Փաշինյանը պետք է թիմը մաքրի «հակառուսական կադրերից»
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, համաձայն որոնց՝ Արագածոտնի գործող մարզպետը տարիներ առաջ ՌԴ-ի դեմ բողոքի ակցիաների ընթացքում փորձել էր այրել ՌԴ դրոշը:
«Օրեր առաջ մամուլում նյութեր տարածվեցին, որ Արագածոտնի մարզպետը ժամանակին մասնակցել է մի ակցիայի, որտեղ փորձել են այրել ՌԴ դրոշը, բայց ոստիկանները թույլ չեն տվել անել դա, որից հետո մեր այսօրվա մարզպետը տրորել է ՌԴ դրոշը»,- նշել է Մարուքյանը:
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ նոր կառավարության կազմում հայտնվել են բազմաթիվ գործիչներ, ովքեր բացահայտ կապված են եղել Սորոսի հիմնադրամի և եվրոպական այլ գրանտային կազմակերպությունների ու ՀԿ-ների հետ:
Արևմտյան ֆինանսավորմամբ ու ԱՄՆ-ի դեսպանատան կուրացիայով գործող տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ բազմաթիվ հակառուսական ակցիաներ են անցկացրել Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց՝ այդ կերպ նաև վնասելով հայ-ռուսական հարաբերություններին ու հակառուսական տրամադրություններ հրահրելու փորձեր ձեռնարկել:
Մարուքյանի հայտարարությունը, կապված Արագածոտնի մարզպետի նշանակման հետ, կարող է վերաբերվել նաև Փաշինյանի կառավարության բազմաթիվ անդամների, ովքեր ՌԴ-ի դեմ բազմաթիվ ակցիաների են մասնակցել ու փորձել այդ կերպ շահել Արևմուտքի համակրանքը՝ ֆինանսական և ապագայում նաև քաղաքական աջակցության տեսքով:
ՀՀ-ում սկսվել է խոսվել լյուստրացիայի մասին, սակայն հենց լյուստրացիա անհրաժեշտ է իրականացնել առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի թիմում ու կառավարությունում, որտեղ շատ են մինչ հեղափոխությունը հակառուսական օրակարգով հանդես եկած անհատները, ովքեր այժմ 180 աստիճանով շրջվել են և սկսել են խոսել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի կարևորության մասին: Սակայն Մոսկվան ոչինչ չի մոռանում ու հասկանում է, որ տվյալ գործիչների «ռուսամետությունն» ունի կոնյուկտուրային պատճառներ:
Փաշինյանը պետք է իր թիմը «մաքրի» հակառուսական տարրերից ու այն գործիչներից, ովքեր նախկինում հանդես են եկել ՌԴ-ի դեմ ու փորձել են ՀՀ-ում հրահրել հակառուսական տրամադրություններ՝ արևմտյան ֆինանսավորմամբ:
Հակառակ պարագայում ՌԴ-ՀՀ հարաբերություններում միշտ էլ լինելու են ներքին բազմաթիվ հարցեր և փոխադարձ անվստահության մթնոլորտ, որն անհնար կլինի թաքցնել գեղեցիկ տեսարաններով ու փոխադարձ ջերմ մեսիջների օգնությամբ: