Դավոսի ֆորումից առաջ «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր և որևէ կերպ չհաջողվեց հանդիպման նրա խնդրանքը բավարարել։ Այս մասին Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ իրեն հայտնի է, որ երկու վարկած է շրջանառվում այն թեմայի կոնտեքստում, թե ինքը «Սորոսի մարդն է»։
Ըստ Փաշինյանի, առաջինի դեպքում դավադրության տեսության հեղինակները պնդում են, որ ինչ-որ տեղ պլանավորվել է, այնտեղ, որտեղ պլանավորվում են հայտնի հեղափոխությունները, բայց այնտեղ, որտեղ պլանավորվում են հեղափոխությունները, «պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, որովհետև ասում են՝ չհասկացանք, եթե այս հեղափոխությունը մենք չենք արել, ապա այդ ո՞վ է համարձակվել առանց մեր թույլտվության անի հեղափոխություն»։
«Ես բոլոր կողմերին խնդրում եմ հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր եղել են Հայաստանում, և ոչ թե իրենց կաբինետներում և իրենց աշխատանքային սեղանների տակ մտած, լավ գիտեն՝ ով է արել հեղափոխությունը: Հեղափոխությունը եղել է ուղիղ եթերում և այս պատմությունը երկար տարիների պատմություն ունի»,-նշեց վարչապետը։
Փաշինյանը շեշտեց՝ հեղափոխությունն արել է ժողովուրդը, դրա հեղինակային իրավունքը ժողովրդինն է, իսկ ովքեր ուզում են դա վերապահել ուրիշներին ուղղակի անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին․
«Նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնեն, նրանք ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությանը։ Այդ մարդկանց հայ ժողովուրդը նետել է պատմության աղբանոցը, որից դուրս չեն գալու»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։