Իոաննիսյանն իր ասածի տերն եղավ՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցվել
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 4-ի որոշմամբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցել:
«Հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 3-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով»,- ասված է որոշման տեքստում:
Վարույթը հարուցվել է Փաստերի ստուգման հարթակի «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» հրապարակման հիման վրա, որով հետաքննություն էր ներկայացվել՝ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա կեղծ տվյալների և անճշտությունների մասին։
Նշենք, ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) հրաապարակել էր տվյալներ այն մասին, որ Ալեն Սիմոնյանը կեղծ հայտարարագիր է ներկայացրել: Դանիել Իոաննիսյանը դա պնդեց նաև այն բանից հետո, ինչ Սիմոնյանը հրապարակեց տեղեկանք բանկից իր վարկային պատմության մասին:
«Եթե Ալեն Սիմոնյանը համարում է, որ իրեն զրպարտել ենք, շատ ուրախ կլինենք դատարանում ապացուցել, որ որևիցե զրպարտություն չկա։ Բայց նախքան այդ Ալեն Սիմոնյանի արարքներին իրավական գնահատական պետք է տան քննչական մարմինները»,- հայտարարել էր Իոաննիսյանը։