Փաշինյանը ուղղակիորեն պատասխանատու է մարտի 1-ի համար. Քոչարյան
Այսօրվա վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008 թվականի մարտի մեկի մասայական անկարգությունների համար։ Նա կցանկանար վերաշարադրել պատմությունը, մեղավոր փնտրել այդ իրադարձությունների համար, և տվյալ դեպքում իր պատկերացումներով այդ մեղավորը ես եմ: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը դա է նշում որպես պատճառ, թե ինչու է ինքը դարձել այսօրվա իշխանությունների թիրախը: Բացի այս, նա նշել է, որ կա նաև Արցախի հանգամանքը՝ իրեն հետապնդելու համար, քանի որ «իր անցյալը և իր տեսակը Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում որոշակի անհանգստություն կարող են առաջացնել այն ուժերի մոտ, որոնք այդ կարգավորումը տեսնում են ոչ հայանպաստ ճանապարհով»:
Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները առաջնորդվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզով, ըստ որի՝ Արցախը բեռ է, իսկ այդ դեպքում «նույնիսկ ենթագիտակցորեն կմտածեն՝ ինչպես այդ բեռից ազատվել»։
Այնուհետ, անդրադառնալով արդեն կոնկրետ մեղադրանքներին Մեղրին հանձնելու մասով, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Ես հող հանձնող չեմ, այլ հող գրավող: Երբ դարձա Արցախի ղեկավարը, Արցախի տարածքի ուղիղ կեսը ադրբեջանական զինուժով օկուպացված էր, երբ ավարտվեց պատերազմը, ազատագրված էր ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, այլ նաև 7 շրջան: Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ: 7 շրջան ենք ազատագրել, միացրել Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի, և այսօր այդ տարածքները Ղարաբաղյան անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում: Ամեն մարդու աշխատանք պետք է գնահատել նաև այդ տեսանկյունից՝ ինչ վիճակում է ընդունել, ինչ վիճակում է հանձնել»: