Վլադիմիր Կարապետյանը փոքր մարդ է, որ իմ զբաղեցրած պաշտոնի մասով այդպիսի հայտարարություններ անի։ Վլադիմիրկարապետյանները թող զբաղվեն իրենց գործառույթներով։ Այսպես է արձագանքել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՝ իր հասցեին հնչեցրած խոսքերին, գրում է 1in.am-ը:
Կարապետյանն արձագանքել էր Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները պետք է հարգեին «Մարտի 1-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԼՂ գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի խնդրանքը»։ Մինչ այդ Արցախի նախկին ու ներկա նախագահների խնդրանքը մերժել էր ՀՀ գալխավոր դատախազությունը՝ նշելով, որ իրենց դիմումի հասցեատերը դատարանն է: Նույն կարծինքն էր հայտնել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին հետեւել էր Բալասանյանի հայտնի հայտարարությունը: Այնուհետեւ Վլադմիր Կարապետյանը զսպվածության կոչ էր արել Արցախի ԱԽ քարտուղարին:
Սակայն Վիտալի Բալասանյանը միայն այդ հայտարարությունով չէր սահմանափակվել: Նա եռատոնի ժամանակ, Շուշիում, լրագրողներին ուղղորդել էր դեպի ՀՀ վարչապետը՝ ասելով, որ «վերելակային բանակցություններ» վարողից հարցրեք, թե ինչու են սահմանին կրակոցները հաճախացել։
Ըստ «Հրապարակ» թերթի, ՀՀ ղեկավարությունը ծանր է տարել այս հեգնանքը, Բակո Սահակյանին զգուշացրել են կարգի հրավիրել Վիտալի Բալասանյանին, այլապես հաջորդ անգամ այլ լեզվով կխոսեն։ «Հակահեղափոխական օջախների մասին» Փաշինյանի ստատուսի մի պատճառը սա է եղել, մյուսը՝ այն, որ Շուշիում տոնական ճաշի ժամանակ նկատել է, որ Արցախի ղեկավարները խուսափում են շփումից։ Իսկ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը շրջանցել է Փաշինյանին։ Փոխարենը ջերմ ընդունելության է արժանացրել Սերժ Սարգսյանին, ում ուղեկցում էր Ռուբեն Հայրապետյանը», - գրում է թերթը:
Անգամ եթե իսկապես ՀՀ ղեկավարությունը զգուշացրել է Բակո Սահակյանին «կարգի հրավիրել Վիտալի Բալասանյանին», ապա կամ այդ զգուշացումը հաշվի չի առնվել, կամ նման զգուշացում իրականում չի եղել: Այլապես դժվար է բացատրել այն, թե ինչու Վիտալի Բալասանյանի վարքագծում փոփոխություն չի նկատվում:
Հարցին՝ ճի՞շտ եք համարում, որ ՀՀ իշխանություններին Արցախում շատ լավ դիմավորում եք, ձեռք եք սեղմում, իսկ հետո քննադատում նրանց, Բալասանյանը նշում է. «Բայց ի՞նչ ենք քննադատել։ Ես ասել եմ, որ Արցախի երկրորդ և երրորդ նախագահները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ նշելով, որ քանի որ ՀՀ իշխանությունները բազմիցս կոչ են արել միասնության, միակամության, համերաշխության, ապա պետք է հարգել այդ մարդկանց դիմումը։ Դա ի՞նչ ներքին կյանքին խառնվելու խնդիր է»։
Նույն հարցազրույցում Բալասանյանը եւս մեկ անգամ անդրադարձել է Փաշինյանի խոսնակի հայտարարությանը. «Վլադիմիր Կարապետյանը չէ, որ պետք է գնահատական տա նախագահների հայտարարություններին կամ իմ հարցազրույցին։ Ես որպես քաղաքացի եմ գնահատական տվել։ Ես ասել եմ, որ պետք է հարգեին նախագահների դիմումը։ Հիմա եթե դիմեր Արցախի իշխանություններին նման խնդրանքով, որը, կրկնում եմ, չէր վերաբերում քրեական գործը կասեցնելուն, այլ վերաբերում էր նրան, որ այս տոնական միջոցառումներին մասնակցեն բոլոր այն ղեկավարները, որոնք ներդրում են ունեցել Արցախի Հանրապետության կայացման գործին։ Ի՞նչ վատ բան կա այդտեղ»։
Այնուամենայնիվ Բալասանյանը նշել է, որ Արցախի ու ՀՀ իշխանությունների դիրքորոշումների միջեւ խզում չկա: «Որևէ խզում չկա։ Այն մարդիկ դրա մասին պաշտոնական կամ ոչ պաշտոնական լուրեր են տարածում, ցանկալի կլիներ նման լուրերից ձեռնպահ մնալ և այդպիսի հայտարարություններ չանեին։ Կա Հայաստան և կա Արցախ, ու մենք մեր աշխատանքները կատարում ենք պաշտոնական մակարդակում», - ընդգծել է նա։