25.11.2024
Անտարբեր չլինել Մխիթարյան միաբանության Մուրադյան վարժարանի ճակատագրի հանդեպ. նախագահի կոչը
prev Նախորդ նորություն

Պետությունն է վճարելու ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար․ Սիսեռյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում մնացած հայաստանցի զբոսաշրջիկների խնդրին եւ գրել է.


«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար:


Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»:


Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը բանակցություններ է վարում, որպեսզի Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը:


«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը հայրենիք։ Դեսպանության կողմից արդեն իսկ բանակցություններ են տարվում՝ հնարավորության դեպքում վերադարձը կազմակերպել արդեն իսկ այսօր»,- ասաց Աննա Նաղդալյանը, գրում է news.am-ը:


Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։


Սա արդեն երկրորդ դեպքն է: Հուլիսի 23–ին էլ չեղարկվել էին Երևան–Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ չվերթները։