VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին զայրացած է քարոզչական թիմի վրա, քանի որ ոչ միայն կաղում են տեղեկատվական ընդհանուր դաշտում, այլեւ, ի մասնավորի, չեն կարողանում «պահել» Ֆեյսբուքը: Բանն այն է, որ վարչապետի ֆեյսբուքյան վերջին հրապարակումների տակ բավական շատացել են բացասական մեկնաբանությունները, իսկ ահա «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար» գրառումն այս առումով ռեկորդներ է սահմանել: Սա առաջացրել է վարչապետի դժգոհությունը, եւ նա կոշտ խոսակցություն է ունեցել «ֆեյսբուքչիների» թիմի համակարգողների հետ՝ ասելով, թե «մի էջն ինչ ա, ո՞ր չեք կարողանում նույնիսկ մեկնաբանություններին տեր դառնաք, գոնե բլոկեիք դրանց»: Ի դեպ, հետաքրքրական է, որ իշխանական ֆեյքերի բանակը վերջին մեկ ամսվա ընթացքում ցուցաբերում է լուրջ պասիվություն: Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն հայտնել էր, որ հստակ հաստիքային «ֆեյսբուքչիներ» կան, ովքեր վարչապետի գծի մեջ են «գրում ու ջնջում»: Ստացվում է, որ սա էլ առանձնապես չի օգնում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկվող նախագծով նախատեսվում է ակցիզային հարկ սահմանել նաեւ ոչ ալկոհոլային խմիչքների, մասնավորապես՝ 5 տոկոսից ավելի շաքարայնություն ունեցող զովացուցիչ ըմպելիքների վրա: Մնում է, որ կառավարությունը ակցիզային հարկ սահմանի նաեւ կաթնամթերքի եւ հացի վրա, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018 թվականի հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում 2014-2017թթ.-ի ընթացքում գնումների եւ բնակաշինության ոլորտներում չարաշահումներ են բացահայտվել, ու այդ գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս չարաշահումների մասին ժամանակին տեղյակ է եղել նաեւ Սերժ Սարգսյանը, որը ՊՆ այցերից մեկի ժամանակ, երբ խոսք է գնացել այս թեմայով, ՊՆ-ում նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ներկայությամբ զրուցել է Աշոտ Գրիգորյանի հետ: Վերջինս էլ արդարացել է, թե ինքը կապ չունի, այլ ամբողջը տեղակալն է արել: Միայն թե նկատենք` այս կապակցությամբ քրեական գործ հարուցելու մասին հաղորդագրություն եղավ 2018թ. հունիսին: Ու թեեւ 8 ամիս է՝ քննություն է ընթանում, սակայն մինչ օրս չկա որեւէ տեղեկատվություն, թե ինչ փուլում է այն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Պետական վերահսկողական ծառայության 2 աշխատակցից բացի, ձերբակալվել է նաեւ կահույքի բիզնեսով զբաղվող ընկերության՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրենը։ Կապվեցինք ընկերության հեռախոսահամարով, մեզ պատասխանեց «տնօրենի հայր» ներկայացած Արթուր Կարապետյանը։ Նա հաստատեց, որ որդուն կանչել են հարցաքննության, բայց պնդեց, որ Հայկ Կարապետյանը ձերբակալված չէ։ Ինչպե՞ս կարող ենք Ձեր որդու հետ զրուցել։ «Լավ, ինձ հարց մի տվեք։ Էլի եմ ասում՝ ձերբակալվածների մասին բան չգիտեմ, բայց գիտեմ, որ հարցաքննություն է գնում։ Ե՛վ ինձ են կանչել, ե՛ւ որդուս, բայց պարզ ասում եմ՝ որդիս ոչ մի կապ չունի։ Ես Կարապետյան Արթուրն եմ, տղես Կարապետյան Հայկն է, բայց մենք կապ չունենք ոչ մի բանի ու ոչ մեկի հետ»։ Թե ինչու են հրավիրվել հարցաքննության, չցանկացավ պատասխանել։ Հիշեցնենք, որ «Զորաշենը», ըստ տեղեկությունների, ՊՎԾ աշխատակիցների հովանավորությամբ ցանկացել է մուտք գործել առողջապահական մատակարարումների դաշտ, շահել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ եւ մի շարք այլ գնումներ ու հայտնվել իրավապահների ուշադրության ներքո։ Ի դեպ, ՊՎԾ ձերբակալված պաշտոնյաներից են Սամվել Ադյանը եւ Գեւորգ Խաչատրյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր, Դավիթ Սանասարյանի նախկին տեղակալ Տիգրան Ուլիխանյանին հարցրինք` ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր՝ ակտիվիստ պաշտոնյաները գրառումներ են անում Ֆեյսբուքում, հետո գնում են ստուգումների նույն գերատեսչություններում, դա անթույլատրելի է. նկատի ուներ Ձեր նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի՞ն։ «Ես վստահ եմ, որ եթե անհրաժեշտություն լիներ հնչեցնել այդ պաշտոնյայի կամ պաշտոնյաների անունները, վարչապետը կհնչեցներ, բայց նաեւ վստահ եմ, որ այն պաշտոնյան կամ պաշտոնյաները, որոնց վերաբերել է ուղերձը, հասկացել են, թե ինչի մասին է խոսքը․․․ չէի ցանկանա գուշակություններ անել, կոռեկտ չի լինի։ Ուղերձը վարչապետի շուրթերից է հնչել, եւ ճիշտ չէ որեւէ բան ավելացնել դրան։ Ի դեպ, չեմ բացառում նաեւ, որ այն անձնապես ուղղված չէր որեւէ մեկին եւ հնչեց որպես նախնական ստուգողական կրակոց` հենց սկզբից արմատախիլ անելու նման արատավոր, գուցեեւ արդեն նշմարվող պրակտիկան»: Աշխատել եք Դ․ Սանասարյանի հետ, ինչպե՞ս եք գնահատում նրա աշխատանքը. կարծիքներն իրարամերժ են։ «Եղել եմ այդ կառույցի ղեկավար մարմնում` Սանասարյանի տեղակալներից մեկը․ ոչ կոռեկտ կլինի որեւէ գնահատական տալը»: Ի դեպ, ձեր նախկին կառույցը «կնստի» Մաշտոցի 47-ում` նախագահականում, ինչպիսի՜ մեծարում՝ սիրուն աչքերի համա՞ր։ «Մեծարման, սիրուն աչքերի որեւէ խնդիր չկա, այդով որեւէ կերպ փորձ չի արվում բարձրացնել կառույցի նշանակությունը. ծառայությունը նոր է ստեղծվել, բավականին բազմաֆունկցիոնալ է, նախկին շենքը խիստ փոքր է, եւ հիմա փորձ է արվում աշխատողների համար նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծել։ Հիշենք` կառույցն ունի 800-ից ավելի աշխատողներ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Երեւանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արմեն Ադյանի դեմ՝ բացահայտելով բազմամիլիոնանոց յուրացումներ: Ադյանը ինքն իրեն արձակուրդ է ձեւակերպել եւ մեկնել Միացյալ Նահանգներ: Արմեն Ադյանը Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցներ՝ հայտնի Ադյանների մյուս հորեղբոր տղան է եւ կոլեկտիվին հավաստիացնում էր, որ ՊՎԾ-ում աշխատող իր եղբայրները կջրեն նաեւ իր գործը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կհանդիպի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Սա գործադիր-օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հերթական հանդիպումն է: Ընդ որում, հատկանշական է այն փաստը, որ այս հանդիպմանը հնարավոր է ներկա չգտնվեն «Իմ քայլի» առանցքային դեմքերը՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ: Բանն այն է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով փետրվարի 25-ից 27-ը մեկնել է Մոսկվա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սա այս շաբաթվա միակ հանդիպումը չի լինելու։ Մինչեւ շաբաթվա վերջ խմբակցությունը ծրագրում է հանդիպել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին։ Պատգամավորները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, թե հատկապես սպասում էին ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպմանը, չնայած այն վարչապետին կից կառույց է»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի ՀԱԿ-ը որոշել է մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված որեւէ ինքնուրույն միջոցառում չկազմակերպել: ՀԱԿ ակտիվիստներին հանձնարարել են մասնակցել իշխանությունների կազմակերպած երթին եւ հնարավորության սահմաններում շատ մարդ բերել իրենց հետ: ՀԱԿ անդամները հասկանում են, որ իրենց կուսակցությունը շուտով կդադարի որպես ինքնուրույն միավոր գոյություն ունենալուց եւ կմիավորվի ՔՊ-ին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ստուգողական այց է կատարել Արցախ․ նա փետրվարի 21-ից Ղարաբաղում է։ Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահի ընտրություններին առաջադրվելու հայտ ներկայացրած Բաբայանը հանդիպումներ է ունենում հիմնականում իր բարեկամների եւ իշխանությունից դժգոհ շրջանակների հետ ու ամենուր հայտարարում, որ եթե խոչընդոտեն իր առաջադրումը, «խաղաղ չի թողնի»։ Օրերս նա մասնակցել է իր վաղեմի ընկեր Էդուարդ Վերդյանի ծննդյան խնջույքին, որին Արցախում ճանաչում են որպես «ցեխավիկ Էդո»։ Նա Սամվել Բաբայանի ծաղկուն տարիներին համարվել է «պեռվի կռուգ» բիզնեսմեն, բենզալցակայաններ ու գազալցակայաններ ունի, իսկ հիմա Բաբայանի պես մեծ պարտքեր է կուտակել։ Ի դեպ, երեկ Արցախի ոստիկանությունը պարզաբանեց Բաբայանին Արցախի քաղաքացիությունից զրկելու հայտարարությունը, համաձայն որի՝ Բաբայանը 2006 թվականի սեպտեմբերի 11-ին, իր դիմումի համաձայն, հանվել է Ստեփանակերտ քաղաքի իր բնակարանի հաշվառումից՝ Երեւան քաղաքում հաշվառվելու համար, եւ նույն ամսվա սեպտեմբերի 15-ին հաշվառվել է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի շենք 21, բնակարան 3 հասցեում»:
«Փաստ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և տարվա ընթացքում ստացած եկամտի մասին: Հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Բալասանյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 2 200 000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 1 800 000 ՀՀ դրամ: Հարկային տարվա սկզբում հայտարարագրել է նաև 12 100 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 9000 ԱՄՆ դոլար: Բալասանյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են բացառապես աշխատավարձից ու կենսաթոշակից: Աշխատավարձից Բալասանյանը 2018թ. ստացել է 3 602 100 ՀՀ դրամ եկամուտ, իսկ կենսաթոշակից՝ 620 400 ՀՀ դրամ: Ըստ հայտարարագրի, Բալասանյանն այլ եկամուտներ չունի: Ի դեպ, բոլորը գիտեն Բալասանյանի ընտանիքին պատկանող մի շարք ընկերությունների առկայության մասին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի ամիս է` համացանցում ակտիվ գովազդվում է «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագիրը: Սկզբում քաղաքացիներից պահանջվում է 2 հազար դրամ վճարել՝ ծրագրում ընդգրկվելու եւ կառուցվելուց հետո բնակարանն ինքնարժեքով, առանց տոկոսադրույքի գնելու համար: Այս ծրագրից օգտվելու համար դիմել է արդեն ավելի քան 50 հազար մարդ, ու շատերը պատրաստվում են դիմել՝ հերթ կանգնելով ծրագրի գրասենյակների առաջ: Միայն թե կասկածներ կան, որ իրականում այս ծրագիրը լավ մտածված խարդախության շղթա է, որ արվում է քաղաքացիներից գումար շորթելու համար: Պայմանները բավականին գայթակղիչ են. բնակարան ապահովելու խոստման դիմաց քաղաքացիներին առաջարկում են վճարել սիմվոլիկ գումար՝ 2 հազար դրամ` քաջ գիտակցելով, որ աֆյորան բացահայտվելուց հետո, երբ պարզվի՝ որեւէ բնակարանաշինություն չի իրականացվում, ոչ բոլորը կպահանջեն այդ գումարը` մոռացության տալով այն: Փոխարենը հեղինակները կհասցնեն կլորիկ գումարի տեր դառնալ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն է արել` այս ծրագրի` Էջմիածնի գրասենյակի գործունեության հետ կապված: Պարզվում է՝ դեռ հատկացված չեն այն հողատարածքները, որտեղ պետք է տները կառուցվեն: Արմավիր մարզում ծրագրի համակարգող Վան Հայրապետյանը հայտարարել է, թե Մեծամոր, Էջմիածին քաղաքների քաղաքապետերն աջակցում են իրենց ծրագրին, այնինչ Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը` ասելով, որ միայն տեղյակ է այդ ծրագրի գոյության մասին եւ ոչ մի բան ավելի: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Համայնքի կողմից որեւէ տարածք չի տրամադրվել այդ կազմակերպությանը: Մեզ դիմել են այդ հարցով, բայց ես, տեսնելով, որ որեւէ փաստաթուղթ չկա, ասացի, որ բացառում եմ նման պարագայում տարածք տրամադրելու գործընթացը»: Ի դեպ, չնայած մեր թղթակցի համառ պնդումներին` այս ծրագրի ղեկավարներն այդպես էլ իրենց գործունեության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ցույց չեն տվել, ինչն արդեն կասկածելի է: Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է ոչ միայն Արմավիրի, այլեւ մի շարք այլ մարզերում, նաեւ Երեւանում: Ու ենթադրվում է՝ այստեղ եւս խաբեությամբ: Մնում է՝ իրավապահները զբաղվեն այս հարցով»: