24.11.2024
Միքայել Մինասյանը պետք է պատասխանի ՀՔԾ-ի հարցերին, քրգործ է հարուցված. վարչապետ
prev Նախորդ նորություն

Վանեցյանը քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրեց

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։


«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,-նշել է նա:


Վանեցյանն երկար տարիներ աշխատել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք և համարվում էր նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի մերձավորներից մեկը: Այսպես կոչված թավշյա հեղափոխության օրերին Վանեցյանը միացավ Նիկոլ Փաշինյանի թիմին և ստանձնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը:


Իր պաշտոնավարման ընթացքում հատկապես նախկին իշխանությունների նկատմամբ քրեական գործեր հարուցելու և հանրության հետ ավելի ակտիվ և բաց աշխատանքի շնորհիվ Վանեցյանը բավականին մեծ ռեյտինգ ձեռք բերեց և համարվում էր Փաշինյանի թույլ թիմում ամենաուժեղ կադրերից մեկը:


Նրա հրաժարականը կարող է կապ ունենալ Փաշինյանի հետ ներքաղաքական և հնարավոր է նաև արտաքին քաղաքական հարցերում տարաձայնությունների հետ: Հայտնի գաղտնալսումների ժամանակ հենց Վանեցյանն էր նախազգուշացնում, որ ՀԱՊԿ-ի քարտուղարի ձերբակալությունը լուրջ խնդիրներ է առաջացնելու ՌԴ-ի հետ կապերի առումով:


Այսօր Վանեցյանն իր հայտարարության մեջ մի շարք մեսիջներ հղեց, որոնց հասցեատերը առաջին հերթին Փաշինյանն է: Փաստորեն, իր այդ կոշտ գնահատականներով Վանեցյանը փորձում է դուրս գալ այսօրվա իշխանական ճամբարից և իրեն դասավորել քաղաքական դաշտում, որպես Փաշինյանին ընդդիմություն, և հնարավոր է՝ սկսել քաղաքական կարիերա: Որպես ԱԱԾ տնօրեն նա բազմաթիվ կոմպրոմատներ կունենա այս նոր իշխանությունների մասով և այդ պատճառով Փաշինյանն ու նրա թիմը չեն համարձակվի կոշտ քննադատության ենթարկել Վանեցյանին՝ հասկանալով, թե նրա տրամադրության տակ ինչքան տեղեկություններ կան նոր իշխանությունների մասին:


Վանեցյանը դեռևս չի հայտարարել քաղաքականություն մտնելու կամ իր կարիերան այլ ոլորտներում շարունակելու մասին, սակայն հասկանալի է, որ այդպիսի պաշտոնյայի հրաժարականը չի կարող չանդրադառնալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և ապագա վերադասավորումների վրա: