեր են ուղարկվել ԱԱԾ, սակայն դրանց հիման վրա այդպես էլ քրեական գործ չի հարուցվել»։
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա հարցազրույցից հետո Փաշինյանն էլ ավելի է զայրացել ու անհանգստացել: Ըստ մեր աղբյուրների, նա հրահանգել է ուսումնասիրել Վանեցյանի դեմ գործ բացելու հնարավորությունները, ինչպես նաև հրահանգել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամներին՝ գտնել իրավական միջոցներ ու հասնել նրան, որ Արթուր Վանեցյանն այլևս չլինի ՀՖՖ նախագահ։ Փաշինյանին հատկապես անհանգստացնում է այն, որ մեր ազգային հավաքականը մեծ շանսեր ունի Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի հավաքականներին հաղթելու, ըստ այդմ, խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու և ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու, ինչը, բնականաբար, կհանգեցնի Վանեցյանի առանց այն էլ բարձր վարկանիշի էլ ավելի բարձրացմանը։ Ստեղծված կացությունը հաղթահարելու նպատակով Փաշինյանը նախաձեռնել է հանդիպումների շարք՝ տարբեր քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների, գործարարների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանա որոշակի կոնսոլիդացիա ապահովել իր շուրջը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բլից զրույց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանի դասախոս Գևորգ Կոստանյանի հետ:
– Ի՞նչ կասեք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
– Ծանոթ եմ հրաժարականի վերաբերյալ Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Ինքս որպես արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-լեյտենանտ), շատ լավ հասկանում եմ, թե ինչ ինկատի ունի Վանեցյանը, երբ սպայի պատվին հղում կատարելով մտահոգություն է հայտնում երկրի ճակատագրի մասին: Հավատացած եղեք, որ իր ամբողջ կյանքը ուսադիրների տակ անցկացրած մարդը, այն էլ ազգային անվտանգության սպան, երբեք հենց այնպես նման հայտարարություններ չի անում, պարզապես՝ իր կարգավիճակը կաշկանդել է շատ բաների մասին խոսել հրապարակայնորեն, բայց որպես երկրի անվտանգության համար պատասխանատու անձ, զգուշացնել պարտավոր էր: Վանեցյանին ճանաչում եմ երկար տարիներ, որպես ազգային անվտանգության սպա, ինչպես նաև ծանոթ եմ վերջին շրջանում Հայաստանի սահմաններից դուրս, որպես ԱԱԾ տնօրեն նրա ձեռք բերած հեղինակությանը՝ նաև հետախուզության և հակահետախուզության մասով:
– Ինչ էր Ձեր կարծիքով Փաշինյանի և Վանեցյաին հռետորաբանության կոշտության պատճառը:
– Գիտեք Հայաստանում միշտ տպավորություն է եղել, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է ծառայի իշխանությանը և այդ պատճառով եթե նման որևէ մեկը գործող իշխանությունից տարբերվող կարծիք է արտահայտել, համարվել է անընդունելի: Իհարկե շատ կան պաշտոնյաներ, որոնք տվյալ պահի իշխանությունների քիմքին հաճելի են գործում և գնահատվում են նաև այսօր: Բայց չպետք է մոռանալ, որ իշխանություններն անցողիկ են, իսկ Հայաստանը՝ հավերժ: Պատմությունն է ցույց տալու թե, ով ինչպես էր պաշտպանում Հայաստանի շահը ու իրականում ում ծառայությունն է օգուտ բերել Հայաստանին, իսկ ումը՝ վնասել: Իմ համոզմամբ, Վանեցյանը երբեք չի ծառայել որևէ իշխանության. ծառայել ծառայում և ծառայելու է պետութանը: Եվ ընդհանրապես, գենելարը և սպան՝ կլինի բանակում, թե իրավապահ մարմիններում, պետք է ծառայի ոչ թե իշխանությանը, այլ երկրին»:
«Իրատես» թերթը գրում է. «ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը, որից կտուժի նաեւ ԱԺ-ն։ Ամուլսարի հարցը վերջնականապես կվճռվի, հանքը շահագործվելու է։ Այս մասին ակնարկեց իր ասուլիսում նաեւ Փաշինյանը. «Շրջակա միջավայրին վնաս են քաղաքակրթության բոլոր դրսեւորումները՝ ներառյալ գրերի գյուտը։ Ի՞նչ եք առաջարկում: Բրոնզե դա՞ր վերադառնանք»: Այս հարցով պայմանավորված` եւ՛ օրենսդիր, եւ` գործադիր հատվածում կլինեն տուժածներ, սակայն խնդիրը միայն հրաժարականներով ու մանդատ վայր դնելով չի հանգուցալուծվի։ Մեր տեղեկություններով, ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ եւս կկիրառվի՝ ճնշելու փողոցը։ Այս խնդիրը դրված է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի առաջ, որպեսզի կառավարության որոշումից հետո ապահովվի դրա կիրառումը։ Ի դեպ, բաց տեքստով Արման Սարգսյանին Փաշինյանն ասաց, որ աշխատանքի արդյունքով է պայմանավորված նրա հետագա պաշտոնավարումը»:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նախօրեին նրա պատվին տեղի է ունեցել մեծ ճաշկերույթ (գալա ընդունելություն)։ «Փաստ» թերթի տեղեկություններով, մինչև Փաշինյանի մեկնելը ԱՄՆ-ում հայկական շրջանակներն զբաղված են եղել այդ ճաշկերույթի տոմսերի վաճառքով, որի արժեքը 250 դոլար է եղել։ Թերթի ամերիկյան աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գործող պետական հաստատությունները, դեսպանատունը, հանրային լայն շրջանակները ներգրավված են եղել այդ տոմսերի իրացման գործում։ Տեղեկություն կա, որ անգամ որոշ կազմակերպությունների պարտադրվել է գնել որոշակի թվով տոմսեր, որպեսզի կարողանան վաճառքն ամբողջությամբ ապահովել։ Թե ինչ նպատակի են ծառայելու ճաշկերույթից գոյացած գումարները, ճշտել չհաջողվեց։ Նշենք, որ նախկինում ՀՀ նախագահների այցերի ժամանակ նույնպես տեղի են ունեցել նման ճաշկերույթներ, այդ թվում՝ երբեմն դարձյալ «տոմսով», և այդ գումարները հիմնականում ուղղվել են բարեգործական նպատակներով»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հաջորդ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, ում դեմ քրեական գործ է հարուցվելու, և ով կալանավորվելու է, լինելու է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Մեր տեղեկություններով՝ ՀՔԾ-ում քննվում է մի սկանդալային քրեական գործ, որի գլխավոր հերոսը հենց Աղվան Հովսեփյանն է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախության տոնը ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նշեցին Լոռու մարզում։ Սկզբում Վանաձորի պանթեոնում ծաղիկներ դրեցին զոհվածների հուշարձանին, այնուհետեւ միասնական աղոթքի մասնակցեցին Հաղպատի վանական համալիրում եւ Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Իսկ վերջում, ինչպես Վահրամ Բաղդասարյանը մեզ հայտնեց, Հաղպատի ռեստորանային համալիրներից մեկում տոնական ճաշի են մասնակցել։ Թեեւ ՀՀԿ-ի միջոցառմանը հրավիրված են եղել բոլոր տարածքային կառույցների ներկայացուցիչները, բայց, մեր տեղեկություններով, շատերը չեն մասնակցել, քանզի կարծում են, որ ՀՀԿ-ի գնացքն արդեն գնացել է, եւ չեն ցանկանում վտանգել իրենց։ Արդյունքում ստացվել է այնպես, որ միայն Լոռու կառույցն է ղեկավար կազմի հետ մասնակցել։ Վահրամ Բաղդասարյանը մեզ վստահեցրեց, որ նախատեսվածից շատ մարդ է մասնակցել, իրենք 300 հոգանոց միջոցառում են կազմակերպել՝ հաշվի առնելով սրահի սահմանափակ տարածքը, սակայն միջոցառմանը մասնակցել է շուրջ 500 կուսակցական․ «Բոլոր մարզերից հավասարաչափ հրավիրել ենք, բացականեր էլ չենք ունեցել։ Այո, ճաշն անցկացրել ենք Հաղպատում, տեղը սահմանափակ էր, դրա համար էլ քիչ էինք հրավիրել՝ 300 հոգի, միայն Իջեւանի կառույցի հետ կապված խնդիր կար, ավտովթարի պատճառով զանգեցին-ասացին, որ կուշանան»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ նախագահը կժամանի Երեւան: Վլադիմիր Պուտինը Երեւան կգա հոկտեմբերի մեկին, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մեր երկրի մայրաքաղաքում կմնա մի քանի ժամ: Համենայնդեպս, այս պահի դրությամբ այդպիսի տրամադրվածություն կա ՌԴ-ի կողմից: ԵԱՏՄ գագաթնաժողովին ընդառաջ ՀՀ իշխող թիմում, ըստ մեր տեղեկությունների, նախապատրաստական-կազմակերպական աշխատանքները եռում են: Իսկ Փաշինյան-Պուտին քննարկման առանցքային հարցը գազի գինն է լինելու: Դեռեւս սեպտեմբերի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին, նրանք մտադիր են գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաեւ ՀՀ բնակչության համար. 30 տոկոս է բարձրանալու, ու չի բացառվում թիվը էլի մեծանա: Ռուսական կողմի հետ քննարկելիք հարցերից է լինելու նաեւ Ռուսական երկաթուղու ապագայի հետ կապված հարցերը, Վերին Լարսում տիրող իրավիճակը: Արդեն մեկ շաբաթ է՝ հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել են այս անցակետում»:
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների հավաստմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում (ՊՆ) լուրջ սկանդալ է հասունանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակված է, որպեսզի ՊՆ-ն գնումների գործընթացի արդյունքում համաձայնի օգտվել իրանական դիզվառելիքից, որի որակը, ըստ կարծիքների, բավական ցածր է, եւ հատկապես ձմռանն այն կարող է օգտագործման համար պիտանի չլինել։ Պաշտպանության նախարարությունը, ըստ մեր աղբյուրների, մինչ այդ երբեք իրանական դիզվառելիք չի օգտագործել։ Ասում են, որ, այսպես ասած՝ այս գործի գլխին կանգնած է 2018թ. դեկտեմբերի 9-ին իշխանական «Իմ քայլը» դաշինքով առաջադրված եւ պատգամավոր դարձած Ռոման Մուրադյանը։ Վերջինս պատգամավորության թեկնածու էր առաջադրվել Արարատի մարզում եւ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 162-րդ տեղն էր զբաղեցնում։ Նրա մասին ասվում էր, որ 2015 թվականից ակտիվորեն աջակցել եւ մասնակցել է Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով կուսակցության համախոհ: Նույն աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է դիզվառելիքի հարցով ճնշել ՊՆ ղեկավարությանը, նախարարին, սակայն հասկանալով վտանգներն ու վնասները՝ այս գործարքին խիստ դեմ է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարությունը։ Ըստ կարծիքների՝ իրանական վառելիքը որակապես չի համապատասխանում Հայաստանի ընդունած չափանիշերին»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Սննդամթերք գնելիս անհրաժեշտ է ուսումնասիրել մակնշումն ու ընտրել սննդամթերքը` ելնելով նաև դրանում օգտագործված սննդային հավելումների օգտագործման անհրաժեշտությունից: Որպես կողմնորոշիչ օրինակ հարկ է նշել, որ չի թույլատրվում սննդային հավելումների օգտագործումը հետևյալ սննդատեսակներում՝ չմշակված սննդամթերք, մեղր, գինի, կենդանական ծագման ճարպեր, կարագ, կաթ և սերուցք, բնական հանքային ջուր, սուրճ (բացի լուծվող բուրավետացվածի), չբուրավետացված տերևային թեյ, շաքարներ, չոր մակարոնային արտադրանք (բացի ոչ գլյուտենայինների և քիչ սպիտակուցայինների), բնական չբուրավետացված չորաթան (բացի մանրէազերծվածի): Հստակ պետք է իմանալ, որ ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 26-ի որոշման համաձայն՝ արգելված սննդային հավելումներն են՝ E121, E123 ներկանյութերը, E216, E217, E240 պահածոյացնող նյութերը և E924a, E924B որակի բարելավման նյութերը (ալյուրի և հացի): Ինչ անել, ցանկերո՞վ մտնել խանութ ու տասնյակ րոպեներ վատնել, թե՞ աչքին ընկածն ու գրպանին հարմար ապրանքը վերցնել ու գնալ: Որոշողը ինքը՝ սպառողն է: Նա ի վերջո այնքան գրագետ պիտի լինի այս ոլորտում, որ հասկանա՝ մսի՞ց պատրաստված երշիկ է ուտում, թե՞ օսլայով, սպիտակաձավարով, ալյուրով շաղախված երշիկանման ինչ-որ բան»»:
«168 ժամ» թերթը գրում է. «Արցախում կայանալիք ընտրություններից հետո հնարավոր են ռազմական գործողություններ, քանի որ ադրբեջանցիները կայուն կերպով մտածում են, որ բոլոր գործերը ղեկավարում է, այսպես կոչված, Ղարաբաղյան կլանը, իսկ հիմա Երևան են եկել մարդիկ, ովքեր ուզում են ղարաբաղցիների «վերջը տալ», և ընտրությունների արդյունքում իշխանության փոփոխությունը Ադրբեջանի կողմից կողջունվի, կդիտարկվի՝ որպես թուլացում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ադրբեջանական իրեն հայտնի ծրագրին: Նրա որակմամբ՝ արցախցի, հայաստանցի բաժանումն անհանգստացնող է: «Ցավոք սրտի, ՀՀ նոր իշխանությունները հիմքեր են տալիս այդկերպ ենթադրելու: Հայաստանը բավականին բարդ վիճակում է, և հասարակության մեջ նման բաժանարար գծերը մահացու կարող են լինել հայերի համար»,- ասել է նա: Տարասովը նշել է, որ դժվար է ենթադրել, թե ինչպես կընթանան զարգացումներն այս հարցի շուրջ: Սակայն, նրա վստահեցմամբ, նման ծրագրեր քննարկվում են Ադրբեջանում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվելու է համալսարանում ստեղծված իրավիճակը: Գիտխորհրդի արտահերթ նիստը հրավիրվում է դրա անդամների մեկ երրորդի ստորագրությամբ և պահանջով: Համալսարանի աշխատակազմի որոշ ներկայացուցիչներ լուրջ մտահոգություններ ունեն, որ համալսարանը ղեկավարում է ոչ թե ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, այլ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, որը, առավել, քան ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, հեռու է կրթությունից էլ, գիտությունից էլ, բայց շատ մոտ է համալսարանի ֆինանսներին»: