24.11.2024
Ադրբեջանի դեսպանը ԼՂ հակամարտության արագ կարգավորման հարցում ապավինում է Ռուսաստանին
prev Նախորդ նորություն

ԼՂ հարցում անընդունելին փորձում են դարձնել ընդունելի. ՀՅԴ-ն վտանգավոր միտումներ է տեսնում

Մենք մի կողմ ենք դրել ազգ-բանակ ծրագիրը, ու լրջորեն չենք պատրաստվում պատերազմի, որպեսզի իսկապես խուսափենք պատերազմից։ Այս մասին Հրանտ Մարգարյանը հայտարարել է Ստեփանակերտում  ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ:


Նրա խոսքով, պարտադրված պատերազմ դիմագրավելու համար «մեզ պետք է միասնություն, հայրենասիրություն ու պայքարի ոգի», իսկ այն ինչ քարոզվում է այսօր` այլ բան է: «Կազմակերպված պետություն, հասարակություն ունենալու փոխարեն մեզ հրամցվում են օտարածին ինչ-ինչ արհեստական օրակարգեր։ Կոտրվում է մեր ժողովրդի միասնության, պայքարի ոգին», - ասել է նա։


Մարգարյանի բնորոշմամբ մեծ շփոթ կա, հնարավոր է նաև գիտակցաբար ստեղծվող շփոթ, որպեսզի հետզհետե ընդունելի դառնա անընդունելին: «Ասածս վերաբերում է Արցախյան հարցի շուրջ բանակցություններում մեր դիրքորոշումներին։ Շրջանառության մեջ են դրվել «տարածքներ խաղաղության դիմաց», «տարածքներ անվտանգության դիմաց» բանաձևեր, խոսվում է, թե Արցախը պետք է բանակցի, ապա խոսվում է թե Արցախում իշխանափոխություն պիտի տեղի ունենա։ Իսկ ո՞րն է մեր ռազմավարությունը, ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման փաստը, Արցախի Սահմանադրությունը, որը հաստատվել է ժողովրդական հանրաքվեով։ Արցախի ինքնորոշման փաստի հետ հաշվի նստո՞ւմ է պաշտոնական Երևանը, թե՞ ամեն ինչ նորովի պետք լինի ու քննելի», - նշել է նա։


«Պարզ է՝ քննարկումը առաջին քայլն է, անընդունելին հասկանալի իսկ հետագայում նաև ընդունելի ու նույնիսկ ցանկալի դարձնելու համար։ Բայց մեր ժողովուրդը անգամներ է փաստել՝ Արցախը մերն է ու վերջ։ Մնացածը զուր ջանքեր են։


Կա ընթացք` Արցախն իբրև ինքնուրույն, միասնական ազդակ հայկական քաղաքական իրականությունից դուրս մղելու։ Ճիգ կա ապակայունացնելու Արցախի ներքաղաքական կյանքը, որի միակ նպատակն այն է, որ համահայկական կյանքում Արցախը դադարի ինքնուրույն, միասնական գործոն լինելուց։ Արցախում ևս «սև ու սպիտակ»ի բաժանում են ուզում մտցնել: Ուզում են, որ ոչ ոք Արցախի անունից խոսելու ինքնուրույն իրավունք չունենա, իսկ խոսելու դեպքում, ակամա «սև» կամ «սպիտակ» համարվի։


Արցախը պետք է մնա միասնական, ոչ ոք իրավունք ունի Արցախը սպիտակ կամ սև ներկելու։ Արցախը պետք է մնա ազգային, ինքնուրույն, վճռական հայկական հզոր ազդակ համազգային մեր կյանքում», - նշում է նա։