Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ճակատագիրը մնում է անորոշ: Այս տարվա հունիսի վերջին հանքավայրի շահագործման հետեւանքների մասին միջազգային կազմամերպության կատարած եզրակացությունը հայտնի կդառնա հանրությանը: Այդ եզրակացությունը պատվիրել է Քննչական կոմիտեն: Ամիսներ շարունակ հանքավայրի շահագործումը դադարեցված է:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում է 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը։ Քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց Ամուլսարի ճակատագրից․
«Միջազգային կազմակերպությունը պետք է տար եզրակացություն։ Ի՞նչ վիճակում ենք, այդ եզրակացությունը կա՞, թե՞ չկա։ Եթե կա, ապա ի՞նչ է բխում հետո, որպեսզի մեր հանրությունն իմանա՝ Ամուլսարի ճակատագիրն ինչպիսին է լինելու»,- մասնավորապես հարցրեց Մելքումյանը։
Ի պատասխան Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ պատվիրված եզրակացությունն արդեն Քննչական կոմիտեն ստացել է։
«Քննչական կոմիտեն է պատվիրել եզրակացությունը հարուցված քրեական գործի շրջանակներում։ ՔԿ-ն եզրակացության հիմա վրա տեղեկատվություն կտա, եւ եթե եզրակացությունը կլինի բացասական եւ կնշվի, որ վտանգները, որոնք առկա են այդ կազմակերպության գործունեության հետ, անհամատեղելի են, մասնավորապես, օրինակ, ջրային ռեսուրսների հետ, ապա կարծում եմ, ՀՀ կառավարությունը իրավական գործընթաց կիրականացնի, որպեսզի այդ աշխատանքները դադարեցվեն»,- պարզաբանեց Էրիկ Գրիգորյանը։
Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ այսինքն՝ Ամուլսարի հետ կապված եզրակացությունը կա, բայց չի հրապարակվում, հնարավո՞ր է դա ձգձգվի վեց ամիս։ Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ հունիսի վերջին եզրակացությունը հայտնի կդառնա հանրությանը։
ՀՀ քննչական կոմիտեից հաստատում են՝ Ամուլսարի ոսկու հանքի ամբողջական և վերջնական եզրակացությունը ստանալու են հունիսի 28-ին: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը: «Այս պահին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության դեռևս երկու ոլորտին վերաբերող եզրակացությունն ենք ստացել, այն էլ նախնական՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման եզրակացությունները», - հայտնեց Հարությունյանը:
Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հանրային կապերի պատասխանատու Աննա Սաղաբալյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընկերությունը դեռևս չի ստացել նախնական եզրակացությունը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը, որը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։