24.11.2024
Իրանից Հայաստան եկած երիտասարդների մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել. ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Վերաքննիչ դատարանը մերժել է «1in.am»-ի բողոքը․ Ռոբերտ Քոչարյանին կվճարվի փոխհատուցում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության գործով պատասխանող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբից։

Հունիսի 13-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ Նորա Կարապետյանի, դատավորներ Նաիրա Մարգարյան և Անի Մխիթարյանի մասնակցությամբ, մերժել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի կողմից՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ հունվարի 18-ի վճռի դեմ ներկայացրած բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատական ակտը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջին ատյանի դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի հայցը և պարտավորեցրել՝ «www.1in.am» լրատվական կայքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված չորս հոդվածներում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հերքում հրապարկել այն մասին, որ հիշյալ հոդվածներում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է:

Դատարանը պատասխանող կողմին պարտավորեցրել էր հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար:

Դատարանը մասնակի բավարարել էր նաև հայցվոր կողմի ներկայացրած զրպարտության դիմաց փոխհատուցման վերաբերյալ 2.000.000 դրամի չափով պահանջից՝ 400 000 ՀՀ դրամը:

Դատարանի այս վճռի դեմ էլ պատասխանող կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որըև մերժվել է:
Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դեռևս նախորդ տարի օգոստոսի 27-ին հայց էր ներկայացրել դատարան՝ նշելով, որ 2018թ․ հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը:

Մասնավորապես` 2018 թ․ հունիսի 7-ին ընկերությանը պատկանող «www.1in.am» ինտերնետային կայքում և «ժամանակ» օրաթերթում հրապարակվել են հոդվածներ՝ «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել», 23.06.2018 թվականին՝ «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», 24.06.2018 թ․՝ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը՝ Ռոբերտ Քոչարյան» և 28.06.2018 թ․՝ «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրերով:

Հայցվորի ներկայացուցիչը նշել էր, որ հոդվածներում ներկայացված փաստերն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և դատարանին խնդրել էր պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պարտավորեցնել ընկերությանը զրպարտության դիմաց Ռոբերտ Քոչարյանին վճարել փոխհատուցում: