Բաշար Ասադը հանդիպել է Խամենեիի եւ Ռուհանիի հետ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թեհրանում հանդիպել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ՝ հայտնում է սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն հարաբերությունները, որոնք միավորում են երկու երկրներին, ժողովուրդներին՝ հաստատելով, որ այդ հարաբերութնունները Սիրիայի եւ Իրանի կայունության գլխավոր գործոնն են՝ ընդդեմ թշնամական պետությունների դավադրությունների, որոնք ձգտում են թուլացնել եւ ապակայունացնել երկու երկրները։
Խամենեին Ասադին եւ սիրիացի ժողովրդին, բանակին եւ զինված ուժերին շնորհավորել է ահաբեկչության դեմ հաղթանակների կապակցությամբ՝ հայտարարելով, որ դրանք հարված են հասցրել տարածաշրջանում ամերիկա-արեւմտյան նախագծին։ Նա հաստատել է, որ Իրանը մինչեւ լիարժեք վերականգնումն ու ահաբեկչության հանդեպ վերջնական հաղթանակը կսատարի Սիրիային։
Բանակցությունները նվիրված էին տարածաշրջանում վերջին իրադարձություններին։ Զրուցակիցներն ընդգծել են, որ հատկապես Սիրիայում եւ Իրանում որոշ արեւմտյան պետությունների կողմից լարվածություն ստեղծելու քաղաքականությունն ու քաոս տարածելու փորձերը չեն կարող խանգարել երկու երկրներին առաջ շարժվել՝ հանուն իրենց ժողովուրդների շահերի պաշտպանության։
Ավելի ուշ Ասադը հանդիպել է նաեւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում հարաբերությունների ռազմավարական մակարդակի կապակցությամբ։