Երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Փաշինյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդրի վերաբերյալ այսօր հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում ենք արել Ամուլսարի հարցով: Լսել եմ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»,- գրել է վարչապետը:
Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:
Այսօր վարչապետ Փաշինյանը հադիպել էր ավտոերթով Երեւան ժամանած Ջերմուկի քաղաքացիների եւ բնապահպանների հետ Ամուլսարի հանքավայրի խնդրի վերաբերյալ: Այդ հանդիպումից հետո, Փաշի նյանը նույն խնդրի վերաբերյալ հանդիպում է անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
Հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանդիպմանը վարչապետը ներկայացրեց այսօր առավոտյան Բաղրամյան 26–ում տեղի ունեցած հանդիպման արդյունքները. «Կարծում եմ օրվա ընթացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ ուղիղ եթերով»,-ասաց նա: