Թուրքիան կշարունակի հակահրթիռային և ՀՕՊ տեսակետից կարևոր դեր խաղալ ՆԱՏՕ-ում. Ստոլթենբերգ
Թուրքիան կշարունակի հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության տեսակետից կարեւոր դեր խաղալ Հյուսիսատլանտյան դաշինքում՝ չնայած ձեռք է բերել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր։ Այս մասին ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլթենբերգը՝ ելույթ ունենալով անվտանգության ամենամյա համաժողովում, որը տեղի էր ունենում ամերիկյան Ասփեն քաղաքում:
Նա փաստել է, որ «Ս-400-ներն անհնար է ինտեգրել ՀՕՊ եւ ՀՀՊ միասնական համակարգում»։ «Բայց Թուրքիան կարող է նախկինի պես լինել դրա մի մասը՝ այլ հնարավորությունների տեսակետից»,- ավելացրել է Ստոլթենբերգը։
«Թուրքիան նախկինի պես կա եւ կմնա ՀՕՊ եւ ՀՀՊ ինտեգրված համակարգի մի մասը»,- ասել է նա։ «Նրանք ունեն ինքնաթիռներ, ունեն ռադիոտեղորոշիչ կայաններ, այլ հնարավորություններ, որոնք շատ կարեւոր են մեր ՀՕՊ եւ ՀՀՊ համակարգերի համար»,- փաստել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։ Նա նաեւ ընդգծել է, որ թուրքական իշխանությունները խորհրդակցություններ են վարում Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ՝ նրանցից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ։
Ստոլթենբերգը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ոչ մի երկիր կողմ չի եղել, որպեսզի Թուրքիան հանվի դաշինքից Ս-400-ների գնման պատճառով։ «Թուրքիան ՆԱՏՕ կարեւոր անդամ է։ Դաշնակիցներից ոչ մեկը (ՆԱՏՕ գծով) չի շոշափել այդ թեման։ Մենք բոլորս հասկանում ենք, որ կախված ենք միմյանցից»,- ասել է նա։
Ստոլթենբերգը նշել է, որ «տարաձայնություններ կան Ս-400-ների հետ կապված»։ «Քանի դեռ այդ հարցը լուծված չէ, մենք պետք է նվազագույնի հասցնենք բացասական հետեւանքները»,- ավելացրել է նա։