Հակառուսական գրանտակերները հարվածում են ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանը
Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի եւ դեկտեմբերի 2-ին սպանված Ջուլիետա Ղուկասյանի հիշատակին նվիրված ցույցին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության անդամներ, Հայաստանի մամուլի ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ու մի խումբ քաղաքացիներ մոմավառություն են իրականացրել:
«Ռուսական բանակ, դո՛ւրս ՀՀ-ից», - այսպիսի գրառմամբ պաստառներով էին ցույցի մասնակիցները:
«Հայոց անվտանգությունը կարող է երաշխավորել միայն հայոց բանակը, միայն հայ զինվորն է երաշխիքը մեր անվտանգության, մեր անկախության ու ազատության: Եկեք իրար չխաբենք. երկիրը գաղութացված է եւ մենք հիմա կանգնած ենք այդ գաղութային ուժի ֆորպոստի կողքը: Նրանք բռնատիրության, գաղութատիրության ֆորպոստն են Հայաստանում, որը ցանկանում է լինել անկախ, ցանկանում է տնտեսական, քաղաքական եւ մարդասիրական առումով լինել քաղաքակիրթ աշխարհի հետ միասին»,- հայտարարել է Տիգրան Խզմալյանը:
ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության դեմ պայքարող տարբեր գրանտակեր, սորոսական ուժեր փորձում են թողնել ՀՀ-ին միայնակ`թուրք-ադրբեջանական հարձակման առջև: Ռուսական 102-րդ ռազմակայանը ՀՀ-ի և հայ ժողովրդի անվտանգության ֆունկցիան է իրականացնում: ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս բերումից հետո թուրք-ադրբեջանական հարձակումը ՀՀ-ի դեմ`թե’ Թուրքիայի սահմանից, թե’ Նախիջևանից դեպի Երևան, թե’ Ադրբեջանից` Արցախի դեմ, ուղղակի ժամերի հարց է: ՌԴ-ի ռազմական ներկայությունը զսպում է պանթուրքիստներին ու տարբեր տաք գլուխներին Անկարայում ու Բաքվում ավարտին հասցնել այն հայաջինջ ու ցեղասպան գործողությունները, որոնք իրականացվել են 1915թ.-ին Թուրքիայում, 1988-1990 թթ.-ին`Սումգայիթում ու Բաքվում հայերի դեմ:
ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն ու տնտեսական գործընկերը`ՌԴ-ում բնակվում է մի քանի միլիոնի հասնող հայ համայնքն, ու այսպիսի ակցիաները ռուսական բանակի ու 102-րդ ռազմաբազայի դեմ սեպ են խրում հայ-ռուսական բարեկամական հարաբերություններում: ՀՀ-ի ԱԱԾ-ն պետք է զբաղվի դրսից ֆինանսավորվող այս ուժերի ակցիաներով, որոնք ուղղված են Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ: Հետաքրքրական է, որ այսպիսի հակառուսական ակցիաներն իրականացվում են գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցությունների շարունակման պայմաններում. Մոսկվայի կողմից այսպիսի ակցիաները, որոնք ուղղված են իրենց զինվորականների դեմ, շատ բացասաբար են ընկալվելու ու կարող են ազդել նաև ռուսական գազի գնի բարձրացման վերջնական որոշման վրա`տնտեսությունն ու քաղաքականությունը փոխկապակցված են և մեկը մյուսի շարունակությունն է:
Շատ կարևոր է, որ այսպիսի ուժերը կամ անհանտները ՀՀ-ում փոքրամասնություն են կազմում ու այսպիսի ուժերի մարգինալացումը պետք է դառնա հասարակության մեծամասնության առաջնահերթություններից մեկը` հակառուսականությունը, որը ֆինանսավորվում է Արևմուտքի կողմից, հարվածում է ՀՀ անվտանգությանն ու Արցախին: