Թրամփը վճռական է հնարավորինս արագ առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է տրամադրված հնարավորինս արագ առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ, բայց համաձայնություն ձեռք բերելու որևէ ժամկետներ դեռ չկան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահ Թրամփը կենտրոնացած է հնարավորինս շուտ դա անել (համաձայնագրերի կնքումը -խմբ.): Ես կարծում եմ, որ (Չինաստանի հետ բանակցություններում) իրական առաջընթաց է գրանցվել, բայց ես չեմ ուզում ժամանակացույց սահմանել», - ասել է Պոմպեոն:
Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև բանակցությունները, որոնք պարբերաբար ընթանում են 2018 թվականից ի վեր, ներկայումս դադարեցված են՝ տուրքերի փոխադարձ բարձրացման հերթական ալիքից հետո:
Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Չինաստանը երեկ երեկոյան կապ է հաստատել ԱՄՆ-ի վաճառքի ներկայացուցիչների հետ և ցանկություն է հայտնել վերադառնալ բանակցությունների սեղան: Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ բանակցությունները պետք է մեկնարկեն մոտ ապագայում:
Իր հերթին Չինաստանը չի հաստատել այս տեղեկատվությունը և հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կհրաժարվեն իրենց սխալ գործելաոճից և պայմաններ կստեղծեն առևտրային խորհրդատվությունների վերսկսման համար:
Ներկայումս համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցություններին՝ երկու երկրների միջև ծավալվող առևտրային պատերազմի ֆոնի վրա:
Երեքշաբթի երեկոյան նավթի համաշխարհային գների աճի տեմպերը դանդաղել են, քանի որ առևտրային տվյալների համաձայն՝ ներդրողները չեն ստացել ԱՄՆ-ից և Չինաստանից կոնկրետ քայլերի հաստատում: