ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հանրությանն ուղերձով՝ փաստացի արձագանքելով վարչապետի Նիկոլ Փաշինյանի՝ «դատարաններն արգելափակելու» կոչին:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։
Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները։
Այս պահին աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ անընդհատ կապի մեջ եմ համապատասխան պետական մարմինների հետ:
Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին:
Աստված պահապան բոլորիս», - ասած է նախագահի հայտարարության մեջ:
Այսօր՝ մայիսի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»։
Սա Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա չորրորդ գրառումն էր, մինչ այդ նա գրել էր, որ վաղը կհայտարարի հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկը, ավելի վաղ խոստացել էր, որ վաղը հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»։ Սրան էլ նախորդել էր մեկ այլ գրառում՝ «Էն մյուս հարցերի մասին վաղը կխոսենք, ժողովուրդ ջան: Կարեւորը դուխներդ չգցեք: Ձեր դեմ խաղ չկա: Ժողովրդի դեմ խաղ չկա»։