Բարի գալուստ բանական աշխարհ. Միքայել Մինասյանը՝ Վանեցյանին
Հետևում եմ Արթուր Վանեցյան/ Նիկոլ Փաշինյան էպոպեային: Նայում եմ ԱԱԾ նախկին ղեկավարի վերջին հարցազրույցը: Չգիտեմ, թե օրենքի առաջ այդ ինչ «շատ հարցերի» պիտի պատասխանեմ ես, որովհետև ձևակերպված իրավական հարցերի գոյության մասին տեղյակ չեմ, և դրանք, որպես այդպիսիք, ուղղակի չկան: Փոխարենը կան անպատասխանատու հայտարարություններ և ջղաձիգ հրապարակային «հանձնարարականներ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ նշելով, որ այդ թեմային կանդրադառնա ավելի ուշ:
«Մինչդեռ հենց ինքը` Արթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, պետական իշխանության տարբեր ճյուղերի նկատմամբ տեռորի իրականացմանը մասնակցելու կամ այդ ամենի մասին իմանալու և չբարձրաձայնելու մասին:
Անշուշտ, անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը և կատարվողի մեջ ավելի խրվելուց հրաժարվելը մեծ «զեղչեր» կտան պարոն Վանեցյանին, բայց, այնուամենայնիվ, այդ հարցերը հնչելու են և դրանց պատասխաններն ակնկալվելու են: Անկասկած, այդ հարցերի պատասխանները նաև ստացվելու են:
Հ. Գ. Բանականության հետ խնդիրներ ունեցող ռեժիմից ազատվելուց հետո պետք չի կրկնել այդ նույն ռեժիմի սխալները: Բարի գալուստ բանական աշխարհ»,- գրել է Մինասյանը:
Հիշեցնենք, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է. «Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ։ Կոչ եմ անում պղտոր ջրում ձուկ չորսալ: Ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող է փորձեն կապել PR գրասենյակների հետ։ Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանը իմ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև։ Կլինի քննություն, և քննությունը պատասխանը կտա՝ արդյոք Միքայել Մինասյանը պետք է կանգնի օրենքի առջև, թե ոչ»,-ասաց նա։