Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը: Նախքան այդ, լրագրողների հետ ճեպազրույցում Տոնոյանն անդրադարձել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականին.
«ԱԱԾ տնօրենն իմ ընկերն է, իմ գործընկերն է, մենք 1,5 տարի շատ սերտ համագործակցել ենք, ես կթողնեմ բոլոր մեկնաբանություններն իրեն»,- ասաց նա:
Դավիթ Տոնոյանը հրաժարվեց մեկնաբանել հրաժարականն ու դրա պատճառները՝ նշելով, որ դա անհատական որոշում է եղել. «Մեկնաբանություներնն իր իրավասությունն է, Վանեցյանը դա կանի ժամանակին: Կարծում եմ՝ առանց պատճառի չի լինում որևէ հրաժարական»,- հավելեց նա:
Նա նաև հավաստիացրեց, որ իրեն հայտնի չէ Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան տարաձայնությունների մասին։
Հիշեցնենք, սեպտեմբերի 16-ին հայտնի դարձավ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին:
Վանեցյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:
Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: