Եթե փախչող լինեի ադրբեջանցիք այսօր Ստեփանակերտում չայ խմելիս կլինեին. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը, որը դատարանի որոշմամբ մնալու է կալանքի տակ, այսօր հանդես եկավ հայտարարությամբ:
«Երևի Դատախազության աշխատակիցների համար դժվար է սա հասկանալ, բայց ես այն տեսակի մարդ չեմ, որ կարող է ինչ-որ բանից փախչել, եթե փախչող լինեի ադրբեջանցիք այսօր Ստեփանակերտում չայ խմելիս կլինեին»,- ասաց Քոչարյանը։
Քոչարյանը պնդեց՝ քրեական գործում չկան իրեն առնչվող ցուցմունքներ․ «Հիմա երկրորդը՝ ասում են կարող է ազդել գործի քննությանը, փաստաբաններն ասացին այդպիսի փաստեր չկան, բայց քանի որ մենք բավական լավ ծանոթ ենք քրեական գործին, չկա այն սուբյեկտը, որի վրա կարելի է ազդել և ինչ-որ բան փոխել։ Ամբողջ քրեական գործում կա երկու-երեք դրվագ ինձ հետ կապված»։
Քոչարյանն ասաց կան մի քանի ցուցմունքներ, որոնց հետ ինքը համաձայն է։ Նա տվեց Տիգրան Թորոսյանի, Սերժ Սարգսյանի, Հայկ Հարությունյանի, Արմեն Գևորգյանի, Արշակ Կարապետյանի անունները, ասելով այս անձանց հետ է միայն առնչություն ունեցել և նրանց ցուցմունքների հետ համաձայն է, բացառությամբ Արշակ Կարապետյանի այն հայտարարության, թե ինքը բանավոր հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին։
Պաշտոնաթող նախագահն ասաց՝ միանում է փաստաբանների կողմից ներկայացված գրավի միջնորդությանը, բայց միևնույն ժամանակ հիշեցրեց, որ իր և իր ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են։