24.11.2024
Դեսպան. Ադրբեջանն ու ՌԴ-ն ունեն սերտ կապեր ռազմական ոլորտում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն կարող է առաջինը հարվածել Ադրբեջանին. ԱՄՆ-ՌԴ proxy war Հարավային Կովկասում

«Պաշտպանվող բանակը պարտություն է կրում, մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանողական դիրքերում: Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունները վերսկսմանը, մենք չենք հապաղելու»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հարցին` հարձակվելո՞ւ ենք, Տոնոյանը պատասխանել է՝ «ինչո՞ւ ոչ»:


ՀՀ-ն փաստորեն հստակ մեսիջ է հղում Ադրբեջանին, որ պատերազմի վերսկսման դեպքում հայկական բանակները՝ Արցախի ՊԲ-ն ու ՀՀ զինված ուժերը չեն լինելու միայն պաշտպանվողի դերում: Սա նշանակում է ռազմական նոր ստրատեգիա՝ ասիմետրիկ հարվածներ հասցնելու տրամաբանության շրջանակներում:


Արցախի ռազմական ղեկավարությունը տարիներ շարունակ հայտարարել է, այդ թվում ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի շուրթերով, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի և պատերազմի հրահրման դեպքում Արցախի ՊԲ-ն պատրաստ է դուրս գալ Քուռ գետի ափ: Դա նշանակում է հսկողության տակ վերցնել ադրբեջանական կարևորագույն նավթագազամուղերն ու ստիպել Բաքվին գնալ կապիտուլյացիայի:


Հակահարձակողական գործողությունները, սակայն, լինելու են բավականին բարդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի ՊԲ-ն տարիներ շարունակ եղել է խրամատային բանակի կարգավիճակում և անգամ զինված ուժերը կոչվում են Արցախի պաշտպանական բանակ:


Այսինքն, զինված ուժերի այսօրվա մարդկային և ռազմական ռեսուրսները, անգամ պաշտպանական բնագծերն ու ռելիեֆը ենթադրում են խորը, բազմաշերտ ու էշելոնավորված պաշտպանություն:


Բաց դաշտում մարտ վարելը նորություն է ՊԲ-ի ու ՀՀ ԶՈւ-ի համար, իսկ հակահարձակումը հայկական կողմից նշանակում է դուրս գալ տարիներ շարունակ ամրապնված խրամատներից ու դիրքերից ու գրոհել ադրբեջանական դիրքերն ու մարտ վարել դաշտավայրային պայմաններում՝ Քուռ գետի ափ դուրս գալու համար:


Ադրբեջանը կօգտագործի այդ հանգամանքը բաց դաշտում հայկական ուժերին զգալի հարվածներ հասցնելու համար՝ Սմերչ և այլ բազմաթիվ համակարգերով, այդ թվում՝ անօդաչուներով, հրետանիով ու կործանիչներով:


Ղարաբաղի այսօրվա դիրքերից դեպի Ադրբեջանի խորքերը խորանալու համար անհրաժեշտ են տանկային գրոհներ, այս պարագայում Ադրբեջանը կարող է կիրառել իսրայելական արդի հակատանկային Spike և այլ տեսակի զենքեր՝ հայկական զրահատեխնիկային ու անձնակազմին հասցնելով մեծ կորուստներ: Ադրբեջանը Ղարաբաղի սահմանների երկայնքով ստեղծել է հակատանկային պատնեշներ, որոնց հաղթահարելն այդքան էլ դյուրին չի լինելու: Ապրիլյան քառօրյայի ընթացքում հայկական բազմաթիվ տանկեր խոցվեցին նաև Ադրբեջանի հակատանկային արդի զենքերի միջոցով՝ հիմնականում իսրայելական արտադրության:


Եթե հայկական ուժերը զգալի կորուստներ կրեն հարձակման պարագայում, Ադրբեջանը կարող է հակահարձակման միջոցով, մարդկային ավելի մեծ ռեսուրսների շնորհիվ (բանակ, մոբիլիզացիոն ռեսուրս, թուրք, մուսուլմանական և այլ վարձկաններ), մուտք գործել Արցախի տարածք՝ փոխելով այսօրվա դիրքերի ողջ կոնֆիգուրացիան:


Ապագա լայնածավալ պատերազմը բավականին բարդ է լինելու և եթե ՀՀ-ն հայտարարում է անհրաժեշտության դեպքում հարձակվելու մասին, ապա այդ հայտարարության տակ պետք է լինեն լուրջ ռազմական, մարդկային, տնտեսական ռեսուրսներ, հակառակ պարագայում Բաքուն այդ մեսիջներն ընկալելու է, որպես զուտ պրոպագանդա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:


Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության բալանսն ապահովելուն,  Տոնոյանը նշել է, որ Հայաստանը չի գնալու Ադրբեջանի հետ բալանսը վերականգնելու ճանապարհով:


«Դա ոչ պրակտիկ մոտեցում է: Մենք ո՛չ քաղաքական, ո՛չ ժողովրդագրական, ո՛չ տնտեսական առումով չենք կարող Ադրբեջանի հետ հավասար լինել, մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու որակական խնդիրներին»,- ասել է Տոնոյանը, ապա հավելել, որ Հայաստանն այնպիսի հակառակորդների նկրտումները չեզոքացնելու հնարավորություն ունի:


Փաստորեն, Տոնոյանն ընդունում է, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև առկա է ուժերի դիսբալանս, որը հնարավոր չէ վերականգնել և Երևանը հույսը դրել է ասիմետրիկ հարվածի վրա, որը պետք է կանխի ադրբեջանական հարձակումը:


Անհրաժեշտ է ոչ միայն հույսը դնել ասիմետրիկ կանխարգելիչ հարվածների վրա, այլև փորձել վերականգնել Ադրբեջանի հետ այդ դիսբալանսն, այդ թվում՝ դեմոգրաֆիան, տնտեսությունն ու զինված ուժերը հզորացնելու միջոցով:


Տարիներ շարունակ Ադրբեջան-ՀՀ ռազմական բալանսը պահպանվել է ՌԴ-ի ռազմա-տեխնիկական աջակցության՝ ռազմական վարկերի և այլ ռազմական օգնության տեսքով: Հակառակ պարագայում դիսբալանսը կլիներ ավելի զգալի ու շոշափելի ու դա անմիջապես կվերածվեր Ադրբեջանի լայնածավալ հարձակման: Չմոռանանք, որ ՀՀ-ն Մոսկվայի ռազմավարական դաշնակիցն է և Հայաստանի վրա հարձակումը նշանակում է նաև ՌԴ-ի վրա հարձակում՝ ռուսական 102-րդ ռազմաբազան նաև ՀՀ-ի ու նրա ժողովրդի անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչն է:


Երևանը պետք է շարունակի ամրապնդել ռազմավարական, ռազմա-տեխնիկական կապերը Մոսկվայի հետ ու հայ-ռուսական հարաբերություններում չպետք է մտցնել լրացուցիչ խնդիրներ:


Չպետք է մոռանալ նաև Թուրքիայի գործոնի մասին. ՀՀ զինված ուժերի կողմից Ադրբեջանի վրա հարձակումը կհանգեցնի թուրքական բանակի ներխուժմանն ու հարվածին Նախիջևանից, որը դարձել է տրոյական ձի ու լուրջ ռազմական գործոն ՀՀ-ի թիկունքում ու մայրաքաղաք Երևանի հարևանությամբ: Թուրքիան, Բաքվի հետ ունեցած ռազմական պայմանագրերի շնորհիվ, հանդես է գալու Ադրբեջանի օգտին՝ իր ռազմական ողջ պոտենցիալը տրամադրելով փոքր եղբայր Ադրբեջանին:


Թուրքիայի կողմից ՀՀ-ի դեմ հնարավոր ագրեսիան կամ դրա նախապատրաստումը հանգեցնելու է ՌԴ-ի պատասխան քայլերին՝ ՀՀ-ի տարածքը կարող է դառնալ անգամ ռուս-թուրքական բախման վայրի կամ պոլիգոնի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:


Proxy war-ը՝  ՌԴ-ԱՄՆ-ի միջև, թուրքերի ձեռքերով, կարող է հանգեցնել հայկական պետականության ոչնչացմանն ու Արցախի կորստին:


ՀՀ-ն իրավունք չունի դառնալ խաղաքարտ ՌԴ-ի դեմ. դա լինելու է կործանարար հայկական պետականության համար:


ԱՄՆ-ի ռազմավարությունից ու գեոպոլիտիկ շահերից է բխում ՌԴ-ի դուրս մղումը ՀՀ-ից ու Հարավային Կովկասից, ինչը հնարավոր է իրականացնել հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի միջոցով, որին կմիջամտի Թուրքիան:

Անուղղակի կերպով դա նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծի Իրանն ապակայունացնելու համար՝ ՀՀ-ն, Արցախն ու Ադրբեջանը սահմանակցում են Իրանին ու Իրանի հատկապես ադրբեջանաբնակ հյուսիսային շրջաններին, որտեղ ուժեղ են սեպարատիստական տրամադրությունները: