25.11.2024
Իոաննիսյանն իր ասածի տերն եղավ՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցվել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Իշխանությունը որոշել է ոչնչացնել ԲՀԿ-ին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակի միջոցով ոչնչացնել ԲՀԿ-ին եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ ցույց տալով, որ Ծառուկյանը հանրային աջակցություն չունի նույնիսկ իր հարազատ քաղաքում: Աբովյանում «Իմ քայլի» քայլերթը տպավորիչ դարձնելու համար մոբիլիզացվել է կուսակցության եւ իշխանության ողջ ներուժը՝ Հրազդանից մինչեւ Մարտունի, Էջմիածնից մինչեւ Աշտարակ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի որոշ գնահատականներ դարձյալ հարցեր են առաջացրել մեր երկու պետությունների հարաբերություններում։ Օրվա երկրորդ կեսին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստիպված է եղել հարցազրույց տալ՝ ասելով․ «Ե՛վ հիմա, ե՛ւ նախկինում ՀՀ իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի եւ վերջին զարգացումների մասին: Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն եւ գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ․․․ Մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, եւ անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական կոշտ է արձագանքել ՀՅԴ-ականների կողմից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ բռնությանը, դրանից հետո ՀՅԴ-ականների «Ես եմ ծեծել» ակցիային: Փաշինյանը նշել է. «Բանաձեւ կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Սա ասում են էն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք»։ ՀՀ վարչապետը նաեւ ընդգծել է. «Եթե կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի։ Եւ բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ բերվելու են պատասխանատվության, որեւէ մեկը թող մեր բարեկրթությունը չշփոթի թուլության հետ»: 


Սակայն ՀՅԴ-ականները պնդում են, որ այդ խոսքերն իրենց չէին ուղղված: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե վարչապետի հայտարարություններում ՀՅԴ-ին ուղղված որեւէ խոսք չի տեսել, այլ դրանք միայն անհասցե մեղադրանքներ են: «Եթե Դաշնակցությանն է ուղղված, թող կոնկրետ ասեն, մենք էլ կխոսենք։ 25 տարի առաջ ՀՅԴ-ն բանտերում էր, 30 տարի առաջ էլ Արցախի սահմաններն էր պաշտպանում»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց Սաղաթելյանը։ Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը այս տարվա հունվարին ՀՅԴ ընդհանուր ժողովին իր ուղերձում իշխող մեծամասնության անունից այդ կուսակցության հետ համագործակցության պատրաստակամություն էր հայտնել: Բայց այդ կոչը կարծես մերժվեց, ու ավելին՝ հիմա նրանց հարաբերությունները գնալով սրվում են: Պատահական չէ, որ ՀՅԴ-ականները պարբերաբար քննադատում են իշխանություններին, ընդ որում՝ բավական կոշտ` չմոռանալով տողատակերում նաեւ որոշակի սպառնալիքներ հնչեցնել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԱՊՎ նախկին պետ, նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաարմատական քննադատներից Դավիթ Շահնազարյանն այցելել է Բաղրամյան 26 եւ հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ընդ որում՝ Շահնազարյանը նախագահականի շենք է մտել եւ դուրս եկել հետնամուտքով, այսինքն՝ նա չի ցանկացել, որ այցը հանրային ուշադրություն գրավի: Ցավոք, հայտնի չէ, թե արտաքին քաղաքականության կամ Արցախի խնդրի կարգավորման կամ էլի ինչ հացերի շրջանակ է քննարկվել այդ հանդիպման ընթացքում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության վերնախավում առաջիկայում կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Քննարկում են հատկապես տնտեսական-ֆինանսական բլոկի նախարարների ազատման հարցը, այդ թվում՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի։ Նրանց «քավության նոխազ» կդարձնեն՝ այս պաշտոնյաների ուսերին բարդելով տնտեսական հեղափոխության եւ պետության զարգացման դանդաղկոտության պատճառները։ Երեկ մեր լրագրողը նախարար Ջանջուղազյանին հարցրել է իր հնարավոր պաշտոնանկության մասին: Վերջինս, սովորույթի համաձայն, հումորի է վերածել՝ ասելով, թե վերջապես իր սիրած «առանց կոստյումի» ֆորմատում հանդես կգա, նաեւ ավելացրել է․ «Ինչո՞ւ եք զարմանում․ եթե դուք ինձ առանց կոստյումի չեք պատկերացնում, ապա ասեմ, որ հաճախ է այդպես լինում, տանը եւ այլ վայրերում, ես միշտ չէ, որ կոստյում եմ հագնում»: 


Քննադատների տեսակետներին ի պատասխան՝ նա նշել է․ «Ես այդպես միարժեք չեմ կարող գնահատել, ասել՝ դանդաղ է, կտրուկ է, արագ է եւ այլն, որովհետեւ, նախ՝ չափորոշիչներ սահմանված չեն, որ հասկանանք՝ ինչի մասին է խոսքը։ Երկրորդն էլ՝ սպասումների իմաստով․ ես երազել կարողանո՞ւմ եմ, թե՞ չէ։ Կարողանում եմ։ Իմ պատկերացրածն ու երազածն այն չէ, ինչ մենք ունենք, բոլոր ջանքերը պետք է ներդնենք՝ մեր երազանքն իրականություն դարձնելու համար»։ Ջանջուղազյանը, հղում անելով Փաշինյանի խոսքերին, իր մտքերն էլ շարադրել է նույն տրամաբանությամբ․ «Ինչքան էլ որ մենք ուզում ենք ամեն ինչ ունենալ միանգամից ու հիմա, պետք է հաշվի նստենք իրականության հետ․ կառավարության որոշումները չեն կարող չլինել հավասարակշռված»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իրենք կաշկանդված չեն որեւէ գերատեսչությունում ուսումնասիրություններ իրականացնելու հարցում: Յոլյանը հավելել է նաեւ, որ նախկինի նման պալատն այդքան էլ մեծ լիազորություններ չունի. իրենք ուսումնասիրում են, իսկ որակավորումն ու դատողությունը պետք է անի ԱԺ-ն: Իսկ դիտարկմանը, թե տպավորություն է, որ պալատը մղվել է երկրորդ պլան, քանի որ հիմա պալատի նախկին գործառույթը դրված է պետական վերահսկողական ծառայության վրա, մեր զրուցակիցն ասաց, որ տարբեր գործառույթներ են իրենք իրականացնում: Յոլյանը, որ այս պաշտոնում նշանակվել էր նախկին իշխանությունների օրոք, խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին` ասելով. «Նորմալ աշխատում ենք, եթե խնդիրներ են լինում, պարոն Փաշինյանի հետ քննարկումներ են լինում, տրվում են դրական պատասխաններ եւ այլն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 9-ին՝ առաջիկա կիրակի, Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում գյուղապետի ընտրություններ են: Գյուղացիներն ընտրություն պիտի կատարեն գործող գյուղապետի ու ՔՊ-ական, բայց իբրև անկուսակցական առաջադրված Սայադ Ալմաստյանի միջև: Իսկապես անքննելի են հեղափոխականների գործերն ու իդեաները. տարիներ շարունակ շմայսներից բողոքող Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն գյուղապետի թեկնածու է առաջադրել մեկին, ով ստացել է ընդամենը 8-ամյա կրթություն, իսկ այդ ընթացքում հասցրել է երկու անգամ մնալ նույն դասարանում: Գյուղացիները պատմում են, որ Սայադ Ալմաստյանին ՔՊ-ում տեսել ու գնահատել են ոչ թե գիտելիքների, այլ այն բանի համար, որ անցյալ տարի, հեղափոխության օրերին, հարևան գյուղում մասնակցել է փողոցները փակելու ակցիային և այդ մասին, հեղափոխության հաղթանակից հետո, «հերոսաբար» լուսանկար տեղադրել Ֆեյսբուքի իր էջում: Գյուղացիների հարցին, թե արդյոք իր կրթությունը բավարարո՞ւմ է` համայնք ղեկավարելու համար, Սայադ Ալմաստյանն ինքնավստահ պատասխանում է․ «Լիքը պարապ գրագետ իսան կա, դրանց կբերեմ ավագանի, օր ընձի խորհուրդ տան, կարևորը ես եմ հեղափոխության վախտ ճամփա փակե»: Ահա նման հեղափոխական բարքեր. 8-ամյա կրթություն ստացած ու էդ ընթացքում երկու տարի նույն դասարանում մնացած հեղափոխական Սայադը հավակնում է դառնալ «գյուղի ռևիզոր»` անգամ չհասկանալով, որ ավագանին ընտրվում է գյուղացիների կողմից, ոչ թե գյուղապետն է նրանց նշանակում: Թե որտեղից են ՔՊ-ում գտնում թանգարանային նման էքսպոնատների, դժվար է ասել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանն Արցախում սկսել է ստորագրահավաք․ համապատասխան թվով ստորագրությունների դեպքում կարող ես դիմել խորհրդարանին` Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով: Հավաքվող ստորագրությունները միտված են քաղաքացիության նորմի փոփոխմանը. Արցախի սահմանադրությունն ամրագրում է՝ եթե անձը 10 տարի մշտապես չի բնակվել Արցախում, չի կարող դառնալ նախագահի թեկնածու: Սամվել Բաբայանի կողմնակիցներն առաջարկել են՝ եթե անձն ապրել է Հայաստանում 10 տարի, դա պետք է համարել նաեւ Արցախի քաղաքացիություն ունենալու իրավական նորմ։ «Ճիշտ է, սա առաջին հերթին Սամվել Բաբայանն իր համար է անում, որովհետեւ ինքը 10 տարվա բնակության ցենզ Արցախում չունի, Հայաստանում գուցեեւ ունի, սակայն նման մոտեցումը դաշտ է բացում նաեւ Հայաստանում ապրող այլ թեկնածուների համար։ Դիցուք, ասենք, այս օրերին մեզ մոտ` Արցախում, շրջանառվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի անունը՝ որպես նախագահի թեկնածուի»։ Ինչո՞ւ միայն նրա, իսկ ինչո՞ւ ոչ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, «ծռերը» եւս կարող են հավակնել։ «Դե, հա, մենք էլ ուզում ենք հասկանալ` մեծ հաշվով, ում համար է արվում այդ փոփոխությունը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Բաց հասարակության հիմնադրամի՝ Սորոսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցներին բավականին ոգեւորել են Նարեկ Մալյանի եւ նրա կողմնակիցների կողմից կազմակերպվող միջոցառումները: Դրանց արդյունքում հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձը կրկնապատկվել է, քանի որ համարվում է, որ նրանք աշխատում են էքստրեմալ պայմաններում: Չի բացառվում, որ Սորոսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը դրամաշնորհ տրամադրի Նարեկ Մալյանին ամիսը մեկ-երկու անգամ նման բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, որպեսզի էքստրեմալ աշխատանքային պայմաններից բխող աշխատավարձի կրկնապատկումը չընդհատվի»:


«Փաստ» թերթը գրում է. «Դատավորների եւ ընդհանրապես իրավական համակարգում ընթացող գործընթացների առումով հետաքրքիր երեւույթներ են կատարվում: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները լուրջ պարադիգմայի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ, այսպես կոչված, ներքին «վեթինգի» եւ որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլեւ առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա: Փաստորեն ստացվում է, որ դատաիրավական համակարգում ստեղծված համապետական աղմուկն ընդամենը փոթորիկ է մի բաժակ ջրում՝ առավելապես հիմնազուրկ, ասել է թե՝ դատավորների մոտ 80 տոկոսի հետ կապված որեւէ խնդիր չկա, եւ նրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակեն պաշտոնավարել, եթե արհեստական հիմքեր եւ ճնշումներ չիրականացվեն նրանց նկատմամբ, ինչը, ի դեպ, երեկ բացառեց վարչապետը՝ նշելով, թե իրեն խամաճիկային դատարան պետք չէ»: