Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ։ Hraparak-ի և այլ լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր հրաժարականի մասին։
Դիմելով իր հրաժարականից որգևորված նախկին իշխանականներին նա կոչ է արել պղտոր ջրում ձուկ չորսալ և միամտություն որակել այն, որ կարող են իրեն կապել ինչ-որ PR գրասենյակների հետ, ինչպես ակնարկել էր վարչապետի խոսնակը։
«Ուղղակի միամտություն եմ համարոմ, որ ինձ կարող է փորձեն կապել PR գրասենյակների հետ։ Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանը իմ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև։ Կլինի քննություն, և քննությունը պատասխանը կտա՝ արդյոք Միքայել Մինասյանը պետք է կանգնի օրենքի առջև, թե ոչ»,-ասաց նա։
Hraparak.am-ը խնդրել է մեկնաբանել նաև իր երեկվա հայտարարության տողատակերը՝ կապված առաջնայինը երկրորդայինից չտարբերելու և մյուս մտքերի հետ, սակայն Վանեցյանը չցանկացավ այս պահին դա մեկնաբանել՝ հայտարարելով, որ երբ ժամանակը գա, կմեկնաբանի։
Հիշեցնենք, Վանեցյանի երեկվա հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:
Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: