VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած հանրության որոշ շրջանակներ քննադատեցին Սերժ Սարգսյանին` 7 ժամանոց հարցազրույցում ասված ու չասված որոշ մտքերի համար, մանավանդ՝ նրա, որ չասաց, թե ինչու 2018-ին այդքան հեշտ զիջեց իշխանությունը Փաշինյանին, սակայն ՀՀԿ-ում կարծում են, որ նա ասել է ամեն ինչ:
Իսկ գլխավոր ասելիքն այն էր, որ ցրվեն բոլոր կասկածները, թե իշխանափոխության, հետեւաբար՝ Արցախի կորստի հարցում դերակատարը Ռուսաստանն էր։ Որ հասկացվի՝ «հզոր» ուժեր են աշխատել` ի դեմս Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի: Իսկ ամենակարեւորը, որ Սարգսյանը պատմել է, թե Փաշինյանն իշխանափոխության օրերին ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկուն ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, եթե փողոցը հանդարտեցնի, բայց ինքը մերժել է առաջարկը:
Սարգսյանն ասել է, որ ինքը նման առաջարկ չի արել, եւ չի բացահայտել, թե ով է արել, բայց բոլորը հասկացան, որ առաջարկն արվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից:
Սարգսյանն ասել է նաեւ. «Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ էր ՌԴ-ն ձեռնպահ մնում. որովհետեւ նրանք համարում էին, որ բոլոր` նույնիսկ ժողովրդական ընդվզման պարագայում, եթե ես թողնեմ պաշտոնը, ապա այդ պաշտոնին լինելու է ռուսամետ գործիչ՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, եւ դա մեծ ողբերգություն չէ։ Ողբերգություն կլինի, եթե Հայաստանում հակառուսական մեծ տրամադրություններ առաջանան»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Թվում էր, թե Վաշինգտոնում Ադրբեջանը Փաշինյանին քարտ բլանշ տվեց, որ խաղաղության կեղծ քարոզով 2026-ին վերարտադրվի, հետո կատարի իր պահանջները, սակայն ՔՊ-ում խոսում են, որ անգամ Բաքվում են սկսել կասկածել նրա վերընտրվելուն, ուստի ուզում են հնարավորինս շուտ ստանալ իրենց ուզածը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ «4 անկլավների վերադարձի հարցն իր ուշադրության կենտրոնում է»։ Փաշինյանն արձագանքեց․ «Սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ Իրականում, սա Տիգրանաշենը զիջելու անոնս է, որ վտանգ կառաջանա, որ Վայոց ձորն ու Սյունիքը մի օր կարող են կտրել Հայաստանից: Իսկ Արծվաշենի վերադարձը ոչինչ չի տալու, քանի որ այն հնարավոր չէ բնակեցնել։
Փաշինյանը, իհարկե, խոստացել էր այդ գործարքն անել 26-ի ընտրություններից հետո, քանի որ հասկանում է, որ Տիգրանաշենը հանձնելուց հետո վերարտադրվելու իր շանսերը զրոյանալու են, սակայն եթե Բաքվում երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դնեն, հնարավոր է՝ իշխանությունը հապճեպ արտահերթ ընտրությունների գնա։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ալեն Սիմոնյանն իրեն եւ իր աշխատակազմից 6 հոգու նոյեմբերի 7-8-ը գործուղել էր Սյունիքի մարզ։ Պաշտոնական կարգադրությունում ասվում է, որ Հայաստանի հարավ են գործուղվել աշխատանքային այցով, իհարկե, այցից հետո հաշվետվություն չի ներկայացրել, որպեսզի պարզ դառնա, թե ինչ հանդիպումներ է ունեցել, սակայն Սիմոնյանը, կարելի է ասել, գրեթե օնլայն լուսաբանում էր իր ողջ այցը, եւ պարզ դարձավ, որ եղել է Կապան, Գորիս, Քաջարան համայնքներում: Ի դեպ, Գորիսի եւ Քաջարանի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերն են դիմավորել նրան, շրջել է փողոցներում, անգամ տաքսի է վարել, հանդիպել է տեղի կուսակցականների հետ։ Նրանից առաջ էլ բյուջեի հաշվին մի խումբ պատգամավորներ էին մեկնել Տավուշի, Արարատի մարզեր:
Ակնհայտ է, որ բյուջեի հաշվին ՔՊ-ականները կուսակցական քարոզարշավ են իրականացնում, քանի որ առաջիկայում ՔՊ նախընտրական ցուցակները կազմելու ժամանակ եւս ընտրիչները պետք է որոշեն ցուցակի կազմը` առաջադրված ՔՊ-ականներից։ Այդուհանդերձ, ՔՊ-ում ասում են, որ Ալեն Սիմոնյանը, հավանաբար, հետեւություններ է արել ՔՊ վարչության ընտրություններից եւ բյուջեից վճարվող գործուղման է մեկնել, որ աշխատանքային այցի անվան տակ քարոզարշավ իրականացնի ՔՊ-ականների շրջանում, որ նախընտրական ցուցակը ձեւավորելու քվեարկության ժամանակ կրկին չհայտնվի հետին հորիզոնականներում: Վարչության ընտրությունների ժամանակ նա 11-րդն էր եւ դա բացատրում էր նրանով, որ քարոզարշավ չի արել։ Ցուցակի տեղերով է որոշվելու նաեւ ապագա իշխանությունում պաշտոնների հարցը, եթե, իհարկե, ՔՊ-ն վերարտադրվի։ Ի դեպ, վերջին օրերին ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվողների կտրուկ աճ է գրանցվել։ Ասացին, որ երեկվա դրությամբ մոտ 100 առաջադրում է եղել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում: Բանն այն է, որ իշխանության ներսում, հատկապես՝ կառավարությունում եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, դժգոհ են այն փաստից, որ Անդրեասյանի ընկերուհին՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը, պատասխանատվության ենթարկվեց կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար, մինչդեռ Անդրեասյանը կարողացավ խուսափել որեւէ իրավական հետեւանքից, այն պարագայում, երբ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է մշտապես:
Ըստ մեր աղբյուրների՝ այս հարցը բավականին երկար ժամանակ է քննարկվում իշխանության տարբեր մակարդակներում, եւ նույնիսկ ձեւավորվել է դիրքորոշում, որ Անդրեասյանի վարքագիծը պետք է քննվի ինչպես ՔՊ վարչությունում, այնպես էլ կուսակցության նախաձեռնող նիստերի ժամանակ: Այս քննարկումների ընթացքում նախարարից պետք է հարցնեն, թե որպես համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ինչ 50 միլիոն դրամ է հաստատել ռեկտորի առաջարկությամբ, որը տեղ «չի հասել», այլ փոխառության է տրվել անհայտ ընկերության, ու այդ փոխառությունից համալսարանը ոչ մի ֆինանսական աջակցություն չի ստացել:
Ավելին՝ մեր աղբյուրները նշում են, որ ՔՊ խմբակցության նեղ շրջապատում քննարկվել է, որ Ժաննա Անդրեասյանը պետք է հրաժարական տա եւ հեռանա այդ խայտառակությունից հետո, իսկ նախարար պետք է նշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 13-ին կանցկացվի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գործով կալանավորված 18 անձանց կալանքի վերաբերյալ դատական նիստը, որը կնախագահի դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Գործը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում, քանի որ բոլոր 18 քաղաքացիներն էլ կալանավորվել են նույն գործի շրջանակում, նույն օրերին, եւ քննության փուլում նրանց վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն միաժամանակ։ Սա ենթադրում է, որ դատարանը կանդրադառնա ազատման կամ կալանքի երկարաձգման բոլոր միջնորդություններին։
Դատական նիստի ընթացքը դիտարկվելու է որպես հավասար մոտեցման եւ արդար դատաքննության փորձաքար, քանի որ պաշտպանական կողմը բազմիցս նշել է՝ գործի նյութերում առկա են անհամաչափ կամ չապացուցված մեղադրանքներ, հնարովի ձայնագրություններ, իսկ մեղադրող կողմը պնդում է՝ բոլոր անձինք ներգրավված են եղել միեւնույն գործողությունների շղթայում։ Այս գործը մամուլում հայտնի դարձավ որպես «Բագրատ Սրբազանի 18 անմեղների» պատմություն, քանի որ նրանց հարազատներն ու աջակիցները պնդում են՝ կալանքը կիրառվել է առանց բավարար հիմքերի։ Նոյեմբերի 13-ի նիստը փաստացի կարող է դառնալ վճռորոշ փուլ՝ հասկանալու՝ արդյոք դատական համակարգը կգնա՞ համաչափ եւ անկախ որոշումների ճանապարհով»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն վարչական դատարանի դատավորների հեռախոսներն առգրավել է, ու 2 ամիս է իրավապահները զննում ու զննում են երրորդ իշխանության ներկայացուցիչների բջջայինները։ Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 28-ին դատավորների աշխատասենյակներում եւ բնակարաններում խուզարկություններ էին իրականացվել։ Գործի շրջանակում կալանավորված է փաստաբան Արմեն Օհանյանը։ Կոմիտեն դեռեւս 1 ամիս առաջ հայտնել էր, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում եւ աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առգրավվել են վարչական դատարանի դատավորներ Մհեր Պետրոսյանի եւ Լուսինե Բոյաջյանի եւ էլի մի շարք դատավորների հեռախոսներ. այս պահին մեզ հստակորեն հայտնի են միայն վերոնշյալ երկու անունները։ Թե ինչ են հայտնաբերել դատավորների հեռախոսներում, այս պահին դժվար է ասել։ Չի բացառվում, որ նախաքննական մարմինը որոշակի փակուղու մեջ է հայտնվել, ինչի հետեւանքով այս գործով առայժմ տեսանելի առաջընթաց չի նկատվում։ Փաստ է, որ դատավորների տները, աշխատասենյակները խուզարկելուց հետո 2 ամիս է անցել, բայց քննչական մարմինը լռում է»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Էրեբունի-Երեւան 2807» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպման եւ իրականացման համար Երեւան քաղաքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 754 մլն 690.895 ՀՀ դրամ՝ գրեթե 2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են Երեւանի քաղաքապետարանից։ Եթե որպես փաստ ընդունենք mapchecking.com կայքի արտահայտած ցուցանիշները, ապա կնկատենք որ Հանրապետության հրապարակում նկարում պատկերված գծանշման շրջանակներում կտեղավորվի 54 հազար 949 մարդ, ինչը նշանակում է, որ մեկ քառակուսի մետրի վրա միջինում գտնվում է մոտ 1,5 մարդ։ Այս ցուցանիշը կլինի այն դեպքում, երբ հրապարակը ամբողջությամբ մարդաշատ լինի (նկ. 1)։

Իսկ եթե ավելի քիչ խտություն ունենար ամբոխը, հրապարակում հավաքվածների թիվը կկազմեր 16 հազար 161 մարդ (նկ. 2)։

Բաց աղբյուրներում չհաջողվեց գտնել տեղեկություն համերգի մասնակիցների թվի մասին, ինչի հետեւանքով առաջանում է տրամաբանական հարց. Երեւանում բնակվող 1 միլիոն 144 հազար քաղաքացիներից, որոնք կազմում են Հայաստանի բնակչության գրեթե կեսը, որքա՞ն մասն է ներկա գտնվել այդ համերգին, որտեղ ելույթ են ունեցել Թաթա Սիմոնյանը եւ Լյուբով Ուսպենսկայան։
«Ժողովուրդ» օրաթերթը Armeps.am հարթակից տեղեկանում է, որ Երեւանի քաղաքապետարանը «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ, որը խոշոր միջոցառումների կազմակերպումը մենաշնորհի պես իր ձեռքն է վերցրել, կնքել է 332 միլիոն 934 հազար 895 դրամի կամ 865 հազար դոլար արժեքով պայմանագիր միջոցառման կազմակերպման համար։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Երեւանի քաղաքապետարանի պետական գնումները եւ արձանագրել, որ միջոցառմանը նվագելու համար հարկատուները «Կարեն-Սեւակ» խմբին վճարել են 10 մլն 666 հազար դրամ, «Մալխաս ջազ տրիո» բենդի ելույթի համար վճարվել է 1 մլն 269 հազար դրամ, միջոցառման կազմակերպման համար կնքված մեկ այլ պայմանագրով հատկացվել է 53 մլն դրամ: «Նեմրա» բենդին համերգի համար վճարվել է 2 մլն 750 հազար դրամ, «Ռեինկարնացիային»՝ 5 մլն դրամ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին վճարվել է 10 մլն դրամ՝ 55 րոպե նվագելու համար։ Սուրեն Առուստամյանին վճարվել է 1 մլն 160 հազար դրամ ռոք համերգի ընթացքում 30 րոպե նվագելու երգելու համար, Վահագն Հայրապետյան տրիոյի 30 րոպե ելույթն արժեցել է 825 հազար դրամ։ Հաղորդավար Վահե Խանամիրյանին 12:00-21:00-ն ջազ համերգը վարելու համար վճարվել է 834 հազար դրամ։
Երեւան քաղաքի տարբեր հրապարակներում տաղավարների պատրաստման համար հատկացվել է 34 մլն 800 հազար դրամ։
Արցախի պետական ջազ նվագախմբին հատկացվել է 1 մլն 210 հազար դրամ 30 րոպե ելույթ ունենալու համար։
«Բամբիռ» խմբի 30 րոպե ելույթն արժեցել է 2 մլն դրամ։
Դիանա Աբգարի հրապարակում Բենի Բենասիի 90 րոպեանոց ելույթն արժեցել է 35 մլն 750 հազար դրամ։
Նույն հրապարակում «Թմբաթա» խմբի 30 րոպե ելույթն արժեցել է 1 մլն դրամ։
«Լավ էլի» խմբի 30 րոպեանոց ելույթն արժեցել է 1 մլն 800 հազար դրամ։
30 րոպե ելույթի համար «Կամի Ֆրենդս» բենդին վճարվել է 2 մլն 300 հազար դրամ։
Սա դեռ ամենը չէ, պայմանագրերի մի մասը «աշխատանք» կամ «ծառայություն» գնման առարկայի անվան տակ աննկատ անցել են պետական գումների հանրագիտարան: Սակայն մի պահ կտրվելով այս թվերից՝ պատկերացնենք, թե այս գումարներով որքան բան կարելի էր անել։
2 միլիոն ԱՄՆ դոլարով կարելի էր առնվազն մեկ դպրոց կառուցել, մի քանի մարզադաշտ, տասնյակից ավելի շենքերի բակեր վերակառուցել։ Օրինակ՝ կարելի էր վերջապես կարգի բերել «Լիլիան Արմ» ընկերության կողմից ձախողված մանկապարտեզի շինարարությունը, վերջիվերջո՝ այդքան բաղձալի Աջափնյակի մետրոն կառուցել, ոչ թե միայն թղթի վրա գեղեցիկ պատկերներ նկարել։
Քաղաքային իշխանությունները՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, դարձան այս տոնակատարության հիմնական քննարկման թեման, երբ կանանց հետ ժամանակ էին անցկացնում Հանրապետության հրապարակում՝ հարկատուների հաշվին հավաքված գումարով կազմակերպված համերգի ժամանակ։ Մեկ օրվա համար փաստացի ծախսել է 2 մլն ԱՄՆ դոլար, այդ գումարը կուտակվել էր թանկացած ավտոկայանատեղիների, տրանսպորտի ուղեվարձի, քառակուսի մետրով աղբահանության հաշվին»։