Երեք ամսում ունենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Այն միջին հաշվով համադրելի է նախորդ երեք տարիների ցուցանիշներին»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ 6,5 տոկոս տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը 2 տոկոսային կետով, որը համեմատաբար ցածր է նախորդ երեք տարիների միջին ցուցանիշից։
«Դա բացատրվում է երկու գործոնով. Նախ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում անկում ենք ունեցել 20 տոկոսով, որն ունի երկու պատճառ. առաջինը, մետաղների միջազգային գները ավելի ցածր են, քան 2018-ի առաջին եռամսյակում են եղել: Պղնձի եւ ալյումինի գները նվազել են 12-15 տոկոսով: Այդ անկման ֆոնին լավ լուրն այն է, որ արագ է աճել մշակող արդյունաբերությունը: Առնվազն 7,5-8 տոկոսով աճ ունենք այդտեղ, ինչը նշանակում է, որ այն ճյուղերը, որոնք հիմնված չեն հումքի վրա, աճում են լավ տեմպերով»,-ասաց նախարարը:
«Ներքին առեւտրային շրջանառությունը նույնպես բավական բարձր ցուցանիշներով է բնութագրվել. 10 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն ենք ունեցել այդ հատվածում»,- նշեց Խաչատրյանը։
Խաչատրյանը տեղեկացրեց, որ ծառայությունների ոլորտն առաջին եռամսյակում աճել է 17,3 տոկոսով, ինչը բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ. «Այստեղ երկու հատված աճում է բավական լավ տեմպերով՝ ֆինանսական ծառայությունները եւ զբոսաշրջության հետ կապված ծառայությունները: Արտահանումը կրճատվել է 8,6 տոկոսով, իսկ ներմուծումը կրճատվել է 3,2 տոկոսով»:
Նախարարի խոսքով շինարարության ծավալի աճը, նախորդ տարվա առաջին երեք ամիսների նկատմամբ, կազմել է 10,8 տոկոս, իսկ գյուղատնտեսությունը ունեցել է մոտավորապես նույն ծավալը, ինչ 2018 թվականին։