26.11.2024
ՀՀ-ն շահագրգռված է զարգացնել եվրոպական կառույցների հետ փոխգործակցությունը. վարչապետ
prev Նախորդ նորություն

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել. վարչապետ

Հանրապետությունում նախորդ տարվա մայիս-դեկտեմբեր ամիսներին 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Նախնական կանխավարկածով՝ դրանց մի մասը եղել են նախկինում ստվերում եղած աշխատատեղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների ներկայացմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե որ ոլորտներում որքան աշխատատեղեր են ստեղծվել և որքան ներդրումներ են կատարվել:


«2018-ին ունեցել ենք շատ տարօրինակ իրավիճակ: Մայիս-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում հայտնվել է 37 հազար նոր աշխատատեղ: Եվ մեր կանխավարկածն այն է, որ դրանց առնվազն 30 հազարը ստվերում եղած աշխատատեղերն են, որոնք հեղափոխությունից հետո սկսվել են գրանցվել: Մենք, ցավոք, չենք կարող ասել, թե որքան աշխատատեղ է ստեղծվել: Ֆորմալ առումով այդ 37 հազար աշխատատեղը ստեղծվել է մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում»,-ասաց Փաշինյանը:


Նա դժվարացավ նշել, թե որ ոլորտում որքան աշխատատեղ է ստեղծվել: Սակայն վարչապետը հավաստիացրեց, որ բավականին թվով նոր ստեղծվող աշխատատեղեր կան: Նա ընդգծեց, որ այս փուլում կլինեն փակվող և նոր ստեղծվող աշխատատեղեր, քանի սա տնտեսական տրանսֆորմացիայի մի փուլ է: Վարչապետը կարևորեց, որ փակվողների և բացվողների բալանսը պահպանվի և վստահեցրեց, որ իրենց քաղաքականության ողջ տրամաբանությունն այն է, որ բացվեն անհամեմատ ավելի շատ թվով աշխատատեղեր, քան փակվում են: