26.11.2024
Ադրբեջանում կկայանան թուրք-ադրբեջանական զորավարժություններ
prev Նախորդ նորություն

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեսիջ են տարածաշրջանին

Մայիսի 1-3 Ադրբեջանում կկայանան թուրք-ադրբեջանական համատեղ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019 զորավարժությունները: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:


Զորավարժությունների նպատակն է բարձրացնել զորքերի համատեղ գործողությունների արդյունավետությունը, փորձի փոխանակումն և այլն: Դրանց կմասնակցի զրահատեխնիկա, հրետանային զորքեր, մարտական ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր և այլն:


Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները հստակ մեսիջ են Հայաստանին ու Արցախին, որ Ղարաբաղում պատերազմի դեպքում Բաքուն, Անկարայի հետ առկա ռազմա-տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրով, կարող է հենվել նաև թուրքական ուժերի աջակցության վրա:


Դա կարող է արտահայտվել նախիջևանյան պլացդարմի համատեղ պաշտպանության կամ Արցախ թուրքական հատուկ ջոկատայիններ, ռազմական մասնագետներ և խորհրդականներ գործուղելով, ինչպես դա եղել էր ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում:


Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ական Թուրքիայի փորձն ու մարզումների մեթոդաբանությունը մտցնել սեփական զորքերում, որպեսզի բարձրացնի զինված ուժերի մարտունակությունն ու անհրաժեշտության դեպքում համատեղ գործողություններ իրականացնի:


Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները կրում են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը, ինչը նույնպես խորհրդանշական է՝ Բաքուն և Անկարան ցուցադրում են իրենց պանթուրքիստական միասնությունը:


Թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեսիջ են նաև Մոսկվային ու Թեհրանին, որ Թուրքիա-Ադրբեջան ռազմական տանդեմը գործելու է համատեղ: ՌԴ-ն տարածաշրջանում հենվում է ՀՀ-ի վրա՝ ՀԱՊԿ-ի ու երկկողմ պայմանագրերի շրջանակներում, ՀՀ-ում առկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, իսկ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները հսկում են ռուսաստանցի սահմանապահները:


Իրանն Ադրբեջանի հետ սերտացնում է տնտեսական, էներգետիկ-տրասպորտային կապերը, սակայն ռազմական, դաշնակցային առումով Բաքուն հենվում է մի կողմից Թուրքիայի վրա, իսկ մյուս կողմից՝ Իսրայելի, որն Իրանի թիվ մեկ աշխարհաքաղաքական հակառակորդն է ԱՄՆ-ի հետ միասին:


Թուրքիան Հարավային Կովկասում Ադրբեջանին դիտարկում է, որպես պլացդարմ՝ ռազմական, էներգետիկ, լոգիստիկ՝ դեպի Կենտրոնական Ասիա, Կասպից ծով և ՌԴ-ի Հյուսիսային Կովկաս:


Այս աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի պայմաններում ՀՀ-ն պետք է սերտացնի ռազմական կապերը ՌԴ-ի հետ, ինչպես նաև խորը տնտեսական կապեր հաստատի Իրանի հետ: Իրանն ու ՌԴ-ն տարածաշրջանում Թուրքիայի հակառակորդներն ու մրցակիցներն են, քանի ոև Մոսկվան ու Թեհրանը դեմ են Անկարանի պանթուրքիստական ծրագրերին ու թուրքական ազդեցության ամրապնդմանը Հարավային Կովկաս-Կասպից ծով-Կենտրոնական Ասիա առանցքում: