26.11.2024
«Թավշյա հեղափոխությունից» ամիսներ առաջ ՀՀ-ից դուրս է բերվել շուրջ 500 մլն դոլար գումար
prev Նախորդ նորություն

Մենք չենք պարտվելու, պիտի հաղթենք․ Փաշինյանը հյուրընկալել է Գարեգին Բ-ին և Արամ Ա-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Գարեգին Բ-ի և Արամ Ա-ի հետ:


Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է. «Վեհափառ Տեր, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Վեհափառ Տեր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, Վեհափառ Հայրապետի հետ մեր հանդիպումները պարբերաբար են: Շատ կարևոր եմ համարում այս շփումը, այս խոսակցությունը: Հատկապես այս խոսակցությունը կարևոր է մեր երկրի ապագայի վերաբերյալ, մեր ժողովրդի ապագայի վերաբերյալ, որովհետև կարծում եմ, որ մեր համազգային օրակարգի քննարկման շատ կարևոր առաքելություն ունենք և մեր համազգային օրակարգի ձևավորման շատ կարևոր առաքելություն ունենք: Մենք գիտենք մի բան. և՛ մենք, և՛ մեր ժողովուրդը, և՛ մեր եկեղեցին, և՛ մեր հոգևոր դասը մի բանում համաձայն ենք, որ մենք չենք պարտվելու և պիտի հաղթենք այն մարտահրավերին հանդիման, որը մեր պետության, մեր ժողովրդի առաջ է, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, Սփյուռքի»:


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ-ն իր խոսքում նշել է, ո Արամ Առաջին կաթողիկոսը մի քանի օր է, որ արդեն գտնվում է Հայաստանում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և իրենք անդրադարձ են ունեցել եկեղեցուն հուզող հարցերին, խնդիրներին։


Այնուհետև խոսքով է հանդես եկել. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, մասնավորապես, նշելով. «Սիրելի պարոն վարչապետ, ահավասիկ սա մեր երկրորդ հանդիպումն է, և այս անգամ ավելի պաշտոնապես՝ որպես վարչապետ ողջունում եմ Ձեր առաքելությունը։ Իմ սպասումս է, որ ժողովրդի սպասումները, կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն: Եթե կան բևեռացումներ, այդ բևեռացումները պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ: Եվ այս ուղղությամբ եկեղեցու դերը ես շատ կարևոր եմ համարում: Ուրախ եմ, որ Ձեր խոսքի մեջ կարևորությամբ անդրադարձաք եկեղեցու դերին: Վեհափառն ինքն էլ ասաց, որ եկեղեցի-պետություն այս հարաբերությունները, ավելի ճիշտ՝ գործակցությունը, պիտի ասեմ, նկատի ունեմ հրամայական է թե՛ ազգաշինության, թե՛ հայրենակերտումի իմաստով»: