24.11.2024
Իվանկա Թրամփը խոստացել է Վրաստան այցելել
prev Նախորդ նորություն

Բանակցությունների իմիտացիա. Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են «բարձր մակարդակով ինքնավարության իրավունք» շնորհել Արցախի բնակչությանը:


Ադրբեջանը, չնայած ՀՀ-ի իշխանությունների հետ տարվող բանակցություններին կամ հանդիպումներին, շարունակում է մնալ իր հին դիրքորոշմանը, որը բազմաթիվ անգամ հնչեցվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից` Ղարաբաղի անկախությունը Բաքուն երբեք չի ճանաչելու, այլ միայն պատրաստ է տրամադրել բարձր ինքնավարություն Ադրբեջանի սահմաններում:


Բաքուն շարունակում է իր մաքսիմալիստական դիրքորոշումը բանակցություններում` մադրիդյան սկզբունքների հիման վրա շեշտադրելով միայն այն դրույթները, որոնք ձեռնտու են Բաքվին: Իսկ հանրաքվեի մասին կետը Ադրբեջանում մեկնաբանվում է, որպես լայն ինքնավարության տրամադրում` ադրբեջանցի փախստականների վերադարձից հետո:


Ադրբեջանը փորձում է մադրիդյան սկզբունքներից պոկել առավելագույնը՝ առանց պատերազմի նախնական փուլում ստանալ 7 շրջանները, կազմաքանդելով Արցախի անվտանգության ողջ համակարգը, ինչից հետո թե՛ այդ 7 շրջաններ, թե՛ Լեռնային Ղարաբաղ վերադառնում են ադրբեջանցի փախստականները:


Երկրորդ փուլով` ադրբեջանցի փախստականների վերադարձով, փոխվում է Լեռնային Ղարաբաղի դեմոգրաֆիական դեմքը, իսկ տարիներ անց տեղի ունենալիք հանրաքվեում ձայների մեծամասնությամբ, հաշվի առնելով ադրբեջանցիների ծնելիության մակարդակը, Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, որպես ինքնավարություն:


Բաքուն ցանկանում է վերադառնալ 1988թ.-ին թե՛ սահմանների առումով, թե՛ ժողովրդագրական, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման փոխարեն տրամադրել միայն լայն ինքնավարություն իր սահմանների շրջանակներում:


Մամեդյարովը նաև նշել է, որ իրենք հույս ունեն, թե այս տարի հստակ առաջընթաց կլինի հայկական զորքերը, այսպես կոչված, «Ադրբեջանի գրավյալ տարածքներից» դուրս բերման առումով:

Դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակվում է զինվել և եթե ՀՀ-ի ու ԼՂՀ-ի իշխանությունները չհամաձայնվեն վերոնշյալ սցենարին, ապա Բաքուն ռազմական ագրեսիա է սկսելու Արցախի ու հնարավոր է նաև ՀՀ-ի դեմ:


Այսինքն, Բաքուն բանակցային այս փուլը `թավշյա հեղափոխությունից հետո, օգտագործել է իր ռազմական դիրքերն ամրապնդելու համար թե՛ նախիջևանյան ուղղությամբ, թե՛ 2016թ.-ի ապրիլին ղարաբաղյան ճակատում գրաված որոշակի դիրքերի կահավորման ու ամրապնդման տեսանկյունից, հետագայում դրանք  նոր ագրեսիայի համար մեկնարկային կետեր օգտագործելու նպատակով:


ՀՀ-ի իշխանությունների լավատեսությունը ղարաբաղյան հարցի կարգավորման տեսանկյունից բավականին տարօրինակ է: Ադրբեջանը չի պատրաստվում զիջել ոչինչ, դրա փոխարեն պատրաստվում է կա՛մ բանակցություններով, կա՛մ պատերազմով հետ բերել 7 շրջաններն ու հնարավորության դեպքում նաև Լեռնային Ղարաբաղը` նախկին ԼՂԻՄ-ը:


Չնայած ՀՀ-ի իշխանությունները հայտարարել են, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը չի կարող անգամ քննարկվել, սակայն քանի դեռ բանակցային սեղանին դրված են տխրահռչակ մադրիդյան սկզբունքներն ու հողերի վերադարձման հարցը, Բաքուն անընդհատ սպառնալու է հայկական կողմերին:


ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միակ պատասխանը պետք է լինի տնտեսության ու բանակի ամրապնդումն ու լայնամաշտաբ պատերազմի պատրաստումը: Այդ առումով անհրաժեշտ է օգտագործել նաև նախկին զինվորականների փորձն ու գիտելիքները` ՀՀ-ում ու Արցախում, ու զերծ պահել բանակի բարձրագույն սպայական կազմը քաղաքական հետապնդումներից  պատերազմի նախաշեմին: