24.11.2024
ՀՀ-ՌԴ-Չինաստան-Իրան. անվտանգության քառակողմ ֆորմատ Երևանի համար
prev Նախորդ նորություն

Թուրքիան Աջարիան վերածում է երկրորդ Հյուսիսային Կիպրոսի

Թուրքիան փաստացի արդեն մեզանից խլել է Աջարիան՝ կրոնական, տնտեսական առումներով: Աջարիայում առկա են տասնյակ մահմեդական կազմակերպություններ, որոնք ուղիղ ֆինանսավորվում են Թուրքիայի կառավարության կողմից: Դա Թուրքիայի՝ Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարության մի մասն է, ինչի մասին անընդհատ հայտարարում է նախագահ Էրդողանը: Այդ մասին հայտարարել է վրացի քաղաքական գործիչ, քաղաքագետ Համլետ Չիպաշվիլին:


Նա նշել է, որ արդեն այսօր Թուրքիայի ավելի քան 60.000 քաղաքացիներ ունեն նաև Վրաստանի քաղաքացիություն:


Թուրքիան Նոր Օսմանյան կայսրության կառուցման իր ռազմավարության շրջանակներում պանիսլամիզմի և պանթուրքիզմի էքսպանսիա է իրականացնում մահմեդական Աջարիայում: Անկարան աջակցում է տեղի մահմեդական բնակչությանն ու նորանոր մզկիթներ կառուցում՝ դրանով տեղի մահմեդականներին Թուրքիայից կրոնական առումով ուղիղ կախվածության մեջ դնելով, իսկ պանթուրքիզմի շրջանակներում տարածաշրջանում բնակեցնում են թուրքեր՝ դրանով իսկ փոխելով Աջարիայի էթնիկ դեմքը:


Փափուկ էքսպանսիայի շրջանակներում Անկարան Աջարիան դարձնում է իր մարզերից մեկը, անհրաժեշտության դեպքում՝ թուրքերի դրդմամբ, այնտեղ կարող է տեղի ունենալ հանրաքվե՝ Թուրքիային միանալու կամ Վրաստանից անկախության հռչակելու տեսքով: Այդ պարագայում, հաշվի առնելով Աջարիայում թուրքերի քանակն ու համապատասխան լոբբինգն, Աջարիան ռազմական աջակցություն կխնդրի Թուրքիայից՝ սեփական պաշտպանությունն ապահովելու համար ու Բաթումում կհայտնվեն թուրքական ռազմանավեր:


Անկարան Աջարիայում կարող է մոդելավորել Հյուսիսային Կիպրոսի իրավիճակն, այդ թվում էթնիկ-կրոնական դեմքը փոխելու առումով:


Հիշեցնենք, որ Թուրքիան 1974 թ.-ին «Атилла» գործողության ընթացքում օկուպացրել է Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը, Կիպրոսի հյուսիսում իրականացրել հույների էթնիկ զտումներ և այդ շրջանում տեղակայել է իր ռազմաբազաները:


Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան դատապարտվել է միջազգային տարբեր կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի կողմից, բայց չնայած միջազգային բացասական վերաբերմունքին, Անկարան Հյուսիսային Կիպրոսում ստեղծեց երկրորդ թուրքական պետությունը՝ 1983թ.-ին ճանաչելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:


Այս պահի դրությամբ Հյուսիսային Կիպրոսում է գտնվում Թուրքիայի ԶՈւ-րի 11-րդ բանակային կորպուսը, որի ընդհանուր թիվը հասնում է գրեթե 40.000-ի:


Քանի որ Հյուսիսային Կիպրոսը միջազգայնորեն ճանաչված չէ, բոլոր տնտեսական գործողությունները իրականացվում են Թուրքիայի միջոցով, որտեղ տեղակայված են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեսպանատունը և հյուպատոսարանները: Բացի այդ, Անկարան Անատոլիայից թուրքական ընտանիքներ է բերել և բնակեցրել Հյուսիսային Կիպրոսում՝ այդ կերպ ամրապնդելով թուրքական ներկայությունն կղզու հյուսիսային հատվածում:


Թուրքիայի պանթուրքիստական և պանիսլամական՝ նեոօսմանական քաղաքականությունն Աջարիայում ուղիղ հարված է նաև Հայաստանի ազգային անվտանգությանը: Աջարիայում առկա է հայ համայնք և այնտեղ թուրքական ազդեցության մեծացման պարագայում հայ համայնքը ստիպված կլինի լքել Աջարիան՝ այդ կերպ թուլացնելով նաև հայկական ներկայությունը Վրաստանում: