25.11.2024
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել. վարչապետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազում է, Սերժ Սարգսյանինը` բարձրանում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզանում պարբերաբար սոցհարցումներ են արվում ԱԱԾ-ի կողմից, նման ուսումնասիրություններ են անում նաեւ օտարերկրյա վերլուծական կենտրոնները՝ հասկանալու, թե ինչ վարկանիշ ունի գործող իշխանությունը, եւ հասարակական տրամադրությունների ինչ տատանումներ են արձանագրվում մեզանում։ Մենք տեղեկացանք, որ ամերիկյան մի կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի վերջին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 51 տոկոսի կարգի է եղել եւ նվազելու միտում ունի։ Հակառակը՝ ոչինչ չանելով, ռեյտինգի բարձրացում են արձանագրել Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն՝ 4-ից մոտ 8 տոկոսի հասնելով, եւ ՀՅԴ-ն, որի վարկանիշն աճել է մոտ 1,5 տոկոսով։ Այս ցուցանիշները փոքր տատանումներով համընկնում են հայկական սոցհարցումների արդյունքներին»:


«168 ժամ» թերթը գրում է. ««ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին ԱԳՆ աշխատակիցներից մեկի հետ գտնվել է Մոսկվայում: Օրեր շարունակ մենք ԱԳՆ-ից փորձում էինք ճշտել՝ ում հետ եւ ինչ օրակարգով է, ի վերջո, Զ. Մնացականյանը Մոսկվայում հանդիպել, եւ ինչու այդ մասին պաշտոնական որեւէ հաղորդագրություն չի տրվել: Մինչեւ երեկ ԱԳՆ-ից հստակ պատասխան չէր տրվում, ավելին՝ մամուլին նախարարը մեղադրեց կոնսպիրոլոգիայի մեջ: Մեր հավաստի տվյալներով՝ Մնացականյանը Վիեննայում օրերս կայանալիք Փաշինյան-Ալիեւ բանակցությունից առաջ նախապատրաստական աշխատանքներ կազմակերպելու նպատակով հանդիպել է ԵԱՀԿ Սինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի հետ: ԱԳՆ-ից հաստատել են մեր այս տեղեկությունը՝ նշելով. «ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպմանն ընդառաջ նախարար Մնացականյանը խորհրդակցություններ է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք շարունակվելու են նաեւ մարտի 28-ին»


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին տեղի կունենա Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է մեկ հարց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված քաղաքական որոշման իրականացումը, այն է՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնազրկումը: Թե ինչ կլինի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, ինչ պատժի նրանք կարժանանան, եթե հանդգնեն չկատարել վարչապետի քաղաքական որոշումը՝ առայժմ հայտնի չէ»:


«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության 2018 թ. գործունեության մասին զեկույցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ «ամփոփելով այս տարվա առաջին երեք ամիսների մեր գործունեությունը՝ մենք եկանք այն եզրակացության, որ 2019 թ. բյուջեի եկամտային մասը կգերակատարվի 40 մլրդ դրամով, այսինքն, մոտ 90 մլն դոլարով»: Վարչապետի կարծիքով, դա նշանակում է, որ կառավարությունը կգերակատարի 2019-ի պետբյուջեի եկամուտների մասով ծրագիրը, որն ավելի վաղ հաստատվել էր Ազգային ժողովի կողմից: «Փաստի» տեղեկություններով, այս տվյալները հաճելի անակնկալ են եղել նաեւ Փաշինյանի համար: Ըստ ներքին ուսումնասիրությունների, այդ հավելյալ եկամուտների ավելացումը արդյունք է (նաեւ՝ արդյունք կլինի) ստվերի դեմ պայքարի եւ Պետական եկամուտների կոմիտեի վարած քաղաքականության: Ըստ մեր աղբյուրի, ՊԵԿ նախագահն այն քիչ պաշտոնյաներից է, ում աշխատանքից վարչապետը լիարժեքորեն գոհ է: Ինչ վերաբերում է գործիքակազմին, ապա արդյունավետ աշխատանքին նպաստում է հատկապես այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը բավականին լավ թվայնացման մակարդակ ունի, որը թույլ է տալիս վեր հանել այն ոլորտը կամ ընկերությունները, որոնք համարվում են առավել ռիսկային: Կառավարության մեր աղբյուրի պնդմամբ, ըստ իշխանության ներկայացուցիչների, երկրորդ հանգամանքը, որը նպաստելու է հավել յալ պետական եկամուտների հավաքագրմանը, քաղաքացու եւ կառավարության երկխոսության ձեւավորումն է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեղրիի զորամասերից մեկում օրերս տեղի ունեցած միջադեպը շարունակում է ակտիվորեն քննարկվել հասարակական-քաղաքական-զինվորական շրջանակներում: Հիշեցնենք՝ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել են՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը, այնուհետեւ երթ արել՝ իրենց հավատարմությունը հայտնելով քրեական աշխարհին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ անհնազանդության կոչեր հնչեցրած զինվորների մեջ է եղել ՊՆ գեներալներից մեկի որդին: Երեկ մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի մասին է, որի որդին ծառայում է այդ զորամասում: Բայց այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք, զինծառայողներին պատժել են՝ ուղարկելով առաջնագիծ:


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պատժիչ այս քաղաքականությունը, սակայն, մեր երկրում առկա քարոզչական, նպատակային գործելաոճին, մեղմ ասած, հակասում է: Մենք մի կողմից ասում ենք, որ առաջնագծում ծառայողները հերոսներ են կամ, ինչպես հենց նախարարն է ասում, «աչայիննի տղաներ», մյուս կողմից՝ հանցանք թույլ տվածներին, զորամասն ինքնակամ լքածներին ուղարկում է առաջնագիծ՝ այդպիսով պատիժ հայտարարելով: Եվ ստացվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է այն թեզը, որ առաջնագծում ծառայելը պատիժ է: Էլ չենք ասում այն մասին, որ ապրիլյան թավշյա հեղափոխության օրերին Երեւանում տեղակայված խաղաղապահ բրիգադի զինծառայողները լքեցին զորամասը՝ համարելով, որ, օրինակ, իրենց հրամանատարները վատն են, սխալ են աշխատում, հեղափոխություն է անհրաժեշտ, սակայն ՀՀ գլխավոր դատախազը, իրավաբանությունը թողած, քաղաքական որոշմամբ քրեական գործ չհարուցեց, չպատժեց զինվորականներին: Մեղրիի զորամասի զինծառայողների նկատմամբ, սակայն, որոնք նույն արարքն են գործել (կրկին ընդդիմանալով իրենց հրամանատարներին՝ լքել են զորամասը), ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել»:


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, բավական անորոշ ու լարված վիճակ է «Երկրապահ» կամավորականների միությունում: Բանն այն է, որ թեպետ ԵԿՄ նախագահի հարցը հանգուցալուծվել է, սակայն ներքին այլ անհանգստություններ կան. մասնավորաբար ԵԿՄ շատ անդամներ դժգոհ են կառույցում իրականացվող դերաբաշխումներից: Ավելին, խոսակցություններ են շրջանառվում, որ քիչ չեն նաեւ ԵԿՄ-ին իրենց անդամակցությունը դադարեցնել ցանկացողները: Ըստ նույն աղբյուրների, հիմնական դժգոհություններից մեկն այն է, Սասուն Միքայելյանը ակտիվորեն կառույց է ներառում ՔՊ-ականների, ինչը մտահոգություն է առաջացնում, որ հիմալ էլ նոր իշխանություններն են ուզում ԵԿՄ-ն ներքաշել քաղաքականության մեջ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով մեղադրյալներից Արաքս Դիլանյանը բողոք է ներկայացրել գործը վերաբացելու դեմ: Ինչպես հայտնի է, իրավապահները դեռ փնտրում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ փողերի լվացման համար մեղադրվող Արամ Հարությունյանին՝ նրա նկատմամբ հայտարարելով հետախուզում: Այդ գործով անցնում է նաեւ Դիլանյանը: Գործը վերաբացելու դեմ իր կարծիքն էր հայտնել նաեւ Սիլվա Համբարձումյանը` նշելով, որ գործը կարճել է այն ժամանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը. քաղաքական կամք չի եղել այն բացահայտելու: Սակայն զարմանալի է, որ Արամ Հարությունյանի վերաբերյալ գործը հարուցվել է 2015 թվականին, ապա կարճվել` ապացույցների անբավարարության հիմքով: Կարճման որոշումը կայացվել է 2017 թվականի փետրվարին: Թարմացնենք գործարար Համբարձումյանի հիշողությունը, որ Գեւորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ է եղել 2015 թվականից մինչեւ 2016 թվականը եւ գործը մինչեւ վերջ չի տարել, քանի որ հրաժարական է տվել դատախազի պաշտոնից: ԱԺ նախկին պատգամավորի կաշառքի գործը կարճել է ներկայիս դատախազ Արթուր Դավթյանը եւ կրկին վերաբացել է հեղափոխությունից հետո: Հետաքրքիր է, թե ինչու է Սիլվա Համբարձումյանը փորձում այս պատմությունից փրկել Արթուր Դավթյանին: Միգուցե այս իրավիճակում գործում է այն խնդիրը, որը երեկ Ազգային ժողովում բարձրացրեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, երբ դիմեց վարչապետին` նշելով. «Մենք պիտի պաշտպանենք, որպեսզի մարդու ոտի տակ փոս փորողների նոր ինստիտուտ չձեւավորվի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում «Մոդուս Գրանում Հոլդինգում». այս ընկերությանն է պատկանում Արմաշի ալրաղաց կոմբինատը, քարի եւ պեռլիտի վերամշակման գործարաններ: Ոստիկանությանը զուգահեռ՝ ընկերությունում ստուգումներ է իրականացնում նաեւ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը: Մեր տեղեկություններով՝ այդ ստուգումների եւ ըստ էության՝ հետապնդման հետեւում կանգնած է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Պատմական փորձը հուշում է, որ նման բռնաճնշումների նպատակը մեկն է՝ ուրիշի ունեցվածքին տիրանալը բիզնեսի մեջ փայ մտնելու ձեւով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Մաքսային կարգավորումների մասին օրենքում եւ հնարավորություն տալ Հայաստան մշտական բնակության եկող ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց ավելի արտոնյալ պայմաններով իրենց անձնական գույքը բերել Հայաստան: Եթե գործող օրենսդրությամբ ՀՀ մշտական բնակության ժամանող անձ է համարվում նա, ով վերջին 5 տարում բնակվել է ՀՀ-ից դուրս, ապա նոր կարգավորումներով այդ ժամկետը դառնում է մեկ տարի»:


«Փաստ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամուտների մասին: Նշենք, որ Մ. Գրիգորյանի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էին երկու ավտոտնակ, բնակարան եւ հողամաս: Ի տարբերություն պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ տարեկան հայտարարագրում անշարժ եւ շարժական գույք չկա: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է շուրջ 79 946 559 ՀՀ դրամ: Հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է շուրջ 82 474 835 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարում նրա եկամուտների հանրագումարը կազմել է շուրջ 96 398 513 ՀՀ դրամ: Նշված եկամտից 73 247 528 ՀՀ դրամը, 7 163 929 ՀՀ դրամը, 1 410 785 ՀՀ դրամը եւ 12 576 160 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից: Նշված եկամտից շուրջ 2 000 111 ՀՀ դրամը շահաբաժին է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլին սպասվում է հերթական էլիտար հարսանիքը: ԱՄՆ-ում կալանավորված, իսկ հետո ՀԴԲ հետ համագործակցության արդյունքում ազատ արձակված եւ երկրից վտարված քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի դուստրն ամուսնանում է Խուճուճ Էդոայի՝ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի փեսայի եղբոր հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք վերաբերվում սոցցանցերի արձագանքին․ Ձեր ասածը, որ ուսանողի վախվորած ձայնով զանգեցիք, հարցրիք՝ ի՞նչ արժե կուրսային գրելը, ասացին՝ էջը 500 դրամ, 2 օր է՝ սոցցանցերում հումորի տեղիք է տվել։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Հումորին` շատ լավ, նույնիսկ մրցույթ եմ հայտարարել` ամենալավ մեկնաբանության համար։ Դեռ չի ավարտվել մրցույթը, կսպասեմ ավարտվի, հետաքրքիր շատ բաներ կային։ Հանրության կարծիքը եւս հաշվի կառնվի»: Մրցանակն ի՞նչ է։ «Պարոն Հովհաննիսյանի գրքերից մեկը»: Հովհաննիսյանն ո՞վ է։ «Օրենքի նախագծի հեղինակը»: Ո՞ր արձագանքներն են Ձեզ ավելի դուր եկել, օրինակ՝ ես գրել էի, որ «Նիկոլի ձայնով զանգեցի Սերժին, ասի` վսյո ժե դու ճիշտ էիր». մրցանակայի՞ն է այն: «Չէ, քաղաքական բաները հաշվի չեն առնվելու, զուտ հումորայինները, մասնավորապես` թոշակառուի ձայնով զանգեցի սոցապնախարարին, ասի` թոշակս ո՞ւր է»: Վախենո՞ւմ եք քաղաքականներից։ «Ոչ, երբեք. ես վախենում եմ չվախեցողներից»: