25.11.2024
Թբիլիսին Աբխազիայի և Հր.Օսիայի մաքսակետերի բացումը ապատեղեկատվություն է անվանել
prev Նախորդ նորություն

Հուսեյնզադեին հետապնդելը ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը. Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը անդրադարձել է Արցախում պատիժը կրած և օրերս ազատ արձակված ադրբեջանցի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեի դեպքին՝ նշելով, նրա ազատ արձակման անհատական օրինակը ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը:


«Մի քանի օր առաջ ազատ է արձակվել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեն, ով երկու տարի առաջ ապօրինի հատել էր Արցախի սահմանը: Իհարկե, դա միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից, բայց նման քայլն առաջին հերթին օրենքի պահանջ էր, քանի որ իր պատիժը կրելուց հետո ցանկացած անձ՝ անկախ ազգությունից, կրոնից եւ քաղաքական աշխարհայացքներից, պետք է ազատ արձակվի:

Բացի դրանից, այսպիսի մոտեցումը համահունչ է նաեւ հայոց ազգային արժեհամակարգին եւ աշխարհայացքին: Մեր ժողովուրդը հայրենասեր է, բայց երբեւիցե նացիստ կամ ֆաշիստ չի եղել, գաղափարներ, որոնք հանդիսանում են Ադրբեջանի պետականաշինության հիմքը:


Իսկ ինչպիսի՞նն էր Ադրբեջանի պատասխանը: Այն ամբողջովին կանխատեսելի էր: Բաքուն միջազգային հետախուզում հայտարարեց նրա նկատմամբ: Ի՞նչն էր պատճառը:

1. Նախեւառաջ այդ անձը ի սկզբանե չի ցանկացել վերադառնալ Ադրբեջան՝ չտեսնելով այնտեղ որեւէ հեռանկար իր ապագայի համար:

2. Անուն-ազգանունից երեւում է, որ Էլնուր Հուսեյնզադեն զտարյուն թուրք չէ:


Այս հանգամանքները ցանկացած ֆաշիստական երկրում բավարար հիմք են հանդիսանում մարդուն հետապնդելու, բանտարկելու եւ սպանելու համար: Այդպիսի օրինակներն Ադրբեջանում բազմաթիվ են:


Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը եւս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը, այնտեղ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարումը, իսլամական արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, պետության ահաբեկչական էությունը»,- գրել է Բաբայանը:


VERELQ-ը նախօրեին տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018 թվականի փետրվարի 9-ի դատավճռով երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ Ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել: