27.11.2024
Ժամանակն է ԵԱՏՄ-ում ստեղծել գիտակրթական-հումանիտար ծրագրերի հիմնադրամ. Սաֆարյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանի անձնական ռեյտինգն այլևս չի օգնում նրա թիմին

Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է քաղաքապետի ընտրություններում իր հաղթանակի մասին:


Ընտրություններում Վահագն Գևորգյանը հավաքել է 8441 ձայն, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8032 ձայն:


Աբովյանում կայացած ընտրություններում ՔՊ-ի թեկնածուի պարտությունը, այն էլ այն պարագայում, որ նրա համար անձամբ քարոզչություն էր իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսում է այն մասին, որ հասարակության շրջանում մեծանում է հիասթափությունը թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ նրա կադրերից ու թիմից:


Աբովյանում միշտ էլ ուժեղ են եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիրքերն ու նրա կադր համարվող Գևորգյանի հաղթանակն, այսպես ասած, տեղական proxy war-ում Ծառուկյանի ու նրա թիմի հաղթանակն էր Փաշինյանի նկատմամբ:

Աբովյանի ընտրությունները պետք է լուրջ մեսիջ լինեն Փաշինյանին, որ նա այլևս չի վայելում այն աջակցությունն, ինչ մեկ տարի առաջ և այսպես շարունակելու պարագայում՝ տնտեսական ոչ մի խնդիր չլուծելով, ևս մեկ տարի անց նրա վարկանիշը կարող է կրկնակի նվազել:


Աբովյանի ընտրությունները նաև լուրջ ցուցիչ էին, որ Ծառուկյանը մարզերում վայելում է հասարակության աջակցությունն ու նրա տնտեսական ծրագրերը նրա համար լրացուցիչ էլեկտորատ են ապահովում: Պոպուլիզմը կարող է հասարակությանը պահել էյֆորիայի մեջ որոշ ժամանակ, սակայն դա չի կարող անվերջ շարունակվել: Հասարակությունը տեղերում քվեարկում է այն ուժերի ու գործիչների օգտին, ովքեր ռեալ աշխատանք են ցույց տալիս: Մարզերում էլեկտորատն ավելի պրագմատիկ է:


Փաշինյանի համար ՏԻՄ ընտրությունների արդյունքները պետք է դառնան սեփական թիմը կարդինալ կերպով փոխելու մեկնարկի սկիզբ, եթե նա ցանկանում է պահպանել իշխանությունը, հակառակ պարագայում Փաշինյանն ազդեցություն է ունենալու միայն սեփական ՔՊ-ական թիմի, ուժայինների և հասարակության դեռևս չհիասթափված մասի վրա՝ մարզերը զիջելով այլ թեկնածուների ու հնարավոր է նաև հենց ԲՀԿ-ին:


Կադրերն այսօրվա ՀՀ կառավարության աքիլեսյան գարշապարն են և Փաշինյանի համար օրակարգային է դառնում թիմի ռեստարտն ու փոփոխությունը՝ ռեալ արդյունքներ տեղերում ցույց տալու համար: Հակառակ պարագայում մարզպետները շարունակելու են լինել ՔՊ-ական, սակայն ոչ մի ազդեցություն ու իրական ռեյտինգ չեն ունենալու իրենց իսկ գլխավորած մարզերում, գյուղերում ու քաղաքներում:


Խորքային պետությունը (deep state)՝ մարզերում բիզնեսմենները, քրեական հեղինակություններն ու ազդեցիկ մարդիկ, միշտ էլ եղել են նախկին իշխանությունների հսկողության տակ: Այժմ էլ նրանք կարող են ցանկացած պահի ակտիվանալ և լուծել հարցեր ՏԻՄ ընտրություններում:

Ուժայինները, որոնք գտնվում են Փաշինյանի հսկողության տակ թույլ չեն տալու ընտրակաշառք և ընտրություններում կեղծիքներ, սակայն թափանցիկ ընտրություններում կարող են շարունակել հաղթել այն թեկնածուները, ովքեր ռեալ ազդեցություն ունեն մարզերում և նրանք ՔՊ-ական ու Փաշինյանի թիմակիցները չեն լինելու: