Նիկոլ Փաշինյանի ու վերջինիս խոսնակի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել Բաքվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որում նա անդրադառնում է բանակցություններում Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցությանն ու նրա խոսնակի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի անդամները Ադրբեջանի քաղաքացիներ են, ճիշտ մոտեցում է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:
Հիշեցնենք, Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ ՀՀ դիրքորոշումը ներկա պահին հետևյալն է` Արցախը պետք է մասնակցի բանակցություններին:
«Հայկական կողմի հստակ դիրքորոշումն է, որ Արցախը պետք է մաս կազմի բանակցություններին։ Մեզ համար տարակուսելի է, թե ինչու է Ադրբեջանի նախագահը համառորեն հրաժարվում շփվել Արցախի իշխանությունների հետ։ Վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը իրավասու է և ներկայացնելու է Հայաստանի Հանրապետությունը, փոխարենը`չի կարող ներկայացնել Արցախը բանակցություններում։ Հետևաբար, կարծում եմ, շատ տրամաբանական է, որ ուղիղ շփում լիներ Արցախի և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Այս փուլում միգուցե մենք դեռ չենք հասել այդ իրավիճակին, բայց կարծում եմ, որ փնտրտուքներն ու դիրքորոշման հստակեցումն անպայման օգնելու է դրան»,- ասել էր Կարապետյանը:
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, Փաշինյանը ոչ թե պետք է լարի իրավիճակը իր հայտարարություններով, այլ բանակցությունների համար հիմք նախապատրաստի, որոնք նպատակադրված կլինեն կարգավորել հակամարտությունը, ինչը և ընդգծվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ:
«ՀՀ վարչապետի ելույթներից հնարավոր չէ հասկանալ նրա դիրքորոշումը: Մի կողմից նա խոսում է հակամարտության կարգավորման համար խաղաղ միջավայրի ստեղծման անհրաժեշտության մասին, մյուս կողմից, փորձում է փոխել բանակցային գործընթացի ձեւաչափը, փորձելով մեղադրել Ադրբեջանին այն բանի համար, որ երկիրը պատրաստվում է պատերազմի, ոչ թե խաղաղության, «ագրեսիվ հռետորությամբ»: Ճշմարտությունն այն է, որ դա ոչ թե Ադրբեջանի «ագրեսիվ հռետորաբանությունն է», այլ Հայաստանի ագրեսիվ գործողությունները: Ադրբեջանն այսօր բանակցություններ է վարում Հայաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման համար, չնայած հայկական ուժերի կողմից իր տարածքների 20 տոկոսի օկուպացմանը, որի արդյունքում մինչեւ մեկ միլիոն մարդ դարձել է ներքին տեղահանված անձ: Ադրբեջանը խոսում է տարածաշրջանում հակամարտության կարգավորման օգուտների եւ զարգացման մասին», – նշել է Աբդուլաևան:
Նա նաև հավելել է, որ որքան շուտ Նիկոլ Փաշինյանն ընդունի ճշմարտությունը և հաասկանա, թե ինչ օգուտներ կբերի տարածաշրջանին և կոնկրետ իր պետությանը հակամարտության կարգավորումը, այնքան շուտ նա կկարողանա կյանքի կոչել Հայաստանի բնակչությանը խոստացված տնտեսական հեղափոխությունը:
«Այն, ինչ մենք լսել ենք մինչ օրս, ավելի շատ հարցեր է առաջ քաշում, քան նպաստում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելուն: Այդպիսին է ՀՀ ղեկավարության դիրքորոշումը: Եվ այս բոլոր անիմաստ հայտարարությունները, բնականաբար, չեն օգնում հայկական կողմի հորդորներին հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով»,- հավելել է նա: