27.11.2024
Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. գույքի վրա արգելանք է դրվել
prev Նախորդ նորություն

Ժամանակն է ԵԱՏՄ-ում ստեղծել գիտակրթական-հումանիտար ծրագրերի հիմնադրամ. Սաֆարյան

Եվրասիական փորձագիտական ակումբը քննարկել և պաշտպանում է ԵԱՏՄ խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը, գնահատելով այն շատ հասունացած ու կարևոր: Այս մասին ԱԺ-ում ընթացող «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում, մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Պատրաստ ենք մեր փորձագետների մակարդալով եվրասիական տարածքի հարթակներում առաջ մղելու այս հարցը: Կարծում ենք, որ օրենսդրությունների համահունչ դարձնելու, ինչպես նաև որոշ քաղաքական և գաղափարախոսական հարցերում դիրքորոշումներ մոտեցնելու առումով այս վեհաժողովը շատ օգտակար կարող է լինել»,- հայտարարեց նա:

Սաֆարյանը հանդես եկավ երկու գործնական առաջարկով: Նախ, նա հիշեցրեց Նուր- Սուլթանում տեղի ունեցած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որի ժամանակ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ելույթից, ըստ նրա, պարզ դարձավ, որ մոտակա ժամանակներում, տնտեսական գործիքակազմի միջոցով, նպատակ կա խորացնել համագործակցության հնարավորությունները, բայց ոչ մի խոսք չասվեց քաղաքական ինտեգրացիայի մասին.

«Սա նշանակում է, որ մոտակա տարիներին պետք չէ սպասել Եվրասիական տնտեսական միության տնտեսական հիմքերի զարգացում նաև քաղաքական մակարդակով: Սա ոչ լավ է, ոչ վատ, այլ քննարկելու հարց է, որի նկատմամբ պետք է ունենալ վերաբերմունք: Բայց այն հանգամանքը, որ մենք արդեն 5 տարի է համագործակցում ենք տնտեսական մակարդակով և ունենք շատ լավ տնտեսական իրողություններ մեզ տեղիք է տալիս մտածել՝ իսկ տնտեսական զարգացման տեսլականը մեր ինչպիսի՞ն է, էլ ավելի ինչպե՞ս ենք խորացնելու մեր տնտեսական ընդհանուր օրգանիզմը, ինչո՞վ ենք ավելի կատարելագործելու, ուժեղացնելու այդ տնտեսական օրգանիզմը և ինչքանով ենք դրա հնարավորությունները ծառայեցնելու կոնկրետ ՀՀ քաղաքացիների շահին ու սոցիալական իրավիճակի բարելավմանը»,- հարցադրումներ հնչեցրեց նա:

Ըստ այդմ, նա ներկայացրեց առաջարկները.

«Միանգամայն հասունացած եմ համարում Եվրասիական տնտեսական միության տարածքում գիտակրթական և մշակութային, հումանիտար ծրագրեր իրականացնող հիմնադրամի ստեղծման գաղափարը: Մեր շատ գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ և այլն սրտնեղում են, որ չեն հերիքում միջոցներ մեր հասարակություններն իրար մոտեցնելու, մեր հասարակությունները միմյանց հետ կապելու և համագործակցություն զարգացնելու համար: Եթե մենք կարողանանք ստեղծել գիտակրթական և մշակութային, հումանիտար ծրագրեր իրականացնող հանձնաժողով, որը կարող է գործել ԵՏՀ-ին կամ Եվրասիական զարգացման բանկին կից, այն կարող է մեծ օգուտ բերել մեր հասարակությունների մերձեցմանը»,- ասաց նա:

Արամ Սաֆարյանը նաև արձանագրեց, որ արդեն երրորդ տարին է իրենք արձանագրում են, որ Հայաստանում անընդհատ մեծանում է գիտական շրջանակների հետաքրքրությունը դեպի եվրասիական իրողությունների ուսումնասիրություն, բայց մինչև հիմա չեն կարողացել լուծել այն հարցը, որ բազմակողմ հետազոտությունները կարողանան իրականություն դարձնել: Սրա պակասը, նրա խոսքով, մեծ է և զգացվում է .

«Ցավում եմ, որ Հայաստանի գիտության պետական կոմիտեն մինչև հիմա դանդաղ է կողմնորոշվում այս անհրաժեշտության հարցում և հույս ունեմ, որ մենք կարողանալու ենք համատեղ ջանքերով հետաքրքիր և ոչ միայն օգտակար ու շահավետ դարձնել եվրասիական ինտեգրումը»,- հավելեց նա իր ելույթը: