ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել Մերձավոր Արեւելքում իր շահերը եւ դաշնակիցներին․ Մայք Փենս
Միացյալ Նահանգները ուսումնասիրում է ապացույցներն այն մասին, որ Իրանն է կանգնած սաուդական նավթային օբյեկտների վրա գրոհների հետեւում, եւ պատրաստ է պաշտպանել Մերձավոր Արեւելքում իր շահերն ու դաշնակիցներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
«Մենք գնահատում ենք բոլոր ապացույցները։ Մենք խորհրդակցում ենք մեր դաշնակիցների հետ։ Եւ նախագահը մոտակա օրերին կորոշի գործողությունների լավագույն ուղղությունը»,- ասել է Փենսը։
Նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները գտնվում են «լիակատար մարտական պատրաստականության» մեջ, որպեսզի պատասխանեն գրոհներին, սակայն ընդգծել է, որ պատերազմ չի ուզում։
Փենսի խոսքերով, պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Սաուդյան Արաբիա, որպեսզի քննարկի հարձակման արձագանքը։ «Ամերիկայի Միացյալ Նահանգները կնախաձեռնեն Պարսից ծոցում մեր երկրի, մեր զորքերի եւ մեր դաշնակիցների պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է Փենսը։
Նա նշել է, որ եթե Իրանը «փորձել է գրոհների միջոցով ճնշում գործադրել Թրամփի վրա, որպեսզի պատժամիջոցները թուլացվեն, նա անհաջողության կմատնվի»։