24.11.2024
Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Թեհրանի հետ բանկային հարաբերությունների զարգացումը գտնվում է Երեւանի օրակարգում. Ջավադյան

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Սաջադին եւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդգծել են երկու երկրների բանկային եւ դրամական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:


Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, կողմերը օգոստոսի 27-ին Երեւանում կայացած հանդիպմանը բանկային համագործակցության զարգացումը եւ բանկային սեմինարների անցկացումը կարեւոր են համարել փորձի փոխանցման համար:


Իրանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի պատրաստակամությունը հայտնելով՝ Ջավադյանը նշել է, որ Թեհրանի հետ բանկային հարաբերությունների զարգացումը գտնվում է Երեւանի օրակարգում:


Հիշեցնենք, Իրանը գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ, ուստի Հայաստան-Իրան փոխգործակցությանը Վաշինգտոնի բավականին մեծ ուշադրություն է դարձնում: Խոսքը ոչ միայն պետական ալեւ մասնավոր ոլորտներում համագործակցությանն է վերաբերում:


ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել հայաստանյան երկու ընկերությունների՝ «Մարկել» ՓԲԸ-ի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրԿՄԳՀԻ) նկատմամբ:


Միացյալ Նահանգների առևտրի նախարարության պաշտոնական հաղորդագրությունը նշում է, որ վերջինները ներառվել են այն ընկերությունների ցանկում, որոնք, ըստ արժանահավատ տվյալների, վտանգ են ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար կամ զբաղվում են գործունեությամբ, որը կարող է հակասել ԱՄՆ շահերին կամ արտաքին քաղաքականությանը:


Հայաստանյան ընկերություններից բացի, պատժամիջոցների ցանկում են ներառվել ռուսաստանյան Կալուգայի գիտահետազոտական ռադիոտեխնիկական ինստիտուտը, ինչպես նաև 14 այլ ընկերություններ Վրաստանից, Բելգիայից, Միացյալ Թագավորությունից, Կանադայից, Չինաստանից ու Հոնկոնգից:


Ըստ հաղորդագրության՝ այս ընկերություններին այլևս արգելվում է Միացյալ Նահանգներից ապրանքներ ստանալ․ սահմանափակումն ուժի մեջ է մտել այսօրվանից՝ օգոստոսի 14-ից:


Վերջին շրջանում ամերիկյան մի շարք փորձագետներ հայտարարում են, որ Իրանի հարաբերությունները Հայաստանի համար կարող են խնդրահարույց դառնալ՝ ԱՄՆ- Իրան հակասությունների սրման պայմաններում:


Հատկանշական է, որ Հայաստանի մասին խոսելիս, փորձագետները հաշվի չեն առնում Հայաստանի ու Իրանի միջեւ առեւտրատնտեսական կապերն ու Իրանի նշանակությունը ՀՀ-ի համար տարածաշարջանային աշխարհաքաղաքականության հարցերում: Հայասատան-Իրան առեւտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով հասնում է շուրջ 300-350 մլն դոլարի:


Հայաստանն ու Իրանը գազ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային մեխանիզմով առեւտուր են իրականացնում: Բացի այդ Իրանն ու ԵԱՏՄ-ն, որի մասն է նաեւ Հայաստանը կնքել են ազատ առեւտրի մասին պայմանագիր, որը նախատեսում է Հայաստանի հետ Իրանի առեւտրաշրջանառության ակտիվացում:


Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Իրանի հետ հարաբերությունների կարեւորության մասին, իսկ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ում վերջերս կայացած հանդիպման ժամանակ ուղիղ կերպով հայտարարեց. «Մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»:


Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Նա կարևորել է Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայասատանի չորս սահմաններից երկուսը փակ է: Նրա խոսքով՝ հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ բարեկամ մեկ այլ երկրի:


Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և այդ առումով չի տեսնում խոչընդոտներ։