24.11.2024
Մանե Թանդիլյանը ներկայիս իշխանությունը համեմատեց նախորդի հետ
prev Նախորդ նորություն

Ոչ թե «էներգետիկայի զարգացում» այլ՝ «էներգետիկ անվտանգության ապահովում». փորձագետ

Իշխանությունները հայտարարում են Հայաստանի էներգետիկայի զարգացման 2020-2040 թթ. ռազմավարության մշակման մասին, ինչը միանգամայն ողջունելի է: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանի էներգահամակարգի դոկտրինալ կառավարման մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը, ցանկալի կլիներ, որ մշակվող փաստաթուղթը կառուցվեր ոչ թե «էներգետիկայի զարգացում» այլ «էներգետիկ անվտանգության ապահովում» կատեգորիայի հիման վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:


«Վերջինս շատ ավելի բազմաշերտ է ու պարունակում է էներգետիկայի տեխնիկական, տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, սոցիալական ու էկոլոգիական բաղադրիչները: Նման փաստաթուղթ վերջին անգամ Հայաստանում հաստատվել էր 2011 թ., սակայն այսօր այն չի համապատասխանում տարածաշրջանի էներգետիկ շուկաներում առկա դինամիկ զարգացումներին և իր հիմնադրույթներով հադերձ կորցրել է արդիականությունը: Ինչ վերաբերում է պատրաստվող փաստաթղթի բովանդակությանը, ապա աներկբա է, որ այն պետք է իր մեջ պարունակի հետևյալ առանցքային երեք հարցերի պատասխաները.

1. Ի՞նչ կառուցվածք պետք է ունենա Հայաստանի էներգետիկ բալանսը նշված ժամանակահատվածում: Օրինակ, շատ է խոսվում վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին, բայց չի նշվում, թե ինչի հաշվին պետք է ավելանա այս սեգմենտի տեսակարար կշիռը: Չմոռանանք այս համատեսքստում Երևանի ՋԷԿ-ի նոր՝ 250 ՄՎտ հզորությամբ բլոկի կառուցման, ինչպես նաև ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված աշխատանքների իրականացման մասին:

2. Ի՞նչ գործիքներ են կիրառվելու երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքն իջեցնելու համար: Ակնհայտ է, որ սպառման բացասական դինամիկայի պահպանումը, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվաքների արդիականացման համար ներգրավված հսկայական վարկային միջոցները թուլ չեն տալիս այս հարցին ներայումս համակարգային լուծում տալ: Ուստի հակաճգնաժամային միջոցներ են անհրաժեշտ:

3. Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման համար: Այսօր արդեն պարզ է, որ մենք գրեթե կորցրել ենք վրացական շուկան, իսկ Իրանը գնալով ավելացնում է իր էներգետիկ հզորությունները՝ ձգտելով ոչ միայն բավարարել ներքին պահանջարկը, այլ նաև որպես արտահանող հանդես գալ: Միևնույն ժամանակ 2018 թ. սկսվել են Թեհրան-Բաքու-Մոսկվա եռակողմ բանակցությունները էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման մասին: Նույն 2018 թ. գարնանը Ադրբեջանն արդեն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Իրան:

Խնդիրներն, իհարկե, այսքանով չեն սահմանափակվում: Սակայն ըստ իս՝ հենց դրանք են այսօր Հայաստանի էներգահամակարգի աքիլեսյան գարշապարը: Ուստի դրանց պատասխանների արձանագրումը մշակվող ռազմավարության մեջ բացարձակ անհրաժեշտություն է»,- գրել է Դավթյանը: