VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ համագումարը, նախնական որոշմամբ, տեղի կունենա հունիսի 15-ին, թեպետ հնարավոր է՝ մի շաբաթ այս կողմ-այն կողմ։ Իսկ երեկ վարչության անդամության դիմումների վերջնաժամկետն էր։ Մոտ 60 թեկնածու է առաջադրվել, չնայած կա ներքին որոշում, որ կազմը 19 կամ 21 լինի՝ ներկայիս 13-ի փոխարեն։ Նոր կարգ է սահմանվել՝ ով ուզում է դառնալ ՔՊ վարչության անդամ, պետք է, այսպես կոչված, ընտրագրավ մուծի։ «Դա քարոզարշավի համար է, ծախսերը հոգալու»,- ասացին մեզ: Ընտրագրավի չափ է սահմանվել 200 հազար դրամը: Վարչության անդամի թեկնածուն սկզբում վճարում է 50 հազար, որ գրանցվի ու նախընտրական ելույթ ունենա համագումարում, իսկ հետո արդեն՝ որպես գրանցված թեկնածու, ավելացնում է 150 հազար դրամ: Եթե ընտրվում է վարչության անդամ, ապա նրան հետ են վերադարձնում 200 հազարը, եթե չի ընտրվում, գումարը գնում է կուսբյուջե»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանին հաջողվել է լեզու գտնել ոչ միայն իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ: Նա չափազանց ուշադիր եւ հոգատար է այդ իշխանության միջին օղակի ներկայացուցիչների հանդեպ: Ալեքսանյանը որդեգրել է «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության առավել երեւացող պատգամավորներին: Վերջիններս հնարավորություն ունեն երեկոյան ուշ ժամերին այցելել Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում գտնվող բրենդային հագուստի խանութ եւ ընտրել «Ջիլի», «Ջեյնա» եւ այլ հայտնի ընկերությունների արտադրանք: Բնականաբար, վճարումները կատարում է որդեգիր Ալեքսանյանը»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն, հայտնվելով արտախորհրդարանական կարգավիճակում, կես տարվա ընթացքում փորձում է մաքսիմալ վերադասավորվել: Այստեղ չեն էլ թաքցնում, որ կուսակցությունը վերակառուցման փուլում է, մասնավորաբար ակտիվացրել են աշխատանքները մարզային կառույցներում, ինչպես նաեւ ինտենսիվ համագործակցություն է պահպանվում ու զարգացվում արտասահմանյան գործընկերների ձեւաչափում: «Փաստ» թերթի տվյալներով, ներկայումս առաջնային խնդիրը այս ընթացքում ունեցած կադրային կորուստներից առավելապես անցնցում դուրս գալն ու ընդհանուր քաղաքականությունը պահելն է: Ի դեպ, մեր հավաստի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի՝ հրապարակային դաշտ վերադարձի խոսակցություններն այս փուլում ավելի շատ մարտավարական հնարք էին եւ իրականությանը չէին համապատասխանում. սա արվել էր հանրության ռեակցիաները ստուգելու, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի հանրային խոսքի հանդեպ սպասումներ ձեւավորելու համար: Այդ «զենքը», ըստ թերթի ՀՀԿ-ական աղբյուրի, կկիրառվի ավելի ուշ՝ պատեհ առիթով. մինչ այդ ընթանում է իշխանություններին «մաշեցնելու» մարտավարությունը: Ըստ ՀՀԿ-ականների, խնդիրը հեշտանում է նրանով, որ նախ՝ նրանք այս դաշտում մենակ չեն, ու արդյունքում արտախորհրդարանական ուժերին հաջողվում է որոշակի քաղաքական օրակարգ ձեւավորել, եւ վերջապես, ինչպես նշեց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը, իշխանություններն իրենք են իրենց ամենօրյա քայլերով նպաստում դրան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կոորդինացնում էր Երեւանի կոմունալ ոլորտը (հոսանք, գազ, աղբահանություն, սանմաքրում, ջրամատակարարում եւ այլն)։ Օրերս նրան զրկել են լիազորությունների զգալի մասից՝ կոմունալի համակարգումը հանձնելով Երեւանի նախկին փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին։ Երբեւէ քաղաքապետի խորհրդականը չի կատարել քաղաքապետի առաջին տեղակալի լիազորությունները։ Մեր տեղեկություններով, սա ոչ թե Հայկ Մարությանի, ով դժգոհ է նման որոշումից, այլ Նիկոլ Փաշինյանի որոշումն է: Վարչապետը հույս ունի, որ փորձառու Արեյանը կփրկի իրավիճակը վերջնական կոլապսից: Իսկ քաղաքապետարանն ու Մարությանը ջանք չեն խնայել, որ այս ընթացքում Կամո Արեյանի վրա քրեական գործ հարուցվի՝ պատկան մարմիններին են ուղարկվել մեծ թվով քիչ թե շատ կասկածելի փաստաթղթեր»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային՝ միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է նախկին վարչապետ, իսկ այժմ ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցածի հետ կապված, մինչդեռ այն ժամանակ սկանդալների պակաս չկար: Հիշում եք թանկարժեք բիոզուգարանների պատմությունը. ՀՀ պետական բյուջեի միջոցներից 124 մլն դրամ կամ մոտ 340 հազար ԱՄՆ դոլար էր ծախսվել երկու բիոզուգարան գնելու համար, բայց այդպես էլ դրանք չաշխատեցին: Ասել է թե՝ պարզապես վատնել էին պետական միջոցները: Սարգսյանի կառավարության գործունեության հետ կապված լրջագույն բացահայտումներ էին արել նաեւ այն ժամանակ նախագահի Վերահսկողական ծառայությունն ու Վերահսկիչ պալատը: Բայց, փաստորեն, այսօր այդ փաստերը որեւէ մեկն ուսումնասիրության առարկա չի դարձնում: Ավելին՝ երեկ Տիգրան Սարգսյանը մասնակցում էր Երեւանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին՝ հանդիպելով նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Շինափայտի, այսպես կոչված՝ տախտակի շուկայում թեժ մրցակցություն է ծավալվում: Վերջին 20 տարում շինափայտի ներմուծման եւ վաճառքի մենաշնորհը պատկանում էր Սերգեյ Մանուկյանին՝ Եվրոպայի Սերգեյ: Նա էր սահմանում շինափայտի ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ գները, որոնք իրականից անհամեմատ թանկ էին: Շուկայի ազատականացման արդյունքում շինափայտի գինը նվազել է առնվազն 25 տոկոսով եւ շարունակում է իջնել: Արդյոք Մանուկյանը կմեղադրվի ապօրինի հարստացման մեջ, թե ոչ՝ դեռ հայտնի չէ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում իրավիճակը լարված է: Վերջին օրերին ակտիվացել են այն տեղեկությունները, որ իշխանությունները նպատակ ունեն «չեզոքացնել» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Դրա վառ վկայությունը նաեւ ՔՈ կուսակցության անակնկալ դիմումն է դատախազին՝ ՀՀ Սահմանադրությունը խախտելու համար Գ. Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու եւ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների` ԲՀԿ-ում տեղյակ են, որ ՔՊ-ում եւս բողոքի ալիք է բարձրանում Գագիկ Ծառուկյանի` «գործարար» լինելու հանգամանքի հետ կապված, եւ այն շատ ակտիվ քննարկվել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության վերջին նիստում: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ դեռեւս պաշտոնական որեւէ հայտարարություն չկա, ուստի ինքը զերծ կմնա որեւէ բան մեկնաբանելուց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության փակ նիստերից արտահոսքի պատճառով նոր ֆորմատ է ձեւավորվել՝ 10 հոգանոց փակ խմբում, որի կազմում են Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը եւ այլք, նախնական քննարկում են անում, ապա այն հատվածը, որը ցանկանում են, որ «արտահոսվի», ներկայացնում են խմբակցության «փակ» նիստին: Վերջին` ԲՀԿ-ին «նվիրված» նիստում հնչել է 2 մեսիջ. «Իմ քայլը» եւ Արարատ Միրզոյանը քաղաքական հայտարարություն կանեն Ծառուկյանի մանդատի մասին, եւ խմբակցությունը «կհանձնի» Սերգեյ Բագրատյանին, եթե հարուցված քրգործով դատախազը մտնի ԱԺ։ «Մեծամասնությունը խոսում է շանտաժի լեզվով, որովհետեւ վախեր ունի ԲՀԿ-ից եւ Ծառուկյանից` ԱԺ ապագա վերադասավորությունների մասով, եւ դա անում է հատկապես Մեդվեդեւի այցի օրը՝ որպես մեսիջ Ռուսաստանին, որի հետ վերջին շրջանում Ծառուկյանի հարաբերությունները սերտացել են»,- ասաց իմքայլականը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում տեղի են ունենում մասշտաբային փոփոխություններ՝ Երեւանում տեղի ունեցող ԵԱՏՄ վարչապետների հավաքի իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, որ Հայաստանում որեւէ մեկն այլեւս չի կարող տնտեսական նպատակներ հետապնդելով շահարկել իր քաղաքական ազդեցությունը: Թեեւ Նիկոլ Փաշինյանն այդ հանգամանքը ներկայացրել է թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող համակարգային փոփոխությունների, այդ թվում՝ բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման կառավարության քաղաքականության համատեքստում, այդուհանդերձ այստեղ նշմարելի է բավականին նուրբ ակնկարկ Հայաստանում այս օրերին առկա ներքաղաքական իրողությունների համատեքստում: Խոսքն այն մասին է, որ վերջին երկու-երեք շաբաթներին հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մասնավորապես դրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությունն ու տնտեսական շահերը: Սա իհարկե նոր Հայաստանում Ծառուկյանի, այսպես ասած, «Աքիլեսյան գարշապարն» է՝ նկատի ունենալով այն, որ թավշյա հեղափոխությունից հետո առավել ցցուն է դարձել, ի դեմս նրա, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման խնդիրը, եւ այդ տեսանկյունից ԲՀԿ նախագահը կամա թե ակամա հայտնվել է, այսպես ասած, «կղզյակի» դերում, բայց ոչ թե ժողովրդավարության, այլ տրամաբանորեն հակառակ «կղզյակի»:
Վարչապետ Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ-ում, մասնավորապես դրա հենց այն հատվածը, որ տնտեսական նպատակներ հետապնդողները չեն կարող շահարկել իրենց քաղաքական ազդեցությունը, չափազանց թափանցիկ ակնարկ է, սակայն ոչ միայն զուտ ներքին իրավիճակի համատեքստում: Ի վերջո, ի՞նչ կապ ունի ներքին իրավիճակն ու ԵԱՏՄ վարչապետների հավաքը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական իրողություններով եւ հարցերով պայմանավորված իր դիտարկումների հարթակ դարձնի Երեւանում տեղի ունեցող հավաքը: Մեխն այստեղ այն է, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն իրենց հերթին հետհեղափոխական շրջանում գործնականում դիրքավորվել են Հայաստանում եվրասիական ինտեգրացիոն շահերի «կղզյակի» դերում, ինչի մասին վկայում են պարբերական հավաքներն ու միջոցառումները, որ Ծառուկյանի հովանու ներքո կազմակերպվում են Հայաստանում՝ եվրասիական տարածության իշխող քաղաքական ուժերի մասնակցությամբ: ԲՀԿ ահա այս անթաքույց դիրքավորման համատեքստում էլ հասկանալի եւ ուշագրավ է դառնում ԵԱՏՄ վարչապետների հավաքում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանի բավական թափանցիկ ակնարկը հայաստանյան ներքաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի դիրքավորման առնչությամբ: Փաշինյանի ակնարկն ըստ երեւույթին պարունակում էր այն իմաստը, որ եվրասիական աջակցությամբ Հայաստանում բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման հին ավանդույթի վրա դիրքավորվելու ԲՀԿ ակնկալիքը չունի հեռանկար՝ միաժամանակ ակնարկելով նաեւ ԲՀԿ այդ աջակցության միջոցով Հայաստանի ներքաղաքական կյանքում ազդեցության եվրասիա-ռուսական ակնկալիքների անհեռանկարության մասին»: