24.11.2024
Փաշինյանի նախկին խորհրդականը կդիմի դատարան՝ ՎԵՏՕ-ի հարցադրումների պատճառով
prev Նախորդ նորություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստին: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.


«Կարող եմ արձանագրել, որ թերևս յուրաքանչյուր հայ որոշակի էմոցիոնալ կապ ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ և թերևս այդ կապն արձանագրելու համար բավական է անցնել Հայաստանն Արցախին միացնող ճանապարհներով և այդ ճանապարհներին տեսնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդանիշները, հասկանալով, որ հիմնադրամի աջակցությամբ է այդ ամենը կառուցվել, նաև բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, ջրատարներ Հայաստանում և Արցախում: Այդպիսով հասկանալի է դառնում, թե հիմնադրամն ինչպիսի կարևոր առաքելություն է իրականացրել երրորդ հանրապետության կյանքում, Արցախի կյանքում՝ ամենդժվար և ամենածանր օրերին սատար լինելով Հայաստանի Հանրապետությանը և Արցախին:


Ես համաձայն եմ Հանրապետության նախագահի հետ, որ նոր ժամանակներում մենք պետք է նորովի դիտարկենք և գնահատենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքները և տեսնենք նաև մեդալի հակառակ կողմը:


Վերջերս մի քանի առիթներով, այդ թվում՝ սփյուռքի ներկայացուցիչներից մի քանի հետաքրքիր դիտարկումներ եմ լսել, որոնք կցանկանայի կիսել ձեզ հետ: Շատ բարձր գնահատելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, երբեմն ասվում է, որ հիմնադրամի գործունեության կոնկրետ դրվագները նպաստել են Հայաստանի կամ հայկական համաշխարհային ներուժի դեմիստիֆիկացիային: Ի՞նչ է նկատի առնվում. նկատի է առնվում այն, որ ընդհանուր առմամբ մենք ինքներս, նաև շատերն աշխարհում հայկական ներուժ ասելով հասկանում են շատ հզոր, շատ ազդեցիկ մի ուժ և դա այդպես է իրականում: Հետևաբար, ինչո՞վ է ազդել, ի՞նչ բացասական ազդեցություն են ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության որոշակի դրվագները հայկական ներուժի իմիջի վրա:


Ամեն տարի մենք ուրախությամբ արձանագրում ենք և դա իսկապես ուրախանալու առիթ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակում հանգանակվեց 15 մլն դոլար, 10 մլն դոլար, 20 մլն դոլար, 25 մլն դոլար: Դա, իհարկե, շատ կարևոր և գնահատելի է: Բայց եկեք հասկանանք, թե ինչպես է դա երևում կողքից, դրսից, ուրիշների համար: Ուրիշների համար հարց է ծագում՝ սա՞ է հայկական ներուժը: Հայկական ներուժն այն է, որ ամբողջ աշխարհում հավաքում է 15 մլն դոլար և դրա համար ուրախանո՞ւմ: Ուզում եմ ընդգծել, որ հայկական ներուժի դեմ ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի հայկական ազդեցությունն ամբողջ աշխարհում նվազեցնեն: Գալիս են պահեր, որ հայկական ներուժի իմիջին հարվածելու համար երբեմն ինքներս ակամա շատ ավելի մեծ աշխատանք ենք անում, քան անում են մեր հակառակորդները:


Իհարկե հասկանալի է, որ հայկական ներուժը միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով չէ Հայաստանում ներդրումներ անում: Կան տասնյակ կազմակերպություններ և՛ սփյուռքում, և՛ Հայաստանում, որոնք անգնահատելի աջակցություն են ցուցաբերել, ցուցաբերում և դեռ համոզված եմ՝ կցուցաբերեն Հայաստանին և Արցախին: Բայց կարծում եմ, շատ կարևոր է ոչ միայն այն, ինչ տեղի է ունենում, տեղի ունեցողի բովանդակային խորքը, այլև այն, թե ինչպես է դա երևում և ինչպես է դա պատկերվում դրսի հայացքի համար, կողքի հայացքի համար և, ի վերջո, մենք մեր խորքում, ինքներս մեզ հետ մենակ մնալիս, ոչ հրապարակային ի՞նչպիսի հարցեր ենք դնում տեղի ունեցողի կապակցությամբ:


Կարծում եմ, ժամանակն է, որ այդ հարցերն ուղիղ, առանց սեթևեթանքի դնենք օրակարգում և քննարկենք: Իհարկե հասկանալի է, որ այս ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ, մենք ունեցել ենք խնդիրներ կոռուպցիայի հետ, կարող են չարաշահումների առանձին դեպքեր լինել, եղել են: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք և անում ենք, որ դա բացառենք, բայց դա ընդհանուր գործ է: Իհարկե, հասկանալի է, որ մենք ծրագրերի խնդիր ունենք, պետք է ծրագրերն իսկապես այնպիսին լինեն, որ ոգեշնչեն հնարավորինս շատ մարդկանց, դրանց կարևորությունը հնարավոր լինի ապացուցել, այդ ծրագրերի իրականացման հարակից էֆեկտները պետք է ավելի ազդեցիկ լինեն, որպեսզի մենք ոչ միայն ուղղակի ասֆալտապատ ճանապարհ կառուցենք, այլ տեսնենք, որ այդ ճանապարհն իր հետ բերում է զարգացում, իր հետ բերում է նոր կյանք, նոր հնարավորություններ ավելի ու ավելի շատ մարդկանց: Այս ամենը հասկանալի է և քննարկումից դուրս, բայց սրանք ավելի շատ կազմակերպչական բնույթի հարցեր են:


Փիլիսիոփայական բնույթի հարցը հետևյալն է, որ մենք որպես ազգ, որպես ժողովուրդ պետք է փոխենք վերաբերմունքն այս ողջ գործընթացի նկատմամբ: Ինչ որ առումով «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ոչ թե առանձին վերցրած ծրագրերի իրականացման հնարավորություն լինի, այլ, ըստ էության, դառնա մեր համազգային բյուջեն: Մենք ընդհանրապես պետք է մտածենք համազգային բյուջե ունենալու մասին և պետք է փոխենք մեր վերաբերմունքն այդ համազգային բյուջեի նկատմամբ: Մեր կառավարության գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկն այն է, որ մենք ուզում ենք փոխել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը պետական բյուջեի նկատմամբ և այդ վերաբերմունքի կարևոր փոփոխությունը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի ընկալի, որ այդ փողը ոչ թե ինքը տալիս է ուրիշին, այլ այդ փողը տալիս է ինքն իրեն, ինչպես ընտանիքում ծախսվում են փողերը տարբեր նպատակներով, այդպես էլ բյուջեում:


Այսինքն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընկալի, որ պետական բյուջեի միջոցները ծախսվում են հենց իր համար: Իհարկե, այս գաղափարաբանության շոշափելի էֆեկտը պետք է ապահովեն այդ գումարները ծախսողները, պետական բյուջեի դեպքում՝ կառավարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեպքում՝ գործադիր մարմինը, հոգաբարձուների խորհուրդը:


Ես ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ հարցն ամենևին էլ փողը չէ, հարցը փիլիսոփայությունն է, պետք է շոշափելի, շատ ավելի մեծ և շատ ավելի անմիջականորեն ցույց տալ, որ ամբողջ հայությունը կանգնած է Հայաստանի կողքին, ամբողջ հայությունը կանգնած է սփյուռքի կողքին: Այո՛, 20-րդ դարում դրված խնդիրները լուծվել են, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ 21-րդ դարում մարտահրավերներն ավելի են լրջանում, մարտահրավերներն ավելի են ահագնանում և այդ ահագնացող մարտահրավերներին հայության արձագանքը, մեր բոլորի արձագանքը պետք է լինի համարժեք, որովհետև, ի վերջո, նախագահները, վարչապետները, կառավարություններն անցողիկ են, իսկ հայրենիքը հավերժ է, ժողովուրդը հավերժ է: Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժությանը, հայրենիքի և ժողովրդի հավերժությունը մի հարց է, որը լուծում պետք է ստանա այսօր, ամեն օր այդ հարցը պետք է լուծում ստանա այսօր:


«Հայաստան» համահայկական հիմնադրամի էության և բովանդակության փոփոխությունը ես տեսնում եմ հենց այս խնդրի լուծման մեջ և համոզված եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, անհրաժեշտ միասնություն, անհարժեշտ հմտություն և իմաստնություն մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժության օրակարգը սպասարկելու, մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժությունն ապահովելու համար»: