Երևանում իր աշխատանքներն է մեկնարկել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը
Երևանում իր աշխատանքներն է մեկնարկել Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Հայաստանը նիստին ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի կառավարության ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնցից 8-ը կքննարկվեն նեղ կազմով հանդիպման ընթացքում:
«Ես առաջին անգամ եմ մասնակցում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, և ինձ համար մեծ պատիվ է լինել նախագահող երկրի ներկայացուցիչը: Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց»,- ասաց ՀՀ վարչապետը:
Համաձայն օրակարգի, կողմերը կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, Միության ամրապնդմանը, միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նախատեսված է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ԵԱՏՄ շրջանակում ինտերնետային առևտրի զարգացման հեռանկարների շուրջ, կհաստատեն արտատնտեսական գործունեության կարգավորման համակարգում միասնական պատուհանի ազգային մեխանիզմի էտալոնային մոդելը:
Նշենք, որ սա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 17-րդ նիստն է:
Հիշեցնենք, 2019 թվականին Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը: