ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը ուժեղ ազդակ կհաղորդի բանակցություններին. ԵԱՀԿ ՄԽ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում:
Համանախագահները նախ առանձին-առանձին հանդիպել են ԱԳ նախարարների հետ, ապա նաեւ համատեղ հանդիպում է եղել: Այդ հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Սա երկու երկրների ԱԳ նախարարների թվով 4-րդ հանդիպումն էր:
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուան ամփոփել է բանակցությունների արդյունքները մասնակիցների հետ: Համանախագահներին ընդունել են Ելիսեյան պալատում:
«Մասնակիցները երկու նախարարներին իրենց երաշխատիգությունն են հայտնել գործադրվող ջանքերի համար՝ ուղղված ինտենսիվ բանակցություններին նպաստող եւ արդյունքներ արձանագրելուն միտված մթնոլորտի պահպանմանը:
Նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ եւ համաձայնել, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել:
Հանդիպման ժամանակ համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են բանակցային գգործընթացի այս փուլի համար հիմնական սկզբունքներն ու պարամետրերը:
Նախարարներն ու համանախագահները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ հնարավոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ հաջորդ քայլերը՝ բանակցություններին ուժեղ ազդակ հաղորդելու համար:
Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարեւորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը:
Համանախագահները նախատեսում են մոտ ժամանակներս հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ»,-ասված է հայտարարությունում: