25.11.2024
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ընդունել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը
prev Նախորդ նորություն

Ռուսաֆոբ ուժերը ՀՀ-ում պետք է լինեն մարգինալ կարգավիճակում

Եթե ՌԴ նախագահը գալիս է Երևան, ուրեմն շտկելու քայլեր պետք է անի։ Հայաստանը պետք է ազատագրվի, Ռուսաստանը պետք է ազատի մեր երկիրը, բաց թողնի մեր երկիրն իր գաղութային ճիրաններից։ Այդ մասին հայտարարել է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:


ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո ակտիվացել են հակառուսական հայտարարություններն ու գործելու ավելի մեծ դաշտ է տրամադրվել այն գործիչներին, ում խոսքը նախկինում մարգինալ կհամարվեր, քանի որ անհնար է պատկերացնել ՀՀ-ում քաղաքական ադեկվատ ուժեր, ովքեր կցանկանան «Հայաստանը ազատագրել ՌԴ-ի գաղութային ճիրաններից»:


Անգամ հռետորաբանության մակարդակով այսպիսի հայտարարություններ իրենց կարող են թույլ տալ Մերձբալթիկայի, Ուկրաինայի, Վրաստանի գործիչները, որոնց երկրները վաղուց դարձել են ԱՄՆ-ի սատելիտներ և հակառուսական պլացդարմներ: Այդ երկրներում, մասնավորապես Ուկրաինայում և Վրաստանում, ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ իրականացվել են գունավոր հեղափոխություններ, ինչի արդյունքում Կիևում և Թբիլիսիում իշխանության են եկել ռուսաֆոբ ուժեր, որոնք իրենց երկրները տանում են դեպի ՆԱՏՕ և ԵՄ՝կոշտ քննադատելով ՌԴ-ին ու նրա ղեկավարությանը:


ՀՀ-ն ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ երկիր է, որն ունի շատ փոքր շուկա, նեղ տնտեսական հնարավորություններ, վատ դեմոգրաֆիա, շրջապատված է թուրք-ադրբեջանական տանդեմով ու պատժամիջոցների տակ գտնվող Իրանով, ունի չլուծված ղարաբաղյան հարց և որի բնակչության մեծամասնությունը բնակվում է ՌԴ-ում և այնտեղից տրանսֆերտներ է ուղարկում ՀՀ, որպեսզի այստեղ մնացած նրանց ընտանիքները կարողանան պահպանել իրենց գոյությունը:


Այս պարագայում խոսել ՌԴ-ից շրջվելու, ՀՀ-ի կողմից ՌԴ-ից ազատվելու մասին ուղղակի քաղաքական նոնսենս է և սպասարկում է միայն ՀՀ-ի հակառակորդների շահերը: ՀՀ-ն չի գտնվում Եվրոպայի սրտում. նրա հարևաններից երկուսը՝ Թուրքիան և Ադրբեջանը հայերի ցեղասպանություն, էթնիկ զտումներ են իրականացրել և ցանկանում են կրկնել այդ գործողությունները որևէ հարմար պահի: Թուրք-ադրբեջանական հակահայ պլանների միակ զսպող գործոնը ՌԴ-ն է և ռուսական բանակը, որը հսկում է հայ-թուրքական սահմանն ու ապահովում ՀՀ-ի ազգային անվտանգությունը:


Եթե որոշ ռուսաֆոբ գործիչներ ունեն լուծումներ, թե ինչպես ՀՀ-ն այսօրվա բնակչության քանակով, սոցիալ-տնտեսական, դեմոգրաֆիական ներուժով, գտնվելով այսպիսի աշխարհագրական դիրքում կարող է դիմագրավել հակառակորդներին առանց Ռուսաստանի, ապա նրանք պետք է անեն այդ առաջարկությունը, սակայն դրանք 100 տոկոսով կտրված են լինելու իրականությունից և չեն ընդունվելու ՀՀ հասարակության մեծամասնության կողմից:


ՌԴ-ՀՀ հարաբերությունները չպետք է խաթարվեն, այդ կապերի մեջ սեպ խրողները պետք է ՀՀ-ում համարվեն մարգինալ ուժեր, որոնց չպետք է տրամադրվի հասարակության վրա ազդելու հարթակներ: Հակառակ պարագայում Մոսկվայում  ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններն ընկալվելու են, որպես հակառուսական Մայդան կամ ԱՄՆ-ի կողմից իրականացված գունավոր հեղափոխություն՝ՀՀ-ի համար բխող բոլոր բացասական հետևանքներով, ինչի մասին տեղացի ռուսաֆոբներն իհարկե չեն մտածում: