26.11.2024
«Իմ քայլը» խմբակցությունը ԿԲ խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Վաչե Գաբրիելյանի կնոջը
prev Նախորդ նորություն

«Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի». պաշտպանները ներկայացրեցին միջնորդություն

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդել է վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։


Միջնորդությունը հիմնվում է Սահմանադրական դատարանի հայտնի որոշման վրա, որով սահմանվել է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ։


«Կարծում եմ, որ ակնհայտ իրողություն է, որ գործառույթային անձեռնմխելիությամբ օժտված անձանց ընթացակարգային, կառուցակարգային պաշտպանության հնարավորություններ մեր քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել։ Ավաղ, սահմանադիրը ևս չի նախատեսել այդ երաշխիքները։ Եվ ՍԴ-ն այս որոշմամբ տվեց որոշ ելակետեր, որոնք կարող են ելակետային լինել ԱԺ-ի համար օրենսդրության քաղաքականության շրջանակներում։ Բայց մենք գտնվելով հարգելի դատարանի առջև, ունենք այնպիսի իրավիճակ, որ այդ բացերի շրջանակում առկա է կիրառված խափանման միջոց, առկա է կալանավորում, որը ինքնին ենթադրում է Սահմանադրության խախտում», -միջնորդությունը ներկայացնելիս հայտարարեց Արամ Վարդևանյանը։


Դատավոր Աննա Դանիբեկյանը հարց ուղղեց նախկին նախագահին՝ միանո՞ւմ է պաշտպանի ներկայացրած միջնորդությանը, ինչին ամբաստանյալը դրական պատասխան տվեց: Քոչարյանը, նախ, նշեց, իր իրավունքները վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես խախտվել են և ինքն ունի այնպիսի տպավորություն, որ որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել։ Եվ այդ խախտումներն այնքան շատ են, որ սիստեմատիկ բնույթ են կրում: 


«Սա անձնավորված է, սա քաղաքական հետապնդման էլեմենտ է պարունակում, սա արվում է մի մարդու նկատմամբ, որը և՛ Արցախում, և՛ Հայաստանում նախագահ է եղել։ Մեկ-մեկ մտածում ես՝ եթե նախկին նախագահի նկատմամբ կարող են չարաշահումներ թույլ տալ ...Իմ տպավորությամբ, սա Հայաստանի պատմության մեջ խայտառակ քրեական գործ է, դասագրքերում է նշվելու այս գործի մասին, այն ունենալու է իր բացասական ու դրական հերոսները։ Չեմ պատկերացնում՝ ով է լինելու բացասական հերոսը, որը ևս գրում է մեկ էջ այդ քրեական գործի պատմությանը։ Թե ինչպիսին կլինի այդ էջը, կախված է ձեզանից»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։


Մեղադրանքը պաշտպանող դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկեց ներկայացված միջնորդությանը՝  նշելով, որ Սահամանդրական դատարանի որոշումները չեն մեկնաբանվում։


Բացի այս, միջնորդությանը առարկեցին նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։


Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվեց Մարտի 1-ի գործով դատաքննությունը, որով որպես մեղադրյալ է անցնում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։